Չի կարելի անվանարկել որևէ շարժում, իրավունք չունես, եթե իհարկե, շարժման նկատմամբ վախ չունես
«Հրապարակ»-ի զրուցակիցը երիտասարդ գյումրեցի մանկավարժ-պատմաբան Արմեն Մելքոնյանն է։ Երկրում ծավալվող իրադարձությունները խորը վերլուծության ենթարկելով, Արմեն Մելքոնյանը համոզմունք է հայտնում, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հաջողության հասնելու է․
«Շարժումը մաքուր է, ընթանում է իր բնական հունով, բայց միևնույն ժամանակ, որպես գործընթացին հետևող անձ՝ ես կոչ կանեի, որ պայքարը միայն ժողովրդական ճնշմամբ չսահմանափակվի, այլ քաղաքական դաշտում ևս պետք է սկսել լուրջ գործընթացներ, որը կբերի իշխանափոխության՝ արտահերթ խորհրդարանական ընտրության ճանապարհով», -ասում է պատմաբանը՝ կարևորելով եկեղեցու դերը․
«Մեր պատության մեջ եկեղեցին բազմաթիվ անգամ է առաջնորդել ազատագրական պայքարը, բազմաթիվ են հոգևորականների անունները տարբեր ժամանակաշրջաններում, միայն այն, որ ռազմական պայքարի, ֆիզիկական գոյությունը ապահովելու համար դիմադրության հորդորողը, եւ եվրոպական դիվանագիտությունից ու Արևմուտքից հրաժարվողը հենց եկեղեցական գործիչ էր՝ Մկրտիչ Խրիմյանը, եւ հենց այդ պատճառով հայդուկային շարժում ծավալվեց։ Առաջին Հանրապետության ստեղծմանը նպաստեց նորից հոգևորականը՝ Գևորգ 5-րդ կաթողիկոսը»։
Արմեն Մելքոնյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանի այն հայտարարությանը, թե Գյումրիում Սրբազանի հանրահավաքին գյումրեցիների մասնակցությունը շատ քիչ էր, եկողները Երևանից էին։ «Դե, մի քանի ավտո մարդ էին եկել, իրանց ժողովուրդն էր, Թատերական հրապարակում ցիրկ էին ցույց տալիս, հետո էդ ցիրկն ավարտվեց, էդ մարդիկ նստեցին իրենց մեքենաները, վերադարձան Երեւան»,- «Հրապարակ»-ին ասել էր պատգամավորը։
«Բնականաբար, իշխանական գործչի գնահատականը դա պիտի լիներ, նախ՝ էդ մարդը ծանոթ չէ քաղաքական վերլուծությանը, ինքն իր անձնական գնահատականն է հայտնում, որը իշխանահաճո պիտի լինի, եւ իր մակարդակը չպետք է գերազանցի իշխանական ֆեյքերին։ Հետո քաղաքական կոռեկտություն գոյություն ունի, որ չի կարելի անվանարկել որևէ շարժում, իրավունք չունես, պետք է կոռեկտ լինես, եթե իհարկե, շարժման նկատմամբ վախ չունես, սարսափներ չունես մոտակա պաշտոնազրկման։ Ինչ վերաբերում է մարդկանց թվաքանակին, թե գյումրեցի չէին հավաքվածները, եւ այլն, հիմա էս համացանցի դարում հնարավոր չէ չնկատել ճիշտն ու սխալը, օրինակ էդ պահով կցանականայի իրենց ուշադրությունը հրավիրել նրան, երբ ապրիլին Գյումրիում քաղաքացու օր տոնվեց, ինչպես տոնվեց։ Գյումրիում այդ օրը քաղաքացու օրվա տոնը կարելի էր որակել որպես քաղաքացու օրվա վախճան, որովհետև բացի հրապարակում կանգնած նվագախմբից, ընդամենը ներկա էին 7-10 մարդ, որոնք ուղղակի եկել էին հետաքրքրվելու, թե դա ինչ միջոցառում է։ Այդ օրը վառ վկայությունն էր նրա, որ օրվա կառավարության օրոք ամեն ինչ վերածվել է զավեշտի, եւ հիմա արդեն համեմատություն անելիս պիտի զգույշ լինեն, պիտի ասեն ոչ թե այն, ինչ իրենք են ուզում տեսնել, այլ խոսեն փաստերով։ Երբ խոսում են շարժման սակավաթվության մասին, այստեղ պետք է նաև հակառակ բևեռը նայել։ Ես հիշում եմ, երբ 2018թ-ի հեղափոխությունը նոր էր եղել, եւ ապամոնտաժում էին օպերայի հարակից սրճարանները, մարդիկ, դեռևս լավի սպասումով, այդ հեղափոխական ազդեցության տակ, ընդդիմանում էին այն ցուցարարներին, ովքեր դեմ էին սրճարանների ապամոնտաժմանը, եւ այդ մարդկանց քաղաքացիները թույլ չէին տալիս ճանապարհ փակել կամ որևէ ձև ընդվզել։ Սա վկայում էր այն մասին, որ իշխող ուժը վայելում էր ժողովրդի աջակցությունը, հիմա լրիվ հակառակն է։ Իրենց ասելով՝ մոտ մեկ ամիս է ՝ շարժումը կա, եւ Երևանում էդպես զգալի շարժ չկա, ընդամենը բողոքի ակցիաներ են , եւ մարդիկ կան, որ դժգոհում են այդ բողոքի ակցիաներից։ Լավ, ինչի այս ընթացքում մենք չտեսանք հրապարակում հավաքված մարդկանց գոնե մեկ տասներորդի մասով հավաքված մարդկանց բազմություն, թեկուզ Երևանի մի թաղամասում, որ ի աջակցություն իշխանության՝ հանրահավաք են անում, որը կապացուցեր, թե տեսեք՝ այ, մենք էլ աջակիցներ ունենք։ Այ, էս ժողովրդավարական արժեքները ցույց տալ սիրող իշխանությունն այսօր զուրկ է այդ հնարավորությունից եւ հասկանում է, որ իր միակ հենարանը ուժային կառույցն է ։ Գիտակցում են, որ իրենց մեկ թուլությունը կարժենա իշխանության կորուստ, կհեռանան ասպարեզից, իհարկե՝ ոչ պատմությունից, որովհետև կմնան պատմության մեջ որպես այնպիսի իշխանություն, որին ուսուցիչը մատնացույց անելով՝ աշակերտներին պետք է սովորեցնի, որ նման սխալ, նման իշխանություն մենք այլևս ունենալու իրավունք չունենք։ Պատմության մեծ դաս պիտի լինի»,-ասաց մեր զրուցակիցը։
«Տեսեք, սրբազանի հետ կապված՝ նախքան ԱԱԾ-ի հերքումը, շատ էին որակումները, թե գործակալ է, չգիտեմ ինչ է, բայց նույնիսկ այդ ամեն ինչը չփոխվեց, երբ հերքում տեղի ունեցավ, տեսեք՝ օրվա իշխանություններն ինչքան անլուրջ են։ Ես միշտ ասել եմ, եթե մարդիկ մտածում են, որ երկնքից հրեշտակ է իջնելու, որ ոչ մեկի հետ կապ պիտի չունենա, ոչ նախկինների, ոչ ներկաների, ու պիտի առաջնորդի միլիոնավոր մարդկանց, դա ֆանտազիայի ժանրից է, իսկ այդ նախկին ու ներկա, սև ու սպիտակ անելը ձեռնտու է միայն օրվա իշխանություններին, որ պառակտեն, սևացնեն շարժումը։ Այսօր մեր տարածքային ամբողջականությունը խեղված գնում ենք սահմանազատման։ Վերջերս ԱԺ-ում նման հարց հնչեց, թե լավ, որ Ադրբեջանը չտա մեր գրաված տարածքները, ինչ ենք անելու։ Իշխանականներն ասեցին, թե՝ դե կդիմենք միջազգային գործընկերներին, ճնշում կգործադրեն, կփորձեն օգնել մեզ։ Բայց հիասթափեցնեմ նրանց։ Մենք թե Սևրի պայմանագրի ժամանակ, թե Արցախի ողջ բանակցային գործընթացում, հույսներս դրել ենք միջազգային հանրության վրա, բայց փորձը ցույց տվեց, որ միջազգային հանրությունը ադրբեջանական նավթի ու գազի դիմաց աչք փակեց մեր ցավերի ու տառապանքների վրա։ Մյուս մասով ասեմ՝ ուկրաինական հակամարտությունը քանի գնում, վերածվում է միջազգային շատ լուրջ առճակատման, եւ այս պարագայում, որ ամեն րոպե փոխվում են բոլոր ստանդարտները, էն աշխարհը, որ կար 10-20 տարի առաջ, այլևս չկա, խոսել միջազգային իրավունքների պահպանման, նորմերի մասին, ուղղակի անհեթեթ է»,-նկատեց պատմաբան-մանկավարժը։
Կարծիքներ