Ուկրաինայում 30-40 տարի ապրած հայերը չեն լքում երկիրը․ Դավիթ Մկրտչյան

Ուկրաինայում 30-40 տարի ապրած հայերը չեն լքում երկիրը․ Դավիթ Մկրտչյան

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի խոսքով` Միությունը փետրվարի 24-ից մինչ օրս աշխատում է նույն արտակարգ գրաֆիկով։ Հատկացնում է հումանիտար օգնություն՝ սնունդ, դեղորայք, օգնում բոլոր կարիքավորներին տեղավորվել ապաստարաններում։ 

«Ուկրաինայում 23 հայ համայնք կա և այսօր  բոլոր համայնքապետերն էլ իրենց տեղերում են, իհարկե, մեծ մասի ընտանիքները դուրս են եկել պատերազմական գոտուց։ Տղամարդիկ մնացել են, քանի որ իրավաբանորեն չեն կարող լքել Ուկրաինան։ Փորձում ենք օգտակար լինել ոչ միայն մեր հայրենակիցներին, այլև բոլոր նրանց, ովքեր մնացել են Ուկրաինայում։ Մշտական կապի մեջ լինելով Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան հետ՝ անհրաժեշտության դեպքում կարգավորում ենք մեր հայրենակիցների փաստաթղթերը»,-մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Մկրտչյանը։

Մկրտչյանի խոսքով վերջին 5 օրերին Կիևում էլ խաղաղ չի, քանի որ մայրաքաղաքը անընդհատ հրթիռակոծվում է։ Դավիթ Մկրտչյանը պատմեց, որ չնայած հաղորդվում է, թե ակտիվ աշխատում են ՀՕՊ համակարգերը, այնուամենայնիվ հակառակորդը երկու օր առաջ էլ բնակելի շենք է հրթիռակոծել։

«Եթե համեմատենք Ուկրաինայի Հարավի և Արևելքի հատվածների հետ, այստեղ բավականին հանգիստ է։ Այս պահին ծանր մարտեր են ընթանում այդ մասերում։ Շատ մեծ հարվածներ են տալիս բնակելի քաղաքներին, բազմաթիվ զոհեր կան, ավիրված քաղաքներ, գյուղեր։ Մենք ևս մեկ հայ ենք կորցրել։ Ուկրաինայի տարածքում բավականին շատ հայեր են մնացել։ Մարդիկ, ովքեր 30-40 տարի ապրել են այստեղ, չեն ցանկանում իրենց ստեղծածը թողնել ու դուրս գալ երկրից»,-ասաց Դավիթ Մկրտչյանը։

Վերջինիս խոսքով` Ուկրաինայում դեռ շարունակվում է վառելիքի ճգնաժամը։ Մոտ երկուսուկես ամիս է, ինչ դիզելի և բենզինի խնդիր կա Ուկրաինայում։ Գազի և էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիր չկա։

«Մեզ համար էլ է մեծ խնդիր վառելիքի ճգնաժամը, քանի որ հումանիտար օգնությունը բաժանում ենք մեծ և փոքր ավտոմեքենաներով։ Օգտագործում ենք նաև մեր արտասահմանյան կապերը՝ տարբեր խնդիրների կարգավորման համար։ Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Ուկրաինայի հայերի միության ամբողջ անձնակազմն իր ղեկավարությունով գտնվում է Ուկրաինայում։ Բացի անձնակազմից նրանք, ովքեր  մնացել են Ուկրաինայում՝ առավոտից մինչև ուշ գիշեր աշխատում ենք, որպեսզի անհրաժեշտության դեպքում անմիջապես արձագանքենք բոլոր մեզ դիմած մարդկանց»,-ասաց Ուկրաինայում հայերի միության փոխնախագահը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանի զինված ուժերը ներխուժեցին Ուկրաինայի տարածք։ Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո  ռուս-ուկրաինական պատերազմը համարվում է ամենամեծ ռազմական հակամարտությունը։ Ներխուժման  հետևանքով շուրջ 2.9 մլն ուկրաինացի լքել է երկիրը։