Հարցազրույց

«Հրապարակ». Նավասարդ Կճոյանը դրանով ապաշխարության ճանապարհ անցավ եւ դարձի եկավ

«Հրապարակ». Նավասարդ Կճոյանը դրանով ապաշխարության ճանապարհ անցավ եւ դարձի եկավ

«Հրապարակի» զրուցակիցը Հովհաննավանքի նախկին քահանա Տեր Արամն է՝ կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը:

- Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ շարունակում է տարբեր եկեղեցիներ այցելել եւ պատարագների մասնակցել: Դուք չե՞ք մասնակցում այդ պատարագներին:

- Ես իմ եկեղեցում եմ իմ պատարագները մատուցում, իմ ժողովրդի հոգեւոր խնամքն եմ իրականացնում, դրա համար այլ տեղեր չեմ գնում:

- Այսինքն` պատարագներ մատուցում եք:

- Անշուշտ, այո: Քանի դեռ իմ ժողովուրդը պահանջ ու ցանկություն ունի իմ պատարագին մասնակցելու, ես պատարագելու եմ: Իմ ժողովուրդը` Փառք Տիրոջը, չի հրաժարվում, ես էլ կերակրում եմ իրենց:

- Ժողովուրդ ասելով ի՞նչ նկատի ունեք՝ միայն Օհանավան գյուղի բնակիչների՞ն:

- Ոչ միայն: Հովհաննավանք ոչ միայն օհանավանցիներն են գալիս, այլեւ հարակից գյուղերի ժողովուրդը, այստեղ են գալիս նաեւ Երեւանից:

- Իսկ վերջին իրադար­ձու­թյուններից հետո մարդկանց թիվը չի՞ պակասել:

- Ինձ կարգալույծ են արել, բայց իմ պատարագներին ավելի շատ մարդ է գալիս, քան թեմում կարգալույծ չեղած հոգեւորականների պատարագներին:

- Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Պայմանավորված է իրենց ճանաչելով, որովհետեւ մարդիկ հաշտ չեն, համերաշխ չեն եւ չեն ընդունում Մայր Աթոռի բարձրաստիճան հոգեւորականների որոշումները: Մարդիկ լավ գիտեն, թե ով է իրենց քահանան, ինչ տեսակի մարդ է:

- Մի քանի եպիսկոպոս դավաճանեցին եկեղեցուն եւ միացան իշխանություններին: Ինչպե՞ս եք նրանց քայլը գնահատում:

- Մի բան ասեմ` ոչ թե իշխանություններին են միացել եպիսկոպոսները, այլ` եկեղեցականները միացան եկեղեցուն: Դրանք տարբեր բաներ են, եւ շատ կարեւոր նախադեպ է, որ եկեղեցականը միանա իր եկեղեցուն, իր ժողովրդին: Երբ մենք խոսում ենք բարոյականությունից կամ անբարոյականությունից, ապա այս մարդիկ «ոչ» են ասել անբարոյականությանը, կապ չունի, թե անբարոյականությունը վերացնելու հարցով ով է իրենց ընդունել, նրանք միացել են եկեղեցուն:

- Բարոյականությունից եք խոսում, բայց Նավասարդ Կճոյանը, որն արժանացել է նույն Փաշինյանի եւ այլոց սուր քննադատություններին, այժմ ինչպե՞ս դարձավ բարոյական եւ դեռ մի բան էլ ինքն է մերժում անբարոյականությունը: Ասում էին` «Բենթլի» ունի, կոռուպցիոներ է, օֆշորում հաշիվներ ունի եւ այլն: Հիմա ի՞նչ փոխվեց:

- Ես կասեմ իմ տպավորությունները: Նա այդ ճանապարհով ապաշխարության ճանապարհ անցավ եւ ցույց տվեց, որ այլեւս չի ուզում իր եպիսկոպոսությունը շարունակել, եւ ինչ-որ մի պահի դարձի եկավ: Աստված միշտ էլ մեղավորի դարձն է ակնկալում: Եթե մեղավորն ընդունում է, որ ինքը մեղավոր է, ապա իմացած եղեք, որ Աստված սպասում է դրան եւ ուրախ է ընդունել մեղքերը: Ինչ է մեր ասածը, ասում ենք` ով մեղք է գործում, թող ընդունի իր մեղքը: Մեղք գործելը վատ բան է, մեղքի մեջ մնալն առավել վատ բան է:

- Ո՞վ է անմեղ: Կա՞ աշխարհում անմեղ մարդ:

- Ոչ թե ասեք՝ ով է անմեղ, այլ ասեք` ո՞վ կցանկանա դառնալ անմեղ: Իսկ ես այդ հարցին կպատասխանեմ հետեւյալ կերպ` այն մարդը, ով մեղքին կասի «ոչ»: Նա, ով չի հարմարվի մեղքի հետ․ ես այդպես կասեի: Անմեղ է նա, ով արդար է: Ով արդար չէ, ուրեմն իր տակը մեղք ունի, նա, ով կուզի Աստծով արդարանա, նա առաջին հերթին պետք է մեղքերից հրաժարվի: Եթե Նավասարդ սրբազանը որոշել է այդ ճանապարհով անցնել, ես նրան շնորհավորում եմ, շնորհավորում եմ նաեւ մեր եկեղեցուն:

- Այդ եպիսկոպոսների հայտարարությունից տպավորություն ստեղծվեց, որ կաթողիկոսն այնքան անմեղ է, որ նրա միակ մեղքն Արշակ սրբազանին սատարելն է:

- Իմ կարգալուծությունը, Տեր Թադեի եւ Տեր Տարոնի կարգալուծությունը նրա համար էր, որ իբրեւ վարկաբեկել ենք եկեղեցու հեղինակությունը: Թե ինչով ենք վարկաբեկել, դա դնում ենք մի կողմ, բայց մեզ փաստացի դրանում են մեղադրում: Այդ հայտարարությունից տպավորություն ենք ստանում, որ եկեղեցու հեղինակությունն իրենց համար խիստ կարեւոր է, այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ մենք, չանելով այն, ինչ արել է Արշակ սրբազանը, կարգալույծ ենք լինում, իսկ նա` ոչ: Հ1-ի եթերից խոսե՞լն է հեղինակազրկում եկեղեցին, թե՞ պղծության մեջ լինելը: Եկեք նժարին դնենք:

- Ինքը՝ Արշակ սրբազանն ասում է, որ այդ տեսանյութերը կեղծ են:

- Բայց իր հարցազրույցի ժամանակ էլ ասում էր՝ եթե ինձ կարգալույծ անեք, ինձ հնարավորություն կտաք, որ էլի նման մեղքեր գործեմ: Այսինքն` նա ընդունեց, որ նման մեղք է գործել: Նա հանրությանը սպառնաց:

- Ոչ` ուզում էր ասել․ եթե նման կյանքով ապրող լինեի, ուրախ կլինեի, որ ինձ կարգալույծ են անում, այդ դեպքում ավելի ազատ կյանքով կապրեի:

- Նույն տրամաբանությամբ` մեզ էլ չպետք է կարգալույծ անեին: Նա նպաստել է մեր կարգալուծությանը, նա հող է նախապատրաստել, որ մենք էլ գնանք սխալների ճանապարհով:

- Ինչո՞ւ հայտարարությամբ հանդես եկող եպիսկոպոսներին էլ կարգալույծ չեն անում` ըստ Ձեզ:

- Մեր հանգամանքները տարբեր են: Ես քահանա եմ, իրենք` եպիսկոպոս, արքեպիսկոպոս են, իրենց անցած ճանապարհը ծավալուն է, ծանրակշիռ, իրենց կարգալույծ անելն այդքան էլ հեշտ չէ, եւ հետո՝ կարգալույծ անողը` Արշակ սրբազանը, նրանցից մի քանիսի հետ հավասար հարթության վրա է: Օրինակ` Նավասարդ սրբազանն ավելի երկար ճանապարհ է անցել, քան Արշակ սրբազանը: Այս պարագայում դժվար է որոշումներ կայացնելը` հավասարը հավասարին, բայց քանի որ իրենք հատուկ վերաբերմունք են ունեցել քահանաների նկատմամբ, միշտ էլ քահանաներին վերեւից են նայել ու մտածել են` հեշտությամբ կտշենք:

- Քահանային եւ եպիսկոպոսին կարգալույծ անելու պրոցեսը նո՞ւյնն է:

- Շնորհների պաշտպան եւ կարգապահական հանձնախումբը դեռ պետք է հասկանալ` խորհրդատվակա՞ն կառույց է, թե՞ իրավական: Այսինքն` այդ կառույցը կաթողիկոսին խորհո՞ւրդ պետք է տա՞, թե՞ իրավասու է որոշումներ կայացնելու: Այդ կառույցը պետք չէ գերագնահատել: Կաթողիկոսն այդ կառույցին չի տվել նման հնարավորություն, մենք հիմա նրանց տալով նման հնարավորություններ, մեծ արտոնություն ենք տալիս, սակայն իրականում որոշումներ կայացնողն Ամենայն հայոց կաթողիկոսն է: Մնացածը ֆիկտիվ նպատակներով է: Քանի որ բոլոր կարգալուծությունների հեղինակը կաթողիկոսն էր, ստեղծեց մի մարմին՝ իբրեւ այդ առաքելությունը կատարելու համար, սակայն իրականում դա անում է բացառապես կաթողիկոսը: Եթե ինձ կարգալույծ արած լիներ հանձնախումբը, ապա դրա կազմում կար Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը, որը դեմ է եղել իմ կարգալուծությանը: Այդ ինչպե՞ս եղավ, որ հանձնախմբի մեջ կար տարաձայնություն, սակայն եղավ իմ կարգալուծությունը:

- Չունե՞ք մտավախություն, որ մի օր իրավապահները Ձեզ տարածքից կհեռացնեն, քանի որ այդ տարածքը պատկանում է Մայր Աթոռին:

- Բախում չեն սկսի, չեն հրահրի ժողովրդի եւ իրավապահների միջեւ:

- Վստա՞հ եք, որ ժողովուրդը կանգնելու է Ձեր կողքին:

- Միանշանակ: Այնքան մարդ կկանգնի իմ կողքին, որ այդքան մարդ երբեք իրենց կողքին չի կանգնել: Իրենց եւ իմ տարբերությունը հենց դրանում է կայանում: Իմ կողքին կա ժողովուրդ: Իրենց հույսը միշտ իշխանությունն է եղել, հիմա ո՛չ իշխանություն կա իրենց կողքին, ո՛չ էլ ժողովուրդ:

- Ինչո՞ւ Փաշինյանն էլ չի գալիս Հովհաննավանք:

- Ամեն տեղ էլ կարող է գնալ, ոչ մի խանգարող հանգամանք չկա: Հավատացեք, ինձ այստեղից հեռացնելու փորձեր եղել են, եւ տեսել են դրա պատասխանը: Եթե էլի անեն, էլի կստանան:

- Դե պարզ է՝ ոստիկանությունը պահպանում է Ձեզ։ Իսկ հոգեւորականներից այժմ ո՞վ կա այդ տարածքում` Ձեզնից բացի:

- Միայն ես եմ, մյուս հոգեւորականներին խորհուրդ կտամ՝ գնան, իրենց հոտի կողքին կանգնեն, չլքեն, որբ չթողնեն իրենց հոտի անդամներին:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոսկալի անկում

Սոսկալի անկում

Երբ հետեւում ես կառավարության կամ խորհրդարանի նիստերին, որոնց հետեւել ես առնվազն մի 20-30 տարի, եւ զ...

×
Gallery Image