Պետք չէ խեղաթյուրել պատմությունը․ Իրանի ԱԳՆ-ն՝ Ալիևին

Պետք չէ խեղաթյուրել պատմությունը․ Իրանի ԱԳՆ-ն՝ Ալիևին

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին իր հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է, մասնավորապես, վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական քաղաքական և տեղեկատվական դաշտում հակաիրանական հայտարարությունների աճին, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին առ այն, որ Իրանի թյուրքալեզու բնակչությունը կտրվել է Ադրբեջանից։

Նա հիշեցրել է, որ Իրանում Ադրբեջանի դեսպանին այս առիթով անցած շաբաթ կանչել են երկրի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է ներկայացվել։

«Իրանի քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և հարևան երկրների հետ համագործակցության ընդլայնման վրա։ Ադրբեջանն այս հարցում բացառություն չէ։ Բայց ոչ ոք իրավունք չունի սխալ մեկնաբանելու Իրանի այս քաղաքականությունը։ Նման «աննշան քամիներից» Իրանի դիրքորոշումն ավելի էմոցիոնալ չի դառնում, հետևաբար, ոչ ոք չպետք է Իրանի լռությունն ու համբերությունը ընկալի որպես թուլություն»,- ասել է Քանանին։

Նա հավելել է, որ Ադրբեջանի առնչությամբ Իրանի կողմից փոխադարձ գործողությունների բացակայությունն ու լռությունը՝ Իրանի պատիվն է։ Քանանին ընդգծել է, որ տարածաշրջանի երկրների պատմությունը թափանցիկ է և չի կարող խեղաթյուրվել՝ խորհուրդ տալով ճիշտ ուսումնասիրել պատմությունը։