«Հրապարակ». Հերիք ու բոլ եղավ

«Հրապարակ». Հերիք ու բոլ եղավ

Գերագույն հոգեւոր խորհուրդը երկու օր շարունակ նիստ հրավիրելուց հետո կհանդիպի երկրի առաջին դեմքերին` այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, շաբաթ օրը` նախագահ Արմեն Սարգսյանին: Հիշեցնենք, որ նախարար դառնալու հենց առաջին օրվանից Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ «եկեղեցու պատմություն» առարկան պետք է հանվի դպրոցական ծրագրից, սակայն հանդիպելով հասարակական հակազդեցությանը՝ առժամանակ «լռեցրին» հարցը։ Հիմա, ի վերջո, ԿԳՄՍ-ն որոշում է կայացրել, որ այդ առարկան հանվում է դպրոցական ծրագրերից, ներառվում հայոց պատմության ծրագրի մեջ: Արդյոք հոգեւոր խորհրդի երկօրյա քննարկումների առարկան եղե՞լ է հայ առաքելական եկեղեցու պատմության նկատմամբ իշխանությունների մոտեցումը։ «Ոչ, հոգեւոր խորհրդի երկօրյա նիստերի ընթացքում չենք քննարկել այդ հարցը, որոշել ենք հարցն այսօր ուղղել Փաշինյանին ու Միրզոյանին, թե ինչու եւ ինչպես կարելի է նման բան։ Չնայած` կարող է եւ չուղղենք, չլսենք իրենց, որովհետեւ խորհրդում առկա է պնդումը, որ հարցը միանշանակ պետք է դնել` առանց իրենց կարծիքը լսելու, որ հերիք ու բոլ եղավ, մենք դեմ ենք, եւ անթույլատրելի, հակաառաքելական է նման քայլը։ Այն էլ` նույն նախարարության կողմից սեռափոխ անձի մասին ֆիլմի համար գումար հատկացնելու ֆոնին. չնայած խորհրդի կազմում այլ տեսակետ էլ կա, կան նաեւ կոմֆորմիստներ, որ գտնում են` կարելի է եւ այդպես»,- ասաց հոգեւոր խորհրդի մեր աղբյուրը: Աշխարհականների՞, թե՞ հոգեւորականների թվում են նրանք։ «Աշխարհականներ են՝ ՀՀՇ-ական իշխանությունների հետ ջերմ կապերի մեջ եղած»: Իսկ Վեհափա՞ռը։ «Վեհափառն իրեն անաչառ է պահում»: