ՔՊ-ի թեկնածուն հոսպիտալացվել է

ՔՊ-ի թեկնածուն հոսպիտալացվել է

Այսօր լուր ստացանք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Դավիթ Ղուլունցը օրերս ինֆարկտ է ստացել եւ հոսպիտալացվել է։ Նա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է եւ հիմա քարոզարշավի ողջ բեռն իր վրա է վերցրել քեռին։

Ղուլունցը բավականին նվաղուն ձայնով պատասխանեց մեզ՝ խնդրելով իրեն չանհանգստացնեն․«Կլավանամ, բան չկա»,- ասաց նա՝ ավելին չցանկանալով մանրամասնել՝ այս պահին հիվանդանոցո՞ւմ է, թե՞ արդեն դուրս է գրվել։

Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում հետագա պայքարը, հնարավո՞ր է դուրս գա ընտրապայքարից, պատասխանեց․ «Լավ կարծիքներ ունենք, բայց որ կատարվի․․․Ես մասնակցում եմ պայքարին, ամեն ինչ էլ անելու եմ»։
 

Հ․Գ․-Նյութը հրապարակելուց մոտ մեկ ժամ առաջ մեզ զանգահարեց մի մարդ, որը ներկայացավ, թե Տեղ համայնքի ՔՊ ցուցակի երկրորդ համարն է՝ Միրզոյան Արամը  եւ փոխանցեց, որ ոչ թե ինֆարկտ է ստացել, այլ քովիդով է վարակվել, երբ փոխանցեցինք, որ թեկնածուն չի հերքել մեր ուղիղ հարցադրումը․«Չի կարողացել երկար խոսել», պատասխանեց նա,մինչդեռ այնքան երկար է խոսել, որ հասցրեց ասել՝ շարունակելու է պայքարը, դուրս չի գալու։
Նրանից հետո զանգեց Ղուլունցի եղբայրը եւ բառացիորեն սպառնալիքներ հնչեցրեց մեր հասցեին, ապա մեզ հետ կապ հաստատեց ինքը՝ Ղուլունցը եւ խմբագրեց առաջին զրույցը, ասելով, թե ինքը մրսել  է, թոքաբորբ է, ապա անցավ վիրավորանքի․«Դուք անհասկացող եք, մրսելը ինֆարկտի հետ կապ ունի վաբշե, ինֆարկտով տառապեք դուք ինքներդ»։