Աղետալի ֆիասկո

Աղետալի ֆիասկո

Կարո՞ղ ենք արդյոք Նիկոլ Փաշինյանի հակասական կերպարի կոնտեքստում դիտարկել այն փաստը, որ մի կողմից նա ասում է, որ Արցախի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, եւ Արցախի իշխանությունները պետք է բանակցային կողմ դառնան, իսկ ՀՀ կառավարության գրեթե բոլոր նիստերում, արտերկրյա ուղեւորությունների ժամանակ ելույթներ է ունենում Արցախի թեմայով եւ հայտարարություններ անում, որոնք անմիջականորեն շոշափում են Արցախի շահերը:

Բացի այդ` բոլոր բանակցություններում Արցախի հետ կապված քննարկումներին մասնակցում են ՀՀ բարձրաստիճան ներկայացուցիչները եւ, ըստ էության, ներկայացնում Արցախը, ու հենց նրանք են նրա ապագան որոշում: Ի վերջո, դու կա՛մ 2 հայկական պետությունների շահերն ես պաշտպանում եւ նրան ներկայացնում դրսում, կա՛մ հրաժարվում ես նրանց ղեկավարը կոչվելու իրավունքից: Մանավանդ՝ եթե բանը հասել է նրան, որ արդեն ոչ թե Հադրութը հետ բերելու մասին ենք մտածում եւ Արցախի` ԼՂԻՄ-ի սահմաններում ինքնիշխանության ապահովման, այլ 29 հազար 800 կիլոմետր Հայաստանն էլ չենք կարողանում պահպանել, եւ բանակցությունների սեղանին արդեն ինքնիշխան Հայաստանի հարցն է դրված, կնշանակի՝ դու ձախողվել ես բոլոր պարամետրերով եւ բոլոր հարցերում:

Եթե 3 տարվա ընթացքում այնքան ենք գլորվել, որ «Արցախը Հայաստան է, եւ վերջ» բղավող վարչապետից պահանջում են ասել «Արցախն Ադրբեջան է», եւ նա անուղղակի կերպով այդ բառերն արտաբերում է, կնշանակի՝ ձախողումը ոչ միայն կատարյալ է, այլեւ աղետալի ֆիասկո, որի յուրաքանչյուր հաջորդ օրը հաստատում է որպես վարչապետի՝ նրա լիակատար անընդունակությունն ու անպիտանությունը: Այս պայմաններում ձեւացնել, թե ոչինչ չի եղել, իսկ կատարվածն էլ իր մեղքով չէ, դուրս է տրամաբանության եւ բարոյականության բոլոր չափումներից: