«Հրապարակ». Մոսկվայի ճարահատյալ քայլը

«Հրապարակ». Մոսկվայի ճարահատյալ քայլը

Ամերիկյան հովանավորությամբ ընթացող Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը Վաշինգտոնից պարբերաբար հնչող լավատեսական հայտարարություններից այն կողմ չի անցնում, կարող է տեղափոխվել մոսկովյան հարթակ, եթե Երեւանը դրան համաձայնի։

Տարածաշրջանի զարգացումներին կողքից հետեւողի դերում հայտնված ռուսական կողմն ԱԳՆ խոսնակ Զախարովայի միջոցով երեկ հայտարարեց, թե Մոսկվան պատրաստ է բանակցային հարթակ լինել Հայաստանի ու Ադրբեջանի համար։ «Պատրաստ ենք այսուհետ եւս մեր հարթակը տրամադրել՝ կողմերի համար նախընտրելի երկկողմ ձեւաչափով բանակցությունների համար։ Մեր 2 դաշնակիցների միջեւ հավասարակշռված համաձայնագրի կնքումը դիտարկում ենք որպես խաղաղության ճարտարապետության հիմք։ Եվ այն պետք է կառուցեն տարածաշրջանի երկրները, այլ ոչ թե դրսից»,- ասել է նա եւ նշել, թե Ռուսաստանը պարտավորվել է ամեն կերպ աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությանը, ինչը գրված է Մոսկվայի ստորագրած փաստաթղթում։ Նաեւ շեշտել է, թե Մոսկվայի աջակցության ծավալներն ու ձեւերը պետք է ընդունելի լինեն բոլոր կողմերի համար։ Ադրբեջանը շտապել է արձագանքել. «Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցությունների՝ Ռուսաստանում եւ այլ վայրերում»։ Ասել են ԱԳՆ-ից` գնդակը թողնելով Երեւանի դաշտում։ 

ՌԴ ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ ուշագրավ է «հավասարակշռված պայմանագրի կնքումը» ձեւակերպումը, այսինքն՝ Մոսկվան տեսնում է, որ գործող բանակցային հարթակում հնարավոր պայմանագիրը չի կարող հավասարակշված լինել: Մյուս կողմից, Ադրբեջանը, որն օրեցօր նոր նախապայմաններ ու պահանջներ է դեմ տալիս անկամ վիճակում հայտնված Փաշինյանին եւ հաջողությամբ կարողանում է խաղալ 2 բեւեռների՝ Արեւմուտքի Ռուսաստանի խաղը եւ մաքսիմալը ստանալ։ Արեւմուտքի ու առավելապես ԱՄՆ-ի կամակատարը դարձած ՀՀ իշխանությունը, որն իր կողմից այդքան թմբկահարված ինքնիշխանության մակարդակն այնքան է իջեցրել, որ անգամ բանակն է հանձնում ամերիկյան խորհրդատուներին, արդյո՞ք կանի հերթական աշխարհաքաղաքական շրջադարձն ու, ինչպես բազմիցս իր թեզերը տրորել է, այս անգամ էլ կանցնի նախկինում արված հայտարարությունների վրայով եւ «անառակ որդու» պես կվերադառնա Մոսկվայի գիրկը։

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Վարդան Հակոբյանը «Հրապարակ»-ին ասում է՝ Ադրբեջանը, որի խորքային շահերից չի բխում մոսկովյան հարթակի վերակենդանացումը, կողմ արտահայտվելով դրան, քաջ գիտակցում է, որ Նիկոլ Փաշինյանն ամբողջովին տրվել է արեւմտյան պլատֆորմին ու եթե անգամ ինչ-որ հայտարարություններ անի, միեւնույն է, իրականում չի կարող հայացքն ուղղել դեպի հյուսիս, ուստի ասում է, որ ինքն ընդունում է Մոսկվայի առաջարկը։ «Ադրբեջանը հասկանում է, որ ռուսները չեն փակել արցախահայերի՝ Արցախ վերադարձի հարցը, եւ վախենում է, որ Ռուսաստանը նորից կպնդի Հարավային Կովկասում անմիջական գործոն լինելու դերակատարումը։ Ադրբեջանը գիտի, որ Հայաստանը մինչեւ վերջ շրջադարձ չի անի։ ՆԱՏՕ-ն եւ եվրոպական կողմն արագացնում են գործընթացները եւ այլ շանս չեն թողնում»,- ասում է Հակոբյանն ու նկատում՝ այն գործընթացներով, որոնց հիմա ականատես ենք Հայաստանում, ժամանակին Ուկրաինան է անցել՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի խոստումներից մինչեւ Պենտագոնի ներկայացուցչի մուտքը պաշտպանության նախարարություն։
«Բացառվում է, որ Փաշինյանը մինչեւ վերջ շրջադարձ անի դեպի Ռուսաստան։ Գուցե լինեն հայտարարություններ, բայց դրանք կեղծ մանեւրներ են լինելու։ Դեռ, այսպես կոչված, միջանցքի հարց կա, իսկ նա իր վրա է վերցրել այն բացելու առաքելությունը։ ՆԱՏՕ-ն իրեն է տեսնում այնտեղ, Էրդողանը հայտարարում է, որ միջանցք լինելու է, իսկ Ադրբեջանը հույս ունի ավելին շահել այս գործընթացներից ու դրա համար է ակտիվացրել, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջանի մասին հայտարարությունները»,- բացատրում է մեր զրուցակիցը։

Մոսկվայի առաջարկ-հայտարարությունը Վարդան Հակոբյանը «ճարահատյալ» բառով է բնութագրում։ «Նրանք փորձում են այնպես անել, որ այդ միջանցքը գոնե իրենցով լինի, դրա համար են Սյունիքում հյուպատոսություն բացում, բայց Մոսկվան շատ է ուշացել։ ՔՊ-ն, իշխանության գալով, հենց այդ խնդիրն ուներ իր առջեւ՝ տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին»,- վստահ է արտակարգ դեսպանորդը, ում բնորոշմամբ՝ Հայաստանի ազգային պետական շահն այսօր դարձել է ԵՄ-ի հետ վիզաների ռեժիմի ազատականացումը, բայց թե ինչ է լինում դրանից հետո, վրացական ու ուկրաինական փորձն է ցույց տվել։

Հակոբյանը համոզված է՝ հայկական կողմը դրական չի արձագանքելու Մոսկվայի առաջարկին, իսկ եթե լինի որեւէ հայտարարություն, հաջորդ օրն իսկ Փաշինյանը կարող է հետ կանգնել։