ԱԺ-ում էլ են ասելու «քուանշ», բայց 18 հոգով

ԱԺ-ում էլ են ասելու «քուանշ», բայց 18 հոգով
էդմոն Մարուքյան

«Հրապարակի» հարցազրույցը  «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ.

-Պարոն Մարուքյան, այսօր Երևանի քաղաքապետարանում ԼՀԿ-ն Հայկ Մարությանին ասաց՝«քուանշ», արդյո՞ք ընդդիմության շրջանակներում սա այն ոճն ու մարտավարությունն է լինելու, որ հետայսու ունենալու եք։

«Քուանշ»-ը քաղաքականության մեջ նոր բառ չէ։ Եթե չեմ սխալվում՝ մի անգամ էլ գլխավոր դատախազին խորհրդարանում «քուանշ» տվեցին, թե ով, չեմ էլ հիշում։ Բայց ուզում եմ ասել հետևյալը․ եթե ինչ-որ մարդկանց համար նորություն է, որ «Լուսավոր Հայաստան»-ը ընդդիմադիր քաղաքական միավոր է, պիտի հիասթափեցնեմ, որովհետև մենք մինչև էդ էլ ենք ընդդիմություն եղել։ Ու ամբողջ քարոզարշավի ընթացքում մենք ասում էինք, որ մենք լինելու ենք ընդդիմություն։

-Բայց նաև  ձեզնից Նիկոլ Փաշինյանի դաշինք հեռացած Հայկ Կոնջորյանն այն ժամանակ, ԼՀԿ անունից, ասում էր՝ «մենք նույն դիրքերում ենք, ուղղակի տարբեր կետերից ենք նայում»։

- Խնդրում եմ՝ ԼՀԿ պաշտոնական կարծիքը մի խառնեք ինչ-որ մարդկանց հայտարարությունների հետ։ Մենք ասել ենք, որ մինչև հեղափոխությունն իր ավարտին չհասցվի, այսինքն՝ մինչև խորհրդարանական ընտրությունները մենք աջակցում ենք այդ գաղափարների, արժեքների հաստատմանը։ Ընտրությունները տեղի են ունեցել, այլևս չկա հեղափոխություն ու հեղափոխության վտանգ։ Եվ հիմա արդեն կա՝ Հայաստան՝ իր պրոբլեմներով, 70 տոկոսանոց քաղաքական մեծամասնություն և կան  ընդդիմադիր ուժեր։ Հիմա՝ «Լուսավոր Հայաստան»-ը այսօր Հայաստանում․․․ երրորդ ուժն է և ընդդիմադիր ուժ է։ Եվ մենք ողջ քարոզարշավին ասել ենք, որ դեկտեմբերին 9-ին ՀՀ քաղաքացին ընտրելու է ընդդիմություն։  Հիմա մենք մեր գործառույթներն ու առաքելությունն ենք իրականացնում և ոչ թե արհեստական ենք իրականացնում, այլ սկզբունքորեն․ ինչի հետ համաձայն չենք, ասում ենք՝ համաձայն չենք, դրանից այլ ենթադրություններ պետք չէ։ Առողջ քաղաքական համակարգի համար ունենալ առողջ բանավեճեր և դա առանց ընդդիմության չի կարող լինել։ Եվ եթե մարդիկ բան են խոստացել ու էսօր չեն անում և եթե այնպիսի բյուջե են բերել, որն ավելի վատն է, քան այն ժամանակ ներկայացված բյուջեները, ի՞նչ է, մեր ներկայացուցիչները պետք է բերանները ջուր առած նստեին, լսեի՞ն։ Եթե որևէ մեկը նման բան է ակնկալել, խորը հիասթափություն է սպասում։

-Վերջերս Արա Պապյանը, ով անվերապահորեն աջակցում էր հեղափոխությանը, ասել էր, թե իր պարտքն է համարում շատ խոսել, քննադատել, քանի որ բոլոր խոսողները, քաղհասարակության ներկայուցիչները մտել են Փաշինյանի ցուցակ և լռում են։ Ի՞նչ կասեք։

-Ձանգեք՝ հարցրեք քաղհասարակության ներկայացուցիչներին, ես վերջերս չեմ հասցնում հետևել, թե ինչ հարցերով են խոսում կամ ոչ։

-Ձեր ասածից կարելի՞ է ենթադրել, որ ԱԺ-ում ավելի թեժ է լինելու, քան քաղաքպետարանում։

Ավելի թեժ կլինի, որովհետև Երևանի քաղաքապետարանում ունենք 3 ներկայացուցիչ, Աժ-ում ՝ 18։