«Հրապարակ». Ինքնախաբեություն է մտածելը, որ կստորագրեն՝ խաղաղություն կլինի

«Հրապարակ». Ինքնախաբեություն է մտածելը, որ կստորագրեն՝ խաղաղություն կլինի

Հարցազրույց Արցախի ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի հետ։

- Մոսկվայի հանդիպումից ի՞նչ տպավորություն ստացաք։

- Առանձնապես որեւէ սպասելիք չկար, մինչ այդ տեղի ունեցած իրադարձությունների տրամաբանական շարունակությունն էր։ Հայտարարությունն այն մասին, որ ՀՀ ղեկավարն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ նկատի ունի նաեւ Արցախի Հանրապետությունը, նորից վերահաստատվեց։ Մյուս կողմից էլ, կարծում եմ, որ շատ դժվար կլինի ինչ-որ ընդհանուր բաների հասնել։ Ես նկատի ունեմ խաղաղության պայմանագիրը ստորագրելը, որովհետեւ ստացված տեղեկատվությունից պարզ երեւում է, որ կան բավականին տարաձայնություններ, եւ չեմ կարծում՝ այդ տարաձայնություններն այդքան հեշտ հարթվեն։ 

- Ռուսաստանի դիրքորոշումն ինչպե՞ս ընկալեցիք։

- Ընդհանուր առմամբ, հրապարակային քաղաքականությունը եւ իրական քաղաքականությունը շատ բաներով տարբեր են։ Այսինքն՝ այս կամ այն մասնավոր օրինակների վրա եզրակացություններ անելը, կարծում եմ, վաղ է, որովհետեւ ճանապարհ ունենք անցնելու եւ պետք է փորձենք իրար հետ լեզու գտնելով՝ ինչ-որ հարցեր լուծել։

- Քաղաքական ուժերը խոսում են հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։ 

- Ես կարծում եմ, որ դա անհրաժեշտ է՝ հատկապես Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող զարգացման տիրույթում, որովհետեւ արցախահայության այսօրվա հայացքն ուղղված է դեպի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, որովհետեւ քաջ գիտակցում է, որ այս ծանր բեռը հաղթահարել կարելի է միայն համատեղ ուժերով։ ՀՀ քաղաքացին, վերջիվերջո, պետություն ներկայացնող ժողովուրդ է։ Հիմա խնդիրն այն է, որ նման միջոցառումները հույս են ներշնչում, որ կարելի է պայքարը շարունակել, չհուսահատվել եւ փորձել ելք որոնել՝ այս ծանր իրավիճակից դուրս գալու համար։

- Բայց մտավախություններ կան, որ ՀՀ իշխանությունները հանրաքվեի դեպքում տարբեր լծակներով կհասնեն ցանկալի արդյունքին՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատասխանատվությունը դնելով ժողովրդի վրա։

- Դե, եթե հավատանք սոցիոլոգիական հարցումներին, այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ, ընդհանրապես, նրա շրջապատի վարկանիշն այնքան էլ բարձր չէ հանրության շրջանում։ Մյուս կողմից էլ, կարծեմ, սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ հասարակության 90 տոկոսը «ոչ» է ասել Արցախն Ադրբեջանի կազմում գաղափարին։ Միակ մտահոգությունը դա է, որ հանրաքվեի արդյունքները կեղծվեն։ Բայց կարծում եմ, որ հասարակության հետ աշխատանքը շարունակելու անհրաժեշտություն կա, որովհետեւ հանրությանը մատուցվում է, որ այդ քայլերով խաղաղություն է բերվում։ Վարչապետի խոսքը կադաստրային փաստաթղթի մասին շատ զարմանալի էր, մինչեւ հիմա ուղեղումդ չի տեղավորվում նման խոսքը, որովհետեւ, վերջիվերջո, մենք հազարամյակներ շարունակ պետականություն ենք ունեցել, ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը։ Եթե մտածում է, որ ինչ-որ խաղաղության պայմանագիր ստորագրելով ամեն ինչ վերջանում է, ապա սխալվում է, որովհետեւ նմանօրինակ պայմանագրեր աշխարհը շատ է տեսել, որոնք խախտվել են․վառ օրինակ է Գերմանիայի ու ԽՍՀՄ-ի՝ իրար վրա չհարձակվելու պայմանագիրը։ Հույս ունենալ, որ այդ պայմանագրով դարակազմիկ խաղաղություն է լինելու՝ դա ինքնախաբեություն է։ Եթե հակառակորդը խաղաղություն չի ուզում, դու գնաս, այդ խաղաղությունը մուրաս եւ ստորագրես՝ դա խաղաղություն չի բերի։ Խաղաղությունը լավ բան է, բայց դա այն ճանապարհը չէ, որով ժողովուրդը կփրկվի։ Ժողովրդի մեջ, ինձ թվում է, հույսն է նստած, որ կստորագրեն՝ խաղաղություն կլինի։ Բայց ժողովուրդը պետք է հասկանա, որ թշնամու զինված ուժերը նստած են Սեւանի ափին, Տեղ գյուղում, Ջերմուկի մատույցներում։ Պարզապես դա պետք է հասցնել ՀՀ բնակչությանը, մարդկանց աչքերը բացել, որ հասկանան՝ Արցախն այդպես հեշտ ու հանգիստ տալով՝ խաղաղ չեն ապրելու, չեն թողնելու, որ ապրեն։

- Փաշինյանի հայտարարությունները՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին, որեւէ փոփոխության հանգեցրե՞ց։

- Կան որոշակի տարակարծություններ, բայց թե՛ մեր խմբակցության կողմից, թե՛ որոշ այլ ուժերի, աշխատանք է տարվում, որ այդ համախմբվածությունը լինի։ Ինչպես ասում են, բոլորի ճակատագիրը նույնն է, եւ կարծում եմ, որ այդ ճանապարհով քայլեր արվում են, հուսամ՝ արդյունավետ կլինի։

- Արայիկ Հարությունյանի հայտարարությունը հույսեր ներշնչե՞լ է։ 

- Ինքն էլ է հասկանում ստեղծված իրավիճակի ողջ բարդությունը, որ պետք է երկրի ներսում համերաշխություն լինի, եւ փորձել համատեղ ուժերով հասնել դրան։