«Հրապարակ». Նման սահմանափակում մտցնելու իրավունք չունեին

«Հրապարակ». Նման սահմանափակում մտցնելու իրավունք չունեին

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ստորագրահավաք է սկսել՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ։ «ՔՊ-ական իշխանությունը ոչ միայն չի կարողանում նորմալ կազմակերպել էլեկտրոնային վճարման համակարգին անցումը՝ քաոս եւ անհարմարություններ ստեղծելով մեր քաղաքացիների համար, այլեւ մտադիր է հունվարի 1-ից լրջորեն թանկացնել տրանսպորտը։ Մեր խմբերը կշրջեն քաղաքում եւ ստորագրահավաք կանեն այդ որոշման դեմ։ Արդյունքում ավագանու որոշման նախագծով կստիպենք հրաժարվել թանկացման չարդարացված մտադրությունից»,- հայտարարել է Մարությանը` խնդրելով ակտիվ մասնակցել նախաձեռնությանը: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է «Նոր ուժ» կուսակցության անդամ Գրիգոր Երիցյանի հետ, որին Երեւանի ավագանին վերջերս զրկեց ավագանու մանդատից:

- Մարությանը երեկ նշեց, որ ստորագրահավաք է սկսում: Ե՞րբ եք սկսելու, ո՞ր վարչական շրջաններում: Որքան հասկացա, ստորագրությունները շրջիկ մեքենաներով եք հավաքելու:

- Ստորագրությունները կհավաքենք նոյեմբերի 5-ից, պիլոտային ստորագրահավաք դեռ երկու օր առաջ իրականացրինք, մեկուկես ժամում 300 ստորագրություն հավաքեցինք, դա նշանակում է, որ քաղաքացիների 95 տոկոսը դեմ է տրանսպորտի թանկացմանը: Ի դեպ, շատերն իրազեկված էլ չեն, որ հունվարի 1-ից տրանսպորտի գինը դառնում է 300 դրամ: Մեր հիմնական գործառույթներից մեկն էլ քաղաքացիներին իրազեկելն է: Մարդկանց մեծ մասն անգամ չգիտի այդ մասին: Մեր աջակիցների, համակիրների, նաեւ այն քաղաքացիների հետ, ովքեր կցանկանան միանալ մեզ, շրջելու ենք քաղաքի տարբեր հատվածներում: Կանգառներում, ամենուր: Քաղաքացիներին առաջարկվելու է միանալ տրանսպորտի դեմ թանկացման ստորագրահավաքին: Մեր նպատակն է՝ մեկ ամսում հավաքել բավարար ստորագրություններ, արդեն իսկ ավագանու որոշման նախագիծ ենք պատրաստել, մուտք ենք արել, մենք առաջարկում ենք տրանսպորտի գինը թողնել 100 դրամ, միեւնույն ժամանակ, եթե քաղաքացիները ցանկանում են օգտվել այս նոր ծառայություններից, փաթեթներից, մենք դրան դեմ չենք, կարող է մնալ, բայց սկզբունքային է, որ տրանսպորտի արժեքը մնա նույնը, ոչ թե երկու անգամ թանկանա: Ստորագրությունները հավաքելուն պես այն կներկայացնենք ավագանու նիստին: ՔՊ-ի կարգախոսն է՝ «Ասեք` կանենք», այժմ երեւանցիներն ունեն ասելիք, եթե ՔՊ-ն իսկապես իր կարգախոսին հավատարիմ է, ապա պարտավոր է ի կատար ածել երեւանցիների պահանջը:

- Երեւանցիները վաղը (այսօր) որտե՞ղ գտնեն ձեզ:

- Մենք լինելու ենք ամենուր, բայց նաեւ նախատեսում ենք քաղաքի որոշ հատվածներում ունենալ ոչ թե շրջիկ, այլ ստորագրման կոնկրետ կետեր, որի մասին ավելի ուշ կհայտարարենք: Փաստացի դրանք լինելու են թե՛ շրջիկ, թե՛ հստակ մի քանի ֆիքսված վայրերում:

- Այսօր ողջ հանրապետության թիվ մեկ թեման 100 դրամանոցների պահանջն ու 100 դրամանոցի դեֆիցիտն է: Այս մասով ինչ-որ բան փոխել հնարավո՞ր է: Հատկապես տարեցների համար է այն լուրջ խնդիր դարձել:

- Իրականում սա խայտառակություն է: Քաղաքացիներն ահազանգում են, որ անգամ խանութներում 100 դրամանոցներ չկան, անգամ սուրճի ապարատներում չեն մնացել 100 դրամանոցներ: Ի՞նչ է նշանակում՝ անձին պարտադրել 100 դրամանոց ունենալ, դա օրենքին էլ է դեմ, Հայաստանում նման սահմանափակում մտցնելու իրավունք չկա, 100 դրամով անձը կվճարի, 1000 դրամով, թե 5 հազար դրամով՝ դա իր գործն է: Նման սահմանափակում չի կարող լինել: Այժմ իշխանությունները խոստանում են, որ հունվարի 1-ից կլինեն նաեւ քարտային վճարումներ, ինչին ես, անկեղծ ասած, չեմ հավատում, մինչ այս պահը որեւէ պիլոտ չի արվել, նաեւ մեծ կոռուպցիոն ռիսկ է, երբ ողջ էլեկտրոնային տոմսային համակարգը սպասարկում է մեկ ընկերություն: Վստահ եմ, որ լիքը ընկերություններ կերազեին լինել այն մեկ ընկերությունը, որին կվստահվեր այս ամբողջ աշխատանքը:

- «Թել Սել»-ին է վստահվել` ինչո՞ւ:

- Ինչո՞ւ նա եղավ միակ դիմորդը, ինչո՞ւ պետք է քաղաքացիներն իրենց անձնական տվյալները, քարտային տվյալներն ինչ-որ մասնավոր ընկերության վստահեն: Ի՞նչ է արվելու այդ տվյալների հետ, արդյո՞ք դրանք հետագա ընտրական պրոցեսներում չեն օգտագործվելու իշխանության կողմից: Շատ ավելի լավ կլիներ, որ համայնքը ստեղծեր իր հեռախոսային համակարգը, որը կսպասարկեր երեւանցիներին, բայց քաղաքային իշխանությունը բիզնես շահը գերադասում է քաղաքացու շահից, եւ զարմանալի չէ, որ այսպես են վարվում:

- Ասում են՝ ստվերի դեմ են պայքարում․ վարորդները գումարներ էին գրպանում:

- Այսինքն` իրենք ընդունում են, որ չեն կարողանում անգամ վարորդներին վերահսկել, ասում են, որ վարորդները գողությամբ են զբաղվում, եւ իրենք ոչինչ չեն կարողանում այդ ուղղությամբ անել: 500 հազար քաղաքացի, ասում են՝ մեկ օրվա կտրվածքով օգտվում է հանրային տրանսպորտից, ու որպես թանկացման հիմք՝ ինչ-որ թվեր են ասում, այժմ էլ 30 միլիոնի մասին են խոսում, ինչն իրենց կողմից նշված նախորդ թվերի հետ աղերս չունի: 400 հազար դրամ ստացող վարորդը եթե գողանում է համայնքից, ապա դժվար թե այս մոդելով գողությունը կանխվի, կամերաներ կան, հնարավոր է այդպես էլ տեսնել, թե ով ինչով է զբաղվում:

- Քանի որ «Հանրային ձայն»-ը ՔՊ-ի կցորդն է դարձել, ավագանին, «Ազգային առաջընթաց»-ից բացի, ունի միայն մեկ ընդդիմադիր խմբակցություն` «Մայր Հայաստան»-ը: Միանալո՞ւ են նրանք ձեր նախաձեռնությանը:

- Անկեղծ ասած, նման քննարկում չենք ունեցել, այս ստորագրահավաքը ոչ միայն ավագանու խմբակցությունն է իրականացնում, այլեւ` «Նոր ուժ» կուսակցությունը: Եթե միանան մեզ` շատ լավ, բայց նման քննարկում, ամեն դեպքում, չենք ունեցել: