Ինչի՞ հաշվին

Ինչի՞ հաշվին

Իշխանական զանգվածն ու նրա արբանյակները ցնծում են` հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվում են: Այն, ինչ չկարողացավ անել ինտելեկտուալ, հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների ջատագով Լեւոն Տեր-Պետրոսյանը, այն, ինչ չկարողացավ անել կամային, Պուտինի հետ լավ հարաբերություններ ունեցող Ռոբերտ Քոչարյանը, այն, ինչ չկարողացավ անել կոմպրոմիսների եւ ֆուտբոլային դիվանագիտության նախաձեռնող Սերժ Սարգսյանը, արեց անփորձ Նիկոլ Փաշինյանը: Ահա` սահմանը բացվում է, կամուրջ են կառուցում, փոխադարձ այցելություններ են կատարում: Բան չմնաց` մի քիչ էլ, ու մենք կունենանք հայ-թուրքական ջերմ հարաբերություններ, ինչը չի եղել 100 տարուց ավելի: Մտածող մարդիկ, իհարկե, սրան առարկում են. եթե այսքան զիջումների գնային Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, վաղուց ե՛ւ ճանապարհը բացված կլիներ, ե՛ւ կամուրջները գործելուց կլինեին, ե՛ւ քըլըչներն էլ ոչ միայն շնորհակալություն կհայտնեին, այլեւ հայերին իրենց գլխի վրա կընդունեին:

Ինչո՞ւ չէր բացվում սահմանը, եւ ի՞նչն էր այսքան տարի խանգարում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Առաջին հերթին՝ Արցախի խնդիրը, երկրորդը` Ցեղասպանության ճանաչման գործընթացը, եւ երրորդը` ՀՀ իշխանությունների վճռականությունը, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն` առանց հայկական շահից դույզն ինչ նահանջելու: Եթե Տեր-Պետրոսյանը կնքեր Արցախի խնդրի կարգավորման փաթեթային առաջարկը, եթե Սերժ Սարգսյանը համաձայներ պատմաբանների հանձնաժողով ստեղծելուն, եթե Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեր Արցախի անկախության պահանջից, մենք շատ վաղուց թուրքերի հետ բարեկամացած կլինեինք: Եվ այն, որ այսօր բարեկամանում ենք` այս հրաժարումների եւ զիջումների շնորհիվ, կրկնակի պարտություն է: