Մեր ամենավատ կանխատեսումներն իրականություն են դառնում

Մեր ամենավատ կանխատեսումներն իրականություն են դառնում

Երբ հայտարարվեց արտակարգ դրություն, մանավանդ որոշման տեքստի հրապարակումից հետո, հասկանալի էր, որ դա արվում է մի նպատակով՝ լրատվամիջոցների ազատությունը սահմանափակելու։ Պարզվեց՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու լավագույն միջոցը մեզ՝ տեղեկատվության փոխանցումն արգելելն է, այլ ոչ թե, ասենք, մարդկանց շփումը նվազեցնելը կամ ինչ-որ օբյեկտների գործունեությունը դադարեցնելը։ Եթե կառավարությունում հենց արտակարգ դրություն հայտարարելու առաջին օրը խախտում են իրենց իսկ հրամանագիրը եւ 40 խմբագրի հավաքում մի սենյակում ու հրահանգներ իջեցնում, այն պարագայում, որ 20 հոգուց ավելի հավաքներն արգելել են, պարզ է, որ ո՛չ իրենց անելիքը գիտեն, ո՛չ թույլատրելի-անթույլատրելիի սահմանը։
Եվ ահա այսօր մեր ամենավատ կանխատեսումներն իրականացան․ ոստիկանության երկու երիտասարդ ու համակրելի երիտասարդ աշխատակիցներ այցելեցին «Հրապարակի» խմբագրություն եւ ծանուցում ներկայացրին՝ ոստիկանության գնդապետ ոմն Ա․ Կարապետյանի ստորագրությամբ։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք մեր ընթերցողներին․


«ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 23-րդ կետի համաձայն՝ ՀՀ-ում, ինչպես նաեւ ՀՀ տարածքներից դուրս վարակման առկա եւ նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց եւ մեկուսացվածների քանակի, ինչպես նաեւ խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ՝ ինտերնետային կայքերում եւ սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձեւով, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը հղում կատարելով։

Հավելվածի 26-րդ կետի համաձայն՝ սահմանված դրույթների խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից։

    Ձեր օրաթերթին պատկանող hraparak.am էլեկտրոնային լրատվական կայքում ս․թ․ մարտի 18-ին, ժամը 07։10-ին հրապարակված՝ «ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԲՈՒՆՏ Է ՀԱՍՈՒՆԱՆՈՒՄ» խորագրով հրապարակումը /հրապարակման հղումը/ իրենից խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ է պարունակում, որը ենթակա է անհապաղ հեռացման։

     Տեղեկացնում եմ, որ արգելված տեղեկատվությունն անհապաղ չհեռացնելու պարագայում ՀՀ ոստիկանությունը կհարուցի վարչական վարույթ՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի 8-րդ մասի (Զանգվածային լրատվամիջոցների կողմից արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով) հատկանիշներով»։

 Ահա այն, ինչ պահանջվում էր իմանալ արտակարգ դրության մասին։ Մենք, իհարկե, հրապարակումը հեռացրինք կայքից, սակայն որոշակի հետեւություններ արեցինք եւ զգուշացնում ենք, որ նման քայլերի կրկնությունը մեզ հնարավորություն կտա ավելի հեռուն գնացող հետեւություններ անել եւ որոշակի քայլեր ձեռնարկել․

Հետեւություն 1. Արտակարգ դրությունը մտցվել է ԶԼՄ-ներին զսպաշապիկ հագցնելու համար, եւ դա անելու համար է հատկապես մտցվել խոսքի ազատությունը սահմանափակելու պարբերությունում «խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկություններ» արտահայտությունը։ Այս արտահայտության տակ կարելի է մտցնել ցանկացած միտք ու հրապարակում։
Հետեւություն 2. Իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է իրեն ուղղված քննադատությունն ու խոսքի ազատությունը սահմանափակելու համար։ Դրա համար էին ամիսներ շարունակ մշակում եւ անցկացնում օրենսդրական անհասկանալի փոփոխություններ, հոգեբանական ճնշումներ գործադրում եւ վերջապես՝ արտակարգ դրություն մտցնում երկրում։ Ի դեպ, նշված լուրը որեւէ առնչություն չունի կորոնավիրուսի թեմայի հետ եւ անգամ լուրի մեջ կորոնավիրուս բառը չկա։ Ստացվում է՝ ցանկացած բացասական հրապարակում, որտեղ խոսք է գնում մարդկանց դժգոհությունների ու բողոքի մասին, չպետք է հրապարակվեն։ Մինչդեռ հրամանագիրը վերաբերում է բացառապես կորոնավիրուսին եւ դրա դեմ պայքարի արդյունավետությանը։

 Հետեւություն 3. Այս արտակարգ դրության որոշումը, դրա իրականացման ձեւն ու բնույթը բացարձակապես հստակեցված չեն, եւ յուրաքանչյուրը կարող է կամայական բացատրություններ տալ հրամանագրին, իսկ ոստիկանության մի գնդապետ կարող է որոշել, որ ինչ-որ լուր, որտեղ խոսվում է այն մասին, որ դատապարտյալները բողոքում են, որ հանձնուքներ չեն ստանում, եւ հատկապես ծխախոտի բացակայությունը նրանց շրջանում դժգոհություններ է առաջացրել, խուճապ է առաջացնում։ Իսկ ո՞վ ասաց, որ այդ լուրը խուճապ է առաջացնում, ինչի՞ց որոշեց սույն գնդապետը, որ հենց դա է խուճապ առաջացնում, այլ ոչ թե, ասենք, «Ազատություն» ռադիոկայանի հրապարակումը՝ «Եվրոպական երկրները խստացնում են կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները» վերտառությամբ։
Հետեւություն 4. Հրամանագրի կիրառման երկրորդ օրն իսկ լրատվամիջոցների ահռելի քանակությունից եւ համացանցային տեղեկատվության տարափից «Հրապարակի» մի անմեղ լուրն ընտրելու եւ մեզ ծանուցում ուղարկելու փաստը խոսում է այն մասին, որ այս իշխանությունը՝ իր կառավարությունով եւ պատգամավորական կորպուսով, իր թիվ 1 թշնամին է համարում մեր թերթը եւ նպատակ է դրել ամեն գնով խանգարել մեզ, այդ թվում՝ ձեռնպահ չի մնալու ֆինանսական սանկցիաներից, հույս ունենալով, որ դրանով կխոչընդոտի մեր աշխատանքը։