Զատուլինի մուտքն արգելելը քաղաքական դիկտատուրայի ակտ է․Մոդեստ Կոլերով

Զատուլինի մուտքն արգելելը քաղաքական դիկտատուրայի ակտ է․Մոդեստ Կոլերով

«Regnum» ռուսական ինֆորմացիոն հարթակի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը համարում է, որ արգելելով ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան, Փաշինյանի ռեժիմը ցույց է տալիս, որ իրեն այլևս պետք չէ Ռուսաստանը, պետք չեն խնդիրների ազատ քննարկումներ։ «Մենք վաղուց ենք հետևում Փաշինյանի էվոլյուցիային, և հիմա արդեն կարող ենք արձանագրել, որ նա հասել է տրամաբանական մի կետի, երբ Ռուսաստանը նրան այլևս պետք չի», - ասում է  քաղաքագետը, 

Հիշեցնենք, որ Վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթը՝ «Հայկական ժամանակ»-ը, այսօր սենսացիոն տեղեկություն է հրապարակել՝ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։

Որպես պատճառ նշվում է այն, որ իր հրապարակային հարցազրույցներում Զատուլինը մեղադրել է ՀՀ իշխանությանը 44-օրյա պատերազմի պարտության համար և «ներխուժելով Հայաստանի ներքաղաքական կյանք» ասել է, որ Փաշինյանը պետք է հեռանա, իսկ «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում մեղադրել է վարչապետին ՀՀ սուվերեն տարածքով «միջանցք» ստորագրելու համար։ 

Մոդեստ Կոլերովը սա դիտարկում է որպես «քաղաքական գրաքննության ակտ»։ «Սա քաղաքական գրաքննության ուղղված գործողություն է, ավելին՝ սա քաղաքական դիկտատուրայի ակտ է, որովհետև այն տեսակետը, որ Փաշինյանը պետք է գնա, սովորական կարծիք է, ոչ մի արտառոց բան այդտեղ չկա։ Յուրաքանչյուր անձ իրավունք ունի այդպես մտածել։ Երկրորդ՝ պետք է շատ լավ հասկանալ, որ Զատուլինը Ռուսաստանում Հայաստանի գծով ամենագլխավոր փորձագետներից ու լոբբիստներից է, իսկ դա նշանակում է, որ Փաշինյանի ռեժիմին այլևս պետք չէ բարեկամական Ռուսաստանը, որ Փաշինյանի ռեժիմն արդեն կատարել է իր ընտրությունը, կատարել է դեմոնստրատիվ, կոպիտ ձևով»։