Նիկոլ Փաշինյանը ժամը 6-7-ին ավարտում է աշխատանքը

Նիկոլ Փաշինյանը ժամը 6-7-ին ավարտում է աշխատանքը

Օրվա մեջ երկու անգամ Նիկոլ Փաշինյանի շարասյունը դուրս է գալիս Պռոշյան փողոցից եւ Գրիգոր Լուսավորիչով ուղեւորվում է դեպի կառավարություն։ Մեկն՝ առավոտյան, մյուսը՝ երեկոյան։ Ամեն անգամ այս ամբողջ ճանապարհը մաքրում են մեքենաներից ու անցորդներից, ճանապարհի ամբողջ երկայնքով՝ 200 մետր հեռավորությամբ պարեկներ են կանգնում, սուլոցներով դադարեցնում երթեւեկությունը, կանգնեցնում անցորդներին։ Մեքենաներն, իհարկե, ընդվզում են՝ ազդանշաններով իրենց վերաբերմունքն են հայտնում, բայց հավանաբար այդ մեքենաներում գտնվողներին դա քիչ է հուզում։

Փաշինյանի՝ 5-6 ավտոմեքենայից կազմված շարասյան դեմից սովորաբար 2-3 երբեմն 4 ոստիկանական մեքենա է նախ անցնում՝ մի քանի րոպե ինտերվալով եւ բարձր սիգնալիզացիայով։ Երեւի զննում են, որ ճանապարհին կասկածելի մարդ կամ մեքենա չլինի, իսկ ազդանշաններն էլ միացնում են, որ շոկի մեջ գցեն, սթրեսի ենթարկեն շրջակայքում գտնվող մարդկանց։ Հետո գալիս է բուն շարասյունը՝ սեւ, թանկ մեքենաներից կազմված եւ սուրում է դեպի կառավարություն։

Վարչապետ Փաշինյանը, որը հայտարարում է, թե օրական 10 ժամ զբոսնում է հանրապետության փողոցներում, իսկ նրա կինն էլ այնքան անբռնազբոս քայլում է Երեւանում, որ անգամ մի խուլ վայրում ոսկե շղթա է գտնում ու հայտարարություն դնում, հասկանալի չէ, թե ինչու են օրվա մյուս ժամերին այսպիսի խիստ ուղեկցումով եւ նախազգուշական միջոցառումներով գնում աշխատանքի եւ վերադառնում տուն։ 

Ի դեպ, վարչապետը երեկոյան աշխատանքից տուն է վերադառնում երեկոյան ժամը 6-ին կամ 7-ին, հազվադեպ օրերին՝ 7։30 կամ 8։00-ին։ Հարցրեք մի շարքային հիմնարկի տնօրենի, թե երբ է տուն գնում, վստահ եմ՝ շատ ավելի ուշ, որովհետեւ ինչքան աշխատես՝ գործ կա։ Իսկ վարչապետի գործը, պարզվում է, ամենաթեթեւ գործն է՝ կարելի է ժամը 18։00-ին, որեւէ նախարարության գլխավոր մասնագետի նման, գնալ տուն, հեռուստացույց նայել, հյուրեր ընդունել, երեխաների հետ խաղալ։

Սակայն այսօր, չգիտես ինչու, Նիկոլ Փաշինյանի շարասյունը կեսօրին՝ ժամը 12-ին, կառավարությունից դեպի տուն էր ուղեւորվում։ Իսկ հետ՝ աշխատանքի գնաց ժամը 18։00-ին։ Մոտ 6 ժամ վարչապետը տանն էր։ Գուցե արդեն ցերեկվա ժամերին Փաշինյանը գնում է տուն՝ հանգստանալու, ճաշելու, մի քիչ քնելո՞ւ, տեղյակ չենք։ Գուցե՝ իտալացիների նման որոշել է սիեստա անել՝ բայց մի քիչ ավելի երկար։ Պարզապես, արձանագրեցինք, որ այսօր Պռոշյան-Գրիգոր Լուսավորիչ հատվածում ոչ թե 2 անգամ է փողոցը փակվելու եւ ղժժոց-վժժոց լինելու, այլ 4 անգամ։ 

Արեգ Մարգարյան