«Հրապարակ». ՔՊ-ական «ձկնորս» պատգամավորն օգնության է հասել համագյուղացիներին

«Հրապարակ». ՔՊ-ական «ձկնորս» պատգամավորն օգնության է հասել համագյուղացիներին

«Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում կրքերը չեն հանդարտվում եւ չեն հանդարտվի այնքան ժամանակ, մինչեւ բոլոր ձերբակալվածներին ազատ չարձակեն»,- մեզ հետ զրույցում ասացին նորատուսցիները, որոնք երեկ ողջ օրը փակել էին Երեւան-Սեւան մայրուղին եւ բողոքի ակցիա էին անում` ձկան որսի արգելքի դեմ:
Օրեր առաջ էին դեռ ձկնորսները սիգի որսի արգելքի պատճառով դուրս եկել բողոքի՝ փակելով Երեւան-Սեւան մայրուղին: Այդ օրը ձկնորսների հետ հանդիպել էին պաշտոնատար անձինք եւ պայմանավորվածություն էին ձեռք բերել, որ մինչեւ դեկտեմբերի 25-ը որսն անեն, իսկ 25-ին ձկնորսները հավաքեն իրենց ցանցերը լճից` որսը դադարեցնելով: Եվ քանի որ առջեւում Ամանոր է, ձկան որսն էլ այս հատվածների բնակիչների եկամտի գրեթե միակ աղբյուրն է, մարդիկ, հավատալով, որ մինչեւ դեկտեմբերի 25-ը ժամանակ ունեն, դեկտեմբերի 19-ին` ամեն օրվա պես, լիճ են մտնում, որ ձուկ որսան, սակայն հանդիպում են ջրային պարեկներին, ովքեր արդեն իսկ լճից դուրս էին բերում ձկնորսների ցանցերը: Վեճ ու ծեծկռտուք է սկսվում է: Այն թեժանում է, երբ ջրային պարեկների մեծ նավը հարվածում է ձկնորսներից մեկի՝ Հովհաննեսի նավին: Գյուղացու նավը խորտակվում է, բարեբախտաբար, Հովհաննեսի կյանքը հաջողվում է փրկել: Նորատուսցիներին փորձում է այս իրավիճակից փրկել իրենց իսկ գյուղից ընտրված ՔՊ-ական պատգամավոր` նախկին ձկնորս Նարեկ Գրիգորյանը:

Նարեկ Գրիգորյանին երեկ հարցրինք՝ ինչպե՞ս է պատրաստվում օգնել գյուղացիներին, որոնք, փաստորեն, օրենք են խախտում` այս շրջանում արգելված է ձկան որսը, իսկ նրանք շարունակում են որսալ եւ բողոքել այդ արգելքի դեմ։ «Այս խնդիրը պետք է ստանա իրավական լուծում, վերջնական լուծում, որ մարդիկ օրինական մտնեն, օրինական ձկնորսություն անեն, կլինի՞ մի քիչ ուշ զանգեք, նոր խոսենք»:

- Պարո՛ն Գրիգորյան, մինչեւ դեկտեմբերի 25-ը պայմանավորվածություն է եղել գյուղացիների եւ պաշտոնյաների միջեւ: Ինչո՞ւ այսպես ստացվեց` նախարարությունն իր խոստումը չպահեց:

- Ճիշտն ասած՝ չգիտեմ ինչ պայմանավորվածություն է եղել, դրանից ես տեղյակ չեմ:

 - Իսկ ինչի՞ց եք տեղյակ, Դուք ի՞նչ եք խոսել գյուղացիների հետ, գյուղացիներն ի՞նչ են Ձեզ պատմել: Որպես ՔՊ պատգամավոր՝ այս պահին ի՞նչ եք պատրաստվում անել, չէ՞ որ Ձեր համագյուղացիներից տասնյակից ավելի մարդ ձերբակալված է:

- Ամեն ինչ ձեռնարկել եմ, խոսել եմ ոստիկանության հետ, հիմա էլ պատրաստվում եմ գնալ ձերբակալվածներին տեսնել: Գյուղացիների հետ մշտապես զրուցել ենք, հիմա էլ քննարկում ենք՝ հասկանալու համար վերջնական արդյունքը:

- Գյուղում ծեծկռտուք է եղել, եւ իրավիճակը թեժացել է այն բանից, երբ ձկնորսներից մեկի նավը խորտակվել է, բայց ձկնորսի կյանքը հաջողվել է փրկել: Լրացուցիչ ինչ-որ բան գիտե՞ք այդ մասին:

- Ես գիտեմ այնքանը, որքան Դուք գիտեք: Խնդրում եմ՝ այս պրոցեսը վերջանա, զանգեք, բոլոր հարցերին կպատասխանեմ:

- Ժամանակին Դուք էլ ձկնորս եք եղել, բախտի բերմամբ դարձել եք պատգամավոր, պատկերացրեք, որ պատգամավոր չեք` ձկնորս եք, այդ պարագայում ի՞նչ կանեիք:  

- Չեմ կարող ասել, այդ պահին իրավիճակը կթելադրեր, թե ինչ անեի: Ես ինչ արել եմ, արել եմ որպես նորատուսցի, ինչ անում եմ, անում եմ որպես նորատուսցի, ինչ անելու եմ, անելու եմ որպես նորատուսցի, բայց նաեւ չշրջանցելով օրենքը: