Մենք Վաղարշակին «կանչելու» չունե՞նք

Մենք Վաղարշակին «կանչելու» չունե՞նք

Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների մասին կարելի է շատ հետաքրքիր մուլտֆիլմ նկարել: Պատկերացրեք՝ օրերից մի օր, իսկ դա 2024թ. մայիսի 24-ին էր, Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Երեւան-Մոսկվա ինքնաթիռի տոմս է գնում, որ թռչի Մոսկվա: Այդ նորության մասին վերջինն իմանում է ՀՀ ԱԳՆ-ն եւ, թերթերի բերանը փակելու նպատակով, մի հայտարարություն է տարածում, որում մասնավորապես ասվում է. «Դա ռուսական կողմի որոշումն է»: Ասել է թե՝ իրենք կապ չունեն տոմս գնելու պատմության հետ: Թերթերի անհանգստությունը, բնականաբար, դրանից ավելի խորացավ: Վերլուծական մտքի գուրուներն իսկույն որսացին Արարատ Միրզոյանի երկիմաստ հայտարարության կասկածելի կողմն ու ենթադրեցին, որ այս գործում «մի բան հաստատ այն չէ»: Ո՞նց կարող է, էլի, ռազմավարական գործընկեր երկրի դեսպանը տոմս առնի ու թռչի, այն էլ՝ խորհրդակցությունների նպատակով: Դեսպանների պարագայում դա հարցաքննությունն է: Կոպիրկինին, ըստ էության, Մոսկվա էին կանչել հարցաքննելու: Իսկ դա կարող էր տեղի ունենալ մեկ դեպքում՝ երբ Մոսկվան Երեւանի գործողություններում տարօրինակություններ կամ սպառնալիքներ տեսներ:

Ինչեւէ, Կոպիրկինը թռավ Մոսկվա եւ մոտ 15 օր մնալուց հետո` օրերս է միայն վերադարձել, որ հունիսի 12-ին Ռուսաստանի օրերը նշի Հայաստանում: Ինչ-որ երկար հարցաքննեցին նրան: ՀՀ ԱԳՆ-ն անվրդով հանգստությամբ էր հետեւում այդ բացակայությանը, ու միայն թերթերն էին այդ մասին գրում, Արարատ Միրզոյանի հիմնարկը սրբորեն պահեց լռության ուխտը: 

Ես ինձ վերլուծական մտքի գուրու չեմ համարում, բայց ես էլ սկսեցի անհանգստանալ՝ լավ, էդ մարդն ինչո՞ւ հանկարծ վեր կացավ ու գնաց Մոսկվա՝ հարցաքննության, չլինի՞ մերոնք էլի կարմիր գծեր են հատել, վեկտոր են փոխում, ուզում են Պուտինին բռնել: Ինչ ասես՝ անցավ մտքովս: Բայց քանի որ մեր ԱԳՆ-ն լուռ էր, սկսեցի հետեւել ՌԴ պաշտոնական լրահոսին՝ հույսով, որ մի արտահոսք կլինի, մի հոդաբաշխ բացատրություն կլսեմ: Պարզվեց՝ ՌԴ վերլուծական մտքի գուրուների պետքն էլ չէ, որ Կոպիրկինը վերադարձել է Մոսկվա, իսկ ինչ վերաբերում է ՌԴ նախագահի աշխատակազմին եւ ՌԴ ԱԳՆ-ին, ապա նրանք ավելի «գաղտնապահ» էին, քան մեր վարչապետի աշխատակազմն ու ԱԳՆ-ն: Կոպիրկինի մասին ամենաթարմ տեղեկությունն էլ հաղորդել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ չմոռանալով նշել, որ Կոպիրկինին արդեն «հարցաքննել են», եւ նա շուտով կվերադառնա Հայաստան: «Չէ, չէ, չէ, Երեւանի հետ հարաբերությունների խզման մասին խոսք չկա, դեսպանին խորհրդակցության կանչելը սովորական դիվանագիտական պրակտիկա է»,- ասել է Գալուզինը:

Շատ բարի: Ես ուրախ եմ, որ ՌԴ-ն չի ցանկանում իր հարաբերությունները խզել Հայաստանի հետ: Բայց ինձ համար այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու, որպես հայելային քայլ, Հայաստանն էլ Վաղարշակ Հարությունյանին չհրավիրեց Երեւան: Երեւանում, իմ կարծիքով, ավելի մեծ թվով անհասկանալի հարցեր են կուտակվել, քան Մոսկվայում: Ինչո՞ւ Վաղարշակ Հարությունյանին չեն հրավիրում խորհրդակցությունների: Մրգի էլ լավ սեզոն է՝ թութ, ելակ, կեռաս, բալ, շպանկա, ցոգոլ… կարոտած կլինի Վաղարշակը: Իմ կարծիքով՝ այստեղ երկու պատճառ կարող է լինել՝ կա՛մ Երեւանում մոռացել են Վաղարշակ Հարությունյանի մասին, կա՛մ Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում որեւէ կարմիր գիծ չի խախտել:

Մտնում եմ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան կայքն ու ինչ եմ տեսնում՝ Վաղարշակ Հարությունյանն ուղղակի «ժարիտ» է անում: Մարդն էս շոգին հասել է ցուրտ սիբիրները, հանդիպումը հանդիպումի հետեւից է ունենում, է՛լ հայ համայնք, է՛լ Եկատերինբուրգի քաղաքապետ, է՛լ Սվերդլովի մարզի օրենսդիր ժողովի նախագահ, է՛լ Սվերդլովի մարզի նահանգապետ, է՛լ այց ու ծաղկամատույց Մարշալ Ժուկովի գերեզմանին… Բայց ոչ մի հիշատակություն Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների մասին: Սա էլ երեւի Վաղարշակի տակտիկան է, որ չլինի թե Երեւանում իր մասին հիշեն ու կանչեն խորհրդակցության: Ինքն ի՞նչ գործ ունի այդ խառը հաշիվների հետ: Թող Նիկոլը, ինչքան ուզում է, իրեն ճղի, որ Ղարաբաղը ռուսները տվին Ադրբեջանին, թող, ինչքան ուզում է, հերքի, որ ինքը չի ասել՝ Ղարաբաղը Ադրբեջան է: Վաղարշակին ի՞նչ: Նա դեսպան է ՌԴ-ում, եւ միայն այդքանը:

Ի դեպ, Գալուզինը նաեւ ասել էր, որ Ռուսաստանը չի պատրաստվում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների նշաձողը: Սա մի կողմից լավ է, բայց մյուս կողմից էլ՝ խիստ կասկածելի: Սեփական դեսպանին արտակարգ ռեժիմով հարցաքնության կանչելը, մեղմ ասած, հարցեր է առաջացնում: Շատ ավելի հասկանալի կլիներ, եթե նման բան ասեր Արարատ Միրզոյանը՝ մենք չենք պատրաստվում իջեցնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների նշաձողը, ահավասիկ՝ մեր դեսպանն անխռով շրջում է անծայրածիր Ռուսաստանում, եւ մենք նրան հարցաքննության «կանչելու» չունենք: