Իրանը զգուշացնում է Ռուսաստանին, Ռուսաստանը չլսելու է տալիս
Իրանի իշխանությունները գրեթե ամեն շաբաթ կամ նույնիսկ շաբաթը մի քանի անգամ հայտարարում են իրենց համար Հարավային Կովկասի կարեւորության, սահմանների անձեռնմխելիության եւ երկրների տարածքային ամբողջականության պահպանման հարցում իրենց վճռականության մասին: Իրանի իշխանությունները տեսնում են, որ Ռուսաստանն ակտիվ բանակցությունների մեջ է Ադրբեջանի հետ, ակտիվորեն աջակցում է Ադրբեջանին, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի բացման հարցում: Ռուսաստանը դիվանագիտական եւ քարոզչական ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ ստիպելու, որ Հայաստանը համաձայնի Ադրբեջանի եւ Ռուսաստանի կողմից ներկայացված պայմաններին, եւ իր կողմից փորձում է դիվանագիտական եւ քարոզչական աջակցություն ցուցաբերել Հայաստանին: Ավելի ճիշտ՝ փորձում է պաշտպանել իր կենսական շահերը, որոնք Ռուսաստանն ուզում է կոպտորեն ոտնահարել՝ օգտվելով Իրանի նեղ վիճակից: Ահա, երեկ էլ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հերթական անգամ անդրադարձել է այդ խնդրին՝ գրելով. «Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը եւ կայունությունը սոսկ նախապատվություն չեն, դրանք մեր ազգային անվտանգության հիմքն են։ Հյուսիսից, հարավից, արեւելքից կամ արեւմուտքից ցանկացած սպառնալիք մեր հարեւանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների փոփոխությունը բացարձակապես անընդունելի է եւ «կարմիր գիծ» է Իրանի համար»:
Իրանը եւ Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են այնքանով, որքանով որ երկուսն էլ դիմագրավում են Արեւմուտքի ճնշումներին: Իրանն Արեւմուտքի դեմ հակամարտության մեջ է արդեն 45 տարի, վերջին շրջանում այդ հակամարտությունն ավելի է սրվել, քանի որ Իրանը սեփական միջուկային տեխնոլոգիաներ է մշակում: Արեւմուտքը չի հանդուրժում որեւէ ինքնուրույնություն, նրան պետք են ոչ թե ինքնուրույն եւ ինքնաբավ երկրներ, այլ՝ վասալներ: Վասալ երկրները չեն կարող ունենալ գիտություն եւ այն էլ՝ այնպիսի գիտություն, որն ընդունակ է սպառնալիք ստեղծել Արեւմուտքի համաշխարհային տիրապետությանը: Երբ Իրանն անցել է թույլատրելիի սահմանը, ԱՄՆ-ի եւ նրա սատելիտների կողմից հռչակվել է չարի առանցքի երկիր, չնայած չարի եւ բարու պատկերացումները յուրաքանչյուրի մոտ տարբեր են, Իրանն էլ ԱՄՆ-ին է համարում չարիքի մարմնացում:
Ռուսաստանը կարծես թե ձեռնոց է նետել ԱՄՆ-ի համաշխարհային տիրապետությանը եւ Ուկրաինայում պատերազմ սկսելով՝ փորձում է վերանայել սառը պատերազմում իր պարտության արդյունքները, որոնք արձանագրվել են 1988-1991 թվականներին: Ռուսաստանը եւ Իրանն առաջնորդվում են «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» կարգախոսով, քանի որ երկուսն էլ վիճարկում են ԱՄՆ-ի համաշխարհային տիրապետությունը, չեն ուզում, որ ԱՄՆ-ն լինի նաեւ իրենց տերն ու տիրակալը, իսկ իրենք խելոք ենթարկվեն Վաշինգտոնից իջեցված հրահանգներին: Այս երկու երկրները փորձում են միասին դիմագրավել Արեւմուտքի ճնշումներին եւ պատժամիջոցներին: Սկզբում Ռուսաստանն էր զենք եւ տեխնոլոգիաներ մատակարարում Իրանին, հետո Իրանը սկսեց զենք եւ զինամթերք մատակարարել Ռուսաստանին։ Աճում է նաեւ ապրանքաշրջանառությունը, թեեւ, բացի գյուղատնտեսությունից, այս երկու երկրներն իրարից շատ քիչ բան ունեն առնել-ծախելու: Երկուսն էլ ապրում են էներգակիրների եւ ընդերքից արդյունահանվող հարստության վաճառքից գոյացող գումարով, երկուսն էլ չունեն առաջավոր սարքաշինություն, մեքենաշինություն եւ էլեկտրատեխնիկայի արտադրություն: Բայց դե՝ որքանով կարողանում են, այնքանով համագործակցում են:
Քանի որ երկուսի տեղն էլ նեղ է, միշտ չէ, որ համագործակցությունը ստացվում է, որոշ դեպքերում մեկն իր տեղը լայնացնելու համար փորձում է դա անել մյուսի հաշվին: Ռուսաստանն ուզում է Ադրբեջանով ճանապարհ ունենալ դեպի Իրան, հետո՝ նաեւ Պարսից ծոց ու Հնդկական օվկիանոս: Ամենահարմար երկաթուղային ճանապարհը, որ գործել է դեռ ԽՍՀՄ տարիներին, անցնում է Հայաստանի տարածքով: Ադրբեջանը Ռուսաստանին առաջարկում է իր տարածքով արտոնյալ երթեւեկություն` պայմանով, որ Ռուսաստանն էլ կարողանա Ադրբեջանին արտոնյալ երթեւեկություն ապահովել Հայաստանի տարածքով: Ռուսաստանն ուզում է Ադրբեջանի հետ պայմանավորվել Հայաստանի հաշվին: Միշտ էլ այդպես է լինում, երբ ուժեղներն իրենց հարցերը լուծում են թույլերի հաշվին: Ռուսաստանն ու Ադրբեջանը վաղուց բացած կլինեին միջանցքը, եթե չլիներ Իրանը եւ մի քիչ էլ՝ Արեւմուտքը: Իրանի դերն այս հարցում ավելի կարեւոր է:
Մինչեւ հիմա Ադրբեջանի եւ նրա էքսկլավ Նախիջեւանի, մի մասով՝ նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ կապն ապահովվում էր Իրանի տարածքով: Ադրբեջանական բեռները Նախիջեւան էին գնում Իրանի տարածքով, Ադրբեջանն ու Թուրքիան իրար հետ առեւտուր են անում՝ օգտագործելով Իրանի տարածքը, չնայած կա նաեւ Վրաստանը: Եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը բացում են Զանգեզուրի միջանցքը, Իրանը զրկվում է Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ միջնորդի դերից, փաստացի զրկվում է Ադրբեջանի նկատմամբ ազդեցության շատ լուրջ լծակից: Այդ լծակը ձեռք է բերում Ռուսաստանը, որովհետեւ Ռուսաստանն ուզում է, որ ինքը վերահսկի Զանգեզուրի միջանցքը, ինքը դառնա այն միջնորդը, ով կվերահսկի կապն Ադրբեջանի եւ Նախիջեւանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ: Իրանի ցամաքային կապը Հայաստանի եւ Վրաստանի, Սեւ ծովի հետ կապը հայտնվում է Ադրբեջանի եւ Ռուսաստանի վերահսկողության տակ:
Իրանը, բնականաբար, համաձայն չէ իրավիճակի նման կտրուկ փոփոխությանը, որն անմիջական հարված է իր շահերին: Իրանը Ռուսաստանի իշխանություններին դիվանագիտական խողովակներով, հրապարակայնորեն ասում է՝ լսիր, եթե մենք բարեկամ եւ դաշնակից երկրներ ենք, ինչո՞ւ ես դու հանուն քո շահի փորձում ոտնահարել իմ շահը, եթե դու նման բան փորձես անել, իմացիր, որ ես չեմ հանդուրժելու նման պահվածքը, եւ դա էականորեն ազդելու է մեր հարաբերությունների վրա:
Եթե Իրանի տեղը նեղ չլիներ, եւ Ռուսաստանն իմանար, որ հարաբերությունները փչացնելու դեպքում Իրանը կբարեկամանա այլ երկրների հետ, ապա, հաստատ, նման քայլի չէր գնա: Բայց ռուսները շարժվում են ավանդական սկզբունքով. «ո՞ւր պետք է մեզնից փախչեն իրանցիները, ո՞ւմ են նրանք պետք, բացի մեզնից» տրամաբանությամբ: Նրանք համոզված են, որ եթե իրենց հաջողվի Հայաստանից խլել Զանգեզուրի միջանցքը, Իրանը գուցե մի քիչ բորբոքվի, մի քիչ բողոքի, բայց, ի վերջո, կհամակերպվի նոր իրողության հետ: Ի վերջո, այդ միջանցքն Իրանին երկաթուղային հասանելիություն է ապահովում Ռուսաստանի հետ, իսկ տնտեսական նեղություն ունեցող Իրանի համար Ռուսաստանի հետ առեւտուրը սեփական տնտեսությունը զարգացնելու հնարավորություն է, որից նա դժվար թե հրաժարվի: Դրա համար է, որ Ռուսաստանը որեւէ կերպ չի պատասխանում կամ արձագանքում Իրանի կողմից հնչող հայտարարություններին:
Հայաստանն էլ անտեր որբի նման հետեւում է, թե ինչպես են ուրիշները «բազառ անում» իր ունեցվածքի վրա՝ իրեն զրկելով նույնիսկ խոսքի իրավունքից:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ