Ընդդիմությունը ստուգարքը կհանձնի՞

Ընդդիմությունը ստուգարքը կհանձնի՞

Խորհրդարանական ընդդիմությունը հերթական ստուգարքն է հանձնելու, որից պարզ կդառնա, թե ինչքանով են ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը»։ Նրանց խոսքը գո՞րծ է, թե՞ խորհրդարանում միայն ճառ ասողներ են, զանգ կախողներ չկան։ Կամ՝ երբ հերթը հասնում է զանգ կախելուն, նրանք նժարին են դնում անձնական հարցերը, ասենք՝ գործարքի են գնում իշխանությունների հետ, իրենց «լռության ու հնազանդության» դիմաց վարձք ստանում։ Ստուգարքի թեման հանրաքվեն չեղարկելու որոշումն է։

Հայտնի է, որ խորհրդարանի դատին է ներկայացվել իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանի օրենսդրական նախագիծը, որով առաջարկում է ԱԺ-ին շնորհել հանրաքվեի վերաբերյալ որոշումը չեղարկելու հնարավորություն։ Նախագծի քննարկումը դեռ չի ավարտվել, առաջին ընթերցումով էլ դեռ չի ընդունվել, բայց, դատելով իշխանականների մարտական տրամադրվածությունից, դրա ընդունումն օրերի հարց է։ Ընդդիմադիրները ներկայացված նախագծի մասին ԱԺ-ում ջախջախիչ ելույթներ ունեցան՝ հատկապես շեշտելով Սահմանադրության հետ խնդիր ունենալու հարցը, քանզի մայր օրենքը հանրաքվեն չեղարկելու հնարավորություն չի տալիս, առավել եւս սահմանադրական մի մարմին՝ այս պարագայում ԱԺ-ն, չի կարող ուզուրպացնել մեկ այլ ինստիտուտի՝ նախագահի լիազորությունները եւ չեղարկել նրա ընդունած որոշումները։ Բայց քանի որ իշխանություններին Սահմանադրական դատարանի հարցը, հատկապես Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը հանգիստ չեն տալիս, նրանք պատրաստ են տարբեր կողմից «բռնաբարել» մայր օրենքը, միայն թե արդյունքում ծնվի իրենց երազանքների ՍԴ-ն։
Արդյոք խորհրդարանական ընդդիմությունը հանցավոր անգործություն կդրսեւորի՞ այս հարցում էլ եւ ընդունվելիք օրենքի սահմանադրականության հարցը չի վիճարկի բարձր դատարանում՝ բավարարվելով այդ մասին միայն քննադատական ելույթներով։ Ամեն դեպքում, ՍԴ դիմելու հնարավորություն երկու սուբյեկտ ունի՝ ԱԺ պատգամավորների 1/5-ը կամ 27 պատգամավոր, իսկ ԲՀԿ-ն մենակ այդքան պատգամավոր ունի, եւ երկրորդ՝ ՀՀ նախագահը։ 

Հետաքրքիր է, որ ԼՀԿ-ում եւ ԲՀԿ-ում գոնե այս պահին՝ անգամ ԱԺ-ում հանրաքվեն չեղարկելու հարցով իշխանության դեմ մղած թեժ մարտերից հետո էլ չկա վճռականություն ՍԴ դիմելու հարցում։ ԲՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իրենք այդ քայլը չանելու դիմաց կպահանջեն որոշ քրեական գործերի կարճում կամ Սեդրակ Առուստամյանի ազատությունը, վերջում էլ կասեն, թե քանի որ հարցը քաղաքական է, իրենք չեզոքություն են պահպանում։ Պատգամավոր Շաքե Իսայանը պաշտոնապես հայտնեց՝ հարցը խմբակցությունում չեն քննարկել, հետեւաբար, ո՛չ կարող է հերքել, ո՛չ բացառել ՍԴ դիմելու հնարավորությունը։ «Ես չեմ հիշում, որ մեր խմբակցությունը տված լինի «հակասահմանադրական» որակումը, բայց ես իմ անունից կարող եմ ասել, որ, այո, Սահմանադրությունը չի նախատեսում նման հնարավորություն, մեխանիզմ, մենք կարող ենք հանրաքվեի որոշումը հետաձգել, բայց ոչ չեղարկել, ներկայացրել ենք նաեւ առաջարկներ հետաձգելու մասին»,- ասաց Իսայանը։ Ապա հավելեց․ «Ինչ վերաբերում է՝ կդիմենք ՍԴ, թե չենք դիմի, այս պահին չեմ կարող ասել, երբ կընդունեն, կխոսենք»։

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ առաջարկեց թեմայի շուրջ խոսել այն ընդունելուց հետո։ «Իսկ դուք վստա՞հ եք, որ այն կընդունեն, կամ նախագահը կստորագրի»,- հռետորական հարցադրում արեց նա։ Ապա ասաց, որ չեն քննարկել․ «Մենք ՍԴ դիմելու օրակարգ չունենք, չենք քննարկել»։ Բայց եթե այն հակասահմանադրական է, թույլ կտա՞ք, որ նման օրենք գործի։ «Դեռ մենք չգիտենք՝ վերջնական ինչ տեսքով այն կընդունվի»։ Եթե ընդունվեց ներկայացված տարբերակով, որո՞նք են Ձեր գործողությունները։ ««Եթե»-ներով հարցին չեմ ուզում պատասխանել»։ Նկատեցինք, որ խորհրդարանական ընդդիմության մասին արդեն կարծիքներ են կարծրանում, որ հնազանդ են, միայն խոսում են, բայց երբ հերթը գալիս է գործելուն, հետ են քաշվում։ «Մենք հասել ենք այն մակարդակին, որ ցանկացած այդպիսի խոսակցություն կարող ենք իգնոր անել, դա մեր օրակարգի վրա չի ազդի»։ Այսինքն՝ երբ խորհրդարանն ընդունում է հակասահմանադրական նախագիծ, ու իրեն ընդդիմություն հռչակած ուժն աչք է փակում այդ փաստի վրա, դա նորմա՞լ է։ «Ես չեմ ուզում դեպքերից առաջ ընկնել՝ եթե, ապա․․․ եւ այլն։ Ընդունվե՞լ է նման նախագիծ․․․ միգուցե փոփոխություններ են արվում, ադապտացվում են Սահմանադրության հետ»,- հույս հայտնեց Մարուքյանը։ 

Տեղեկություններ կան, որ եթե խորհրդարանն այս տեսքով ընդունի նախագիծը, մեծ է հավանականությունը, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրի օրենքը եւ այն կուղարկի ՍԴ։ Դա կանի ոչ թե այն պատճառով, որ որոշել է արդեն ինքնուրույն դառնալ եւ չդակել ամենաաղմկոտ ու անօրինական օրենքները, որոնց ստորագրումը պարտադրվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, այլ այն պարզ պատճառով, որ այս նախագիծը նախեւառաջ իր դեմ է, եւ ԱԺ-ն, ըստ էության, հնարավորություն է ստանալու խլել Սարգսյանից իր առանց այն էլ նվազ լիազորությունների մի մասն էլ։