ՍԴ դատավորի թեկնածուն իր գործունեությունը սկսում է ընտրակեղծիքով

ՍԴ դատավորի թեկնածուն իր գործունեությունը սկսում է ընտրակեղծիքով

Հուլիսի 31-ին տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովը պետք է մի մեծ փունջ ընտրություններ իրականացներ՝ ՍԴ դատավորի թեկնածուի, ԲԴԽ անդամի թեկնածուի եւ մի քանի հանձնաժողովների անդամների։ 

Ընտրական գործընթացը կազմակերպել եւ ժողովը վարել է Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ով նաեւ եղել է ՍԴ անդամի թեկնածուն եւ ընտրվել է։ Այսինքն, նա շուտով կպաշտոնավարի Սահմանադրական դատարանում։ Բայց ամբողջ բանն այն է, որ ՍԴ թեկնածուն իր կենսագրությունը սկսում է ընտրակեղծիքից։ 5 քվեատուփ է եղել, որոնք բացելուց հետո պարզվել է, որ ԲԴԽ անդամի քվեարկության տուփում 11 քվեաթերթիկ ավելի է, քան ներկա դատավորների քանակն էր՝ 194։ Մեզ ասացին, որ դա անգամ հաշվիչ հանձնաժողովն արձանագրել է, սակայն արձանագրել են ու լռելյայն անցել առաջ։

Կեղծիքը ոչ մի դեր չի խաղացել եւ ՍԴ անդամի թեկնածուն, որն ապագայում պետք է քննի նաեւ համապետական ընտրությունների հարցեր, նույնպես լռել է ու կոծկել կատարվածը։

Հիշեցնենք, որ ՍԴ նախկին անդամներից ազատվելու միակ մոտիվացիան այն էր, որ նախկին ՍԴ-ն մասնակցել է Հայաստանում ընտրակեղծիքների իրականացմանը՝ անվավեր չի ճանաչել ընտրությունները։ Մինչդեռ, գոնե Հրայր Թովմասյանը երբեք չի մասնակցել ընտրությունների հարցի քննություններին։ Իսկ նրա պոտենցիալ փոխարինող Խունդկարյանը, կարող ենք արձանագրել, որ արդեն իսկ մասնակցել է կեղծիքով ընտրությունների իրականացմանը։