Ինչո՞ւ են նվազեցրել «Նորք Մարաշ» սրտաբանականի ֆինանսավորումը

Ինչո՞ւ են նվազեցրել «Նորք Մարաշ» սրտաբանականի ֆինանսավորումը

Կազմակերպությունների՝ 2019 թվականի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման պայմանագրային գումարների նախագծով որոշվել է «Նորք-Մարաշ» սրտաբանականի պետպատվերը նվազեցնել՝ 1 միլիարդ 46 միլիոնից դարձնելով 941 միլիոն՝ չնայած որ այն պետական բժշկական կենտրոն է։

Առողջապահության նախարարությանը խնդրել էինք պարզաբանել, թե ի՞նչ հիմքերով է նվազեցվել ԲԿ-ին տրավադրող գումարի չափը։ Նախարարությունից պարզաբանել են հետևյալ կերպ․ ««Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի 2018 թվականի ֆինանսավորումը կազմել է 1,001,761.0 հազար դրամ, 2019 թվականի պայմանագրային գումարը 941,254.0 հազար դրամ: Պայմանագրային գումարների հաշվարկը իրականացվել է վերը նշված որոշմամբ սահմանված կարգով(2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշում․ խմբ․ ): Սակայն հաշվի առնելով կազմակերպությունում ձեռնարկած նոր միջոցառումները և դրանց արդյուքում հիվանդների դիմելիության ավելացումները (դրան փաստում է նաև վճարովի հիմունքներով իրականացվող բժշկական օգնության ծավալների կրկնապատկումը), հիվանդների հոսքից կախված տարվա ընթացքում սահմանված կարգով կիրականացվեն պայմանագրային գումարների ավելացումներ:

Խնդրել էինք նաև տրամադրել ԲԿ-ների ներկայացրած հայտադիմումները, սակայն մեզ մերժել են՝ ասելով, որ չեն կարող դրանք տրամադրել․ «Ինչ վերաբերում է բժշկական կազմակերպությունների կողմից ներկայացվող հայտադիմումներին, հայտնում եմ, որ դրանք ծավալուն փաստաթղթեր են և տվյալներ են պարունակում (այդ թվում ֆինանսական) բժշկական կազմակերպության վերաբերյալ: Առաջարկում եմ դրանց ստացման նպատակով դիմել բժշկական կազմակերպություններին»։