Օ’Բրայենի խոսքը Լոս Անջելեսում` դիտորդների մասին եւ ոչ միայն 

Օ’Բրայենի խոսքը Լոս Անջելեսում` դիտորդների մասին եւ ոչ միայն 

Շաբաթ օրը Երեւանում տարածվեց նախօրեին Լոս Անջելեսի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենի խոսքից մի հատված Լեռնային Ղարաբաղում տեղակայվելիք սկանդինավյան խաղաղապահների մասին, ինչպես միշտ` սխալականության չափ աղճատված: Իրականում Օ’Բրայենը սկանդինավյան երկրներից զինվորականներ ԼՂ հակամարտության գոտի բերելու մասին նշել էր ոչ թե ԼՂՀ հակամարտության համապարփակ կարգավորման կոնտեքստում, այլ` ներկա պահին հրադադարի հաստատմանը հետեւելու եւ վերահսկելու: 

Իր բացման խոսքում «սկանդինավյան երկրներից խաղաղապահ դիտորդների մասին» հիշատակումից հետո հանդիպման հարցուպատասխանի հատվածում լսարանից հնչել է լրագրողի հարց, որին պատասխանելիս Օ’Բրայենը մանրամասնել է ԱՄՆ ծրագիրը: Նշյալ հարցին տրված իր ընդարձակ պատասխանում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Օ’Բրայենը արել է եւս մի քանի, նույնիսկ ավելի ուշագրավ հայտարարություններ: Այդ թվում այն մասին, թե ինչու են Վաշինգտոնում վստահ, որ ԼՂՀ հակամարտությունն իրենք հաջողությամբ կհանգուցալուծեն-կավարտեն: Օ’Բրայենն իր պատասխանում ակնարկել է Ժնեւում կամ Վիեննայում ԱՄՆ միջնորդությամբ գումարվելիք հնարավոր խաղաղության բանակցությունների մասին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Նվազ ուշագրավ չէ հանգամանքը, որ Օ’Բրայենը ԼՂՀ հակամարտությունը դիտարկում է հարեւան Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ եղած դիմակայության նմանությամբ: 

Մեր ընթերցողին ամբողջական եւ չաղճատված պատկերացում տալու համար ստորեւ հրապարակում ենք Լոս Անջելեսում հոկտեմբերի 30-ին հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Օ’Բրայենին լրագրողի կողմից տրված հարցը եւ հնչած պատասխանի ամբողջական սղագրությունը: Օ’Բրայենի բացման խոսքը, որն ավելի ընդարձակ է եւ հնչել է հանդիպման սկզբում, ծավալային նկատառումներից ելնելով՝ կներկայացնենք վաղվա համարում: 

Լրագրողի հարցը լսարանից. 

- Պրն Օ’Բրայեն, Դուք Ձեր խոսքում ընդունեցիք, որ Թուրքիան ներգրավված է հակամարտությանը, ինչպեսեւ ջիհադականներն ու ահաբեկիչները: Կա՞ն արդյոք պատժիչ քայլեր, որ Միացյալ Նահանգները պետք է ձեռնարկի ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Թուրքիայի նկատմամբ, օրինակ՝ պատժամիջոցների սահմանում, զենքի մատակարարման արգելք:
Եվ իմ երկրորդ հարցը. երրորդ անգամ հրադադար հաստատելու քննարկումների ժամանակ, նկատի առնելով եղած նախադեպերը, Միացյալ Նահանգները քայլեր ձեռնարկե՞լ է դիտորդներ ներգրավելու կամ իրադրությունը մեղմելու ուղղությամբ, որպեսզի հրադադարը պահպանվի:
Եվ ի՞նչ է կատարվում այսօր Ժնեւում, եթե կարող եք մեկ նախադասությամբ հաղորդել: 

Պատասխան.

- Այո, թույլ տվեք ես առաջինը պատասխանեմ հրադադարի վերաբերյալ հարցին: Մենք կարծում ենք, որ առաջընթաց ենք գրանցել դիտորդների առումով, որոնց հնարավոր կլիներ ներգրավել, եւ դա բարդ իրավիճակ է: Երկու կողմերը տարբեր դաշնակիցներ ունեն, հետեւաբար, մենք պետք է այստեղ բերենք մեր չեզոք խաղաղապահներին: 

Մենք կարծում ենք, որ Սկանդինավիայից եկող խաղաղապահները` Դանիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Նորվեգիայից, երկու կողմերին էլ կբավարարեն: Նրանք շատ արդյունավետ զինվորականներ են, կարողունակ են, շատ վարժ են: Եվ մենք հենց այս պահին աշխատում ենք այդ կառավարությունների հետ, որպեսզի տեսնենք՝ կարողանո՞ւմ ենք արդյոք ձեւավորել ուժ, որը մուտք գործի որպես դիտորդական ուժ, սպառազինված դիտորդական ուժ եւ հավելյալ կարողականություն տա հրադադարին (We think that we have made progress on type of observers that could be involved and it’s a complicated situation. Both sides have different allies and so we have to bring in our neutral peace-keepers. We think the peace-keepers from Scandinavia – from Denmark, Sweden, Finland, Norway would meet the needs of both parties. They are very efficient solders, they are capable, they are well trained. And so we are working with those governments right now to see if we can put together a force that could come in as an observer force, an armed observer force and lend some more muscle to a ceasefire.)։

Ինչ վերաբերում է պատժամիջոցներին եւ նման կարգի քայլերին, պետք է նայել, թե ինչ հնարավորություններ ունենք: Իբրեւ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ մենք յուրահատուկ իրադրությունում ենք գտնվում, որովհետեւ մենք խոսում ենք Ադրբեջանի հետ, Ադրբեջանի` որպես պետության հետ ունենք հարաբերություններ եւ մենք Հայաստանի հետ՝ որպես պետության, ունենք հարաբերություններ: Մյուս համանախագահները կարող են եւ մեր նույն իրավիճակում չլինել: Մենք դիտարկվում ենք որպես չեզոք կողմ եւ ջանում ենք հնարավորինս ուշադիր լինել, որպեսզի որքան էլ անհանգստացած ենք մենք հակամարտության լարումից, որքան էլ անհանգստացած ենք Հայաստանում մեր բարեկամների համար, այդուհանդերձ, ջանում ենք չեզոքության որոշակի աստիճան պահել: 

Այդպես ենք վարվում, որովհետեւ գուցե վերջին հնարավորությունը մենք ունենք՝ կողմերին միմյանց մոտ բերելու Ժնեւում կամ Վիեննայում, կախված նրանից, թե բանակցությունները որտեղ կկայանան, եւ լինելու ազնիվ միջնորդ, որն ի զորու է խաղաղություն հաստատել: Եվ սա այն է, ինչ ցանկանում է տեսնել նախագահը (That’s because we may be the last opportunity to bring the parties together in Geneva or in Vienna, depending on where the talks will take place and be an honest broker that can facilitate peace. And that’s what the President wants to see.)։ 

Ես սա ասել եմ նաեւ նախկինում, իմ կարծիքով՝ նախագահ Թրամփի ժառանգությունը լինելու է խաղաղարարի ժառանգություն:  Դուք տեսաք Աբրահամի համաձայնագրերի օրինակով ինչպես Բահրեյնը, Միացյալ Էմիրությունները եւ Սուդանը խաղաղություն հաստատեցին Իսրայելի հետ: Եթե նրանք կարող են խաղաղություն հաստատել, Ադրբեջանը եւ Հայաստանն էլ կարող են խաղաղություն հաստատել: Մենք տեսանք, թե ինչպես Միացյալ Նահանգները խաղաղության համաձայնագրի հասան Թալիբանի հետ, եւ մենք փետրվարից ի վեր, երբ ստորագրվեց համաձայնագիրը, այլեւս բախումներ չենք տեսել Աֆղանստանում: Հետեւաբար, եթե մենք կարող ենք այդ ճակատում առաջընթաց ունենալ՝ ի դեմս վերահսկելի համաձայնագրի, կարող ենք առաջընթացի հասնել նաեւ Ադրբեջանում եւ Հայաստանում: 

Մենք տեսանք, որ Կոսովոյում եւ Սերբիայում, որտեղ նմանատիպ հակամարտություն է, ինչ տեսնում ենք Կովկասում, հենց վերջերս մենք հասանք տնտեսական կապերի լիարժեք կարգավորման համաձայնագրի Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ (I’ve said this before I think the legacy of President Trump is going to be a legacy of peace-maker. As you’ve seen it with Abraham Accords between Bahrain and the UAE, and Sudan making peace with Israel - if they can make peace, Azerbaijan and Armenia can make peace. We have seen the United States into a peace agreement with the Taliban and we haven’t seen combat in Afghanistan since February, since that agreement was signed. So if we can make progress on that front which is a tractable contract, we can make progress in Azerbaijan and Armenia. We’ve seen in Kosovo and Serbia - which is a similar conflict as we’ve seen in Caucasus – we just obtained an agreement for full economic normalization between Serbia and Kosovo.)։  

Այսպիսով, նախագահը տպավորիչ ժառանգություն է ստեղծել: Բացատրություններից մեկը, թե նա ինչպես է կարողացել դա անել, հանգամանքն է, որ երբ նախագահը խոսում է, կողմերը գիտեն, որ դրան հետեւում է գործը: Մեկ այլ բացատրությունը, թե ինչպես է այդ ամենը հնարավոր եղել, այն է, որ մենք հետզհետե հասել ենք իրականություն, որտեղ տարբեր կողմերը մեզ ընկալում են որպես ազնիվ միջնորդ: Եվ մենք ջանում ենք շատ ուշադիր լինել այս հարցում, որպեսզի չընկալվենք որպես այս կամ այն կողմին հարող, այլ փորձենք խաղաղություն հաստատողի դերը կատարել: Սա է նախագահի մտադրությունը: 

Եվ սա նշելով, ինչպես քիչ առաջ ինքս ասացի, եւ դուք նույնը սենատոր Լիից լսեցիք, որը մեր հեղինակավոր սենատորներից մեկն է. Վաշինգտոնում, այս վարչակազմում, երկրի Կոնգրեսում մեծ համակրանք եւ կապվածություն կա մեր հայ բարեկամների, ամերիկահայ բարեկամների հանդեպ, հետեւաբար՝ մենք անհանգստացած ենք, մեր սիրտը ցավում է այս ողբերգության համար: Բայց մենք կարծում ենք, որ այս պահին մեր լավագույն օգնությունը խաղաղարարի դերը կատարելը, խաղաղություն հաստատելն է: