Քննարկում են հիվանդացածներին ազատելու հարցը

Քննարկում են հիվանդացածներին ազատելու հարցը

Առողջապահության նախարարությունը պատրաստվում է հակաքովիդային կանոնների մեղմացման գնալ: Մեր տեղեկություններով, այս պահին նախարարությունը քննարկում է, որ 3 ամիս առաջ հիվանդացածները կարող են չպատվաստվել ու ՊՇՌ թեստավորում չանցնել: Նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանի հետ երկու օր կապ հաստատել չէր հաջողվում: Այնպես, որ կարծեցինք, թե նրան ազատել են աշխատանքից: Իսկ երեկ նա մեծ դժվարությամբ վերջապես պատասխանեց մեր հարցին: Նախ՝ ասաց. «Նման բան չկա»: Ապա արդեն քիչ անց խոստովանեց. «Որոշում չկա: Եղել է սովորական աշխատանքային քննարկում»:

Եթե նման բան որոշվի, ապա քաոսն ավելի կխորանա` հիմա էլ սկսելու են տեղեկանքներ ներկայացնել հիվանդանալու մասին, ստուգողներն են խճճվելու թղթերի տարափի մեջ, տնօրենները: Եվ եթե նման բան հնարավոր էր, կարելի էր ընդամենը մի քանի ամիս առաջ քննարկել եւ որոշել: Սա եւս խոսում է կառավարման ոլորտում տիրող անկազմակերպ ու թափթփված վիճակի մասին, որը տիրում է բոլոր համակարգերում, այդ թվում` առողջապահության:

Ի դեպ, Լիտվայի կառավարությունից Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերված ամերիկյան «Մոդեռնա» ընկերության 50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութն արդեն հասել է Հայաստան: Բաշխումից հետո ներկրված խմբաքանակը հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում եւ շարժական պատվաստումային կետերում: Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սպայկվաքս» պատվաստանյութը եւս նախատեսված է 18 եւ բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար: