Ով առաջինը գրանցվի, նա էլ կլինի կողմ

Ով առաջինը գրանցվի, նա էլ կլինի կողմ

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, ինչպես հայտնի է, կմեկնարկի փետրվարի 17-ին եւ կավարտվի ապրիլի 3-ին։ Ինչպես գիտենք՝ «ոչ»-ի ճամբարը ձեւավորվում է հետեւյալ կերպ․ Ազգային ժողովի՝ նախագծին դեմ քվեարկած պատգամավորներն են դիմում ԿԸՀ եւ գրանցվում որպես «ոչ»-ի քարոզչական կողմ։ Բայց եթե 7-օրյա ժամկետում «ոչ»-ի  քարոզչական կողմ չի գրանցվում, ապա դա կարող են անել 50 քաղաքացի՝ ԿԸՀ ներկայացնելով իրենց անձնագրերի պատճենները։ Հետագայում այդ 50-ը նշանակում են իրենց լիազոր ներկայացուցիչներին՝ հանձնաժողովներում։

Քանի որ օրենքը նախատեսում է միայն մեկ «այո» քարոզչական կողմ եւ մեկ «ոչ» քարոզչական կողմ, ապա փետրվարի 18-ին՝ այդ ժամկետը լրանալու պահին, «ոչ»-ի համար քարոզչական կողմ կգրանցվի նա, ով առաջինը ԿԸՀ-ին հայտ կներկայացնի։ Այսինքն՝ տեսականորեն, փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը «ոչ»-ականները պետք է հերթ կանգնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց՝ իրենց «ոչ»-ն առաջինը գրանցելու համար։ Ով առաջինը գրանցվի, նա էլ կդառնա «ոչ»-ի շտաբը։ 

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մեզ հետո զրույցում ասաց․ «Իհարկե, կարող են լինել մեկից ավելի, բայց քանի որ մեկը պետք է գրանցվի, ով առաջինը կգրանցվի, նա էլ կլինի «ոչ»  նախաձեռնությունը»։

Պարոն Մուկուչյանին հարց ուղղեցինք՝ հանձնաժողովներում տեղերն ինչպե՞ս են բաշխվելու, որպեսզի դրանցում եւս հավասարակշռության սկզբունքը պահպանվի՝ 2-ական «այո» ու «ոչ» ունենալու համար։ Ըստ ԿԸՀ նախագահի՝ 2 անդամի նշանակում է մի կողմը, 2-ին՝ մյուսը։ Ինչը, նրա մեկնաբանությամբ, նշանակում է, որ հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնների բաշխումը լինելու է այդ 2 նախաձեռնությունների նշանակած անձանց միջեւ։ «Սկզբից բաշխվում են տեղերը, ենթադրենք՝ կա 2 հազար հանձնաժողով, մենք անձանց հետ գործ չունենք, բաշխում ենք տեղերը։ Օրինակ՝ թիվ 1/1 ընտրական հանձնաժողովի նախագահը կլինի «այո»-ից, քարտուղարը՝ «ոչ»-ից։ Թիվ 1/2-ի նախագահը՝ «ոչ», քարտուղարը՝ «այո», եւ այսպես՝ ամբողջությամբ»,- սկզբունքը ներկայացրեց Տիգրան Մուկուչյանը։ Այսինքն՝ հանրաքվեի դեպքում հանձնաժողովների անդամներին ոչ թե ԱԺ խմբակցություններն են նշանակում՝ ԱԺ-ում ունեցած ձայների համամասնությամբ, այլ «այո»-ի ու «ոչ»-ի շտաբները։ 

Տիգրան Մուկուչյանը հստակեցրեց, որ տարբեր կուսակցություններ չեն կարող ընդգրկված լինել «ոչ» նախաձեռնության մեջ, քանի որ օրենսդրության մեջ նախատեսվում է գործ ունենալ 1 «ոչ»-ի  սուբյեկտի հետ։ Այն սուբյեկտը, ով առաջինը կբերի իր հայտը ԿԸՀ, կկարողանա օգտվել նաեւ Հ1-ի անվճար եթերաժամանակից ու քարոզչական բիլբորդներից։ Հարցին, թե ինչ է լինում այն պարագայում, երբ հետո մի քանիսը միանում են այդ «ոչ»-ին, Մուկուչյանի բացատրությամբ՝ «եթե մի քանիսն են, նրանք կարող են միանալ գրանցված նախաձեռնությանը, բայց դրանից սուբյեկտը չի փոխվում, մնում է նույնը։ Կամ նրանք կարող են օգտվել այդ սուբյեկտին հատկացված ժամանակահատվածից՝ նրա հետ կնքելով պայմանագիր»։

Ինչ վերաբերում է դիտորդներին, ապա նրանք կարող են լինել ինչպես հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ՝ կուսակցությունների։  Հասարակական կազմակերպությունների մասը նույնն է, ինչ Ընտրական օրենսգրքով է սահմանված՝ ՀՀ-ում պարտադիր գրանցման առկայություն, գործունեության ժամկետ եւ այլն։ Նույն պահանջներն էլ կուսակցությունների դեպքում են։ Այսինքն՝ ՀՀ-ում գրանցված բոլոր կուսակցությունները կարող են տեղամասերում հետեւել ընտրական գործընթացին։ 

Փոխարենը, վստահված անձինք կարող են ունենալ միայն «այո»-ի ու «ոչ»-ի քարոզչական կողմերը։