Ի՞նչ խնդիր կա Վիգեն Սարգսյանի նախաձեռնած «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերի հետ

Ի՞նչ խնդիր կա Վիգեն Սարգսյանի նախաձեռնած «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերի հետ

Մենք տեղեկություն ունեինք, որ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի օրոք մեկնարկած «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերն այս պահին գրեթե չեն գործում, եւ հնարավոր է՝ դրանցից առնվազն մեկի գործունեությունը կասեցվի։

Ուստի հարցում էինք ուղարկել պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել տվյալներ, թե 2017-2018 թվականներին՝ առանձին, եւ 2018 թ․ մինչ վերջին զորակոչը քանի՞ քաղաքացի է դիմել «Եմ եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերով ՀՀ զինված ուժերում ծառայության անցնելու համար։ Հայտնել էինք նաեւ մեր ունեցած ինֆորմացիան, ըստ որի՝ ծրագրերից մեկով որոշակի խնդիրներ են առաջացել, եւ ՊՆ-ն մտադիր է կա՛մ հանել, կա՛մ փոփոխություն մտցնել դրանց կարգում։ Ի՞նչ խնդրի մասին է խոսքը, արդյոք նախարարությունը մտադի՞ր է հրաժարվել «Ես եմ» կամ «Պատիվ ունեմ» ծրագրերից կամ էլ փոփոխություն մտցնել դրանցում՝ հարցրել էինք ՊՆ-ին։ 

Նախարարության լրատվական վարչությունից մեզ ուղարկեցին հետեւյալ գրությունը, որում մեր հարցերի պատասխանները լիարժեք տրված չէին, մասնավորապես՝ ՊՆ-ից չեն մեկնաբանել ծրագրերից մեկի փակվելու մասին մեր տեղեկությունը։ Այստեղից մեզ հայտնել են, որ «Պատիվ ունեմ» ծրագիրը 2017 թ․ դեռեւս չի գործել, իսկ 2018 թվականին ծրագրին դիմել է 350, 2020-ին՝ 420, իսկ 2020 թվականին՝ 650 քաղաքացի։

Ինչ վերաբերում է «Ես եմ» ծրագրին, ապա ՊՆ-ից տեղեկացրել են, որ այն ներդրվել է 2018 թ․ հունվարի 1-ից, եւ նշված ծրագրի շրջանակներում զինվորական ծառայություն անցնելու համար դիմել եւ ՀՀ զինված ուժեր է զորակոչվել 515 քաղաքացի։

«Դրանցից 2017 թ․ ձմռանը՝ 142, 2018 թ․ ամռանը՝ 117, 2018թ․ ձմռանը՝ 94, 2019 թ․ ամռանը՝ 89, իսկ 2019 թ․ ձմռանը՝ թվով 73 քաղաքացի։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2020 թ․ ամառային զորակոչի ընթացքում «Ես եմ» ծրագրով ծառայության անցնելու համար դիմելիություն չի գրանցվել»,- տեղեկացրել են պաշտպանության նախարարության աշխատակազմից։
Թե ինչու այս տարի ոչ ոք չի դիմել, ՊՆ-ից չեն հայտնել, չեն պատասխանել նաեւ ամենակարեւոր հարցին, թե ինչ խնդիր կա այս ծրագրերի իրականացման առումով։
Հիշեցնենք, որ «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերը պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի գաղափարն էին, որոնք նա որոշեց կյանքի կոչել 2016-ի ապրիլյան պատերազմից հետո։ Ծրագրերը, որոշ քննադատություններով հանդերձ, ընդհանուր առմամբ, դրական արձագանքի արժանացան հանրության կողմից։ Դրանցից մեկով՝ «Պատիվ ունեմ» ծրագրով,  պետությունը նպատակ է հետապնդում բուհերը կապել սպայական ծառայության հետ։ Ծրագրին կարող են մասնակցել բոլոր ուսանողները, եթե համապատասխանում են հրապարակված պահանջներին եւ կծառայեն որպես ժամկետային զինծառայողներ ոչ թե երկու տարի, այլ` երեք որպես սպա: Բուհում կրթությունն ավարտելուց հետո շրջանավարտները լեյտենանտի կոչում կստանան եւ կծառայեն ԶՈՒ-ում երեք տարի: Ծառայության ժամանակ նրանք աշխատավարձ կստանան, իսկ ծառայությունից հետո` բոնուսներ։

Երկրորդ․ «Ես եմ» ծրագիրն արդեն ժամկետային զինծառայողների համար է։ Համաձայնելով մասնակցել այս ծրագրին` զինծառայողները պետք է հինգ ամիս սովորեն, ապա ծառայության անցնեն սահմանամերձ շրջաններում: Յուրաքանչյուր ամսվա յոթ օր նրանք տանը կանցկացնեն, մնացած 24-ը` զորամասերում եւ մարտական դիրքերում։
Մեզ ասացին, որ այս ծրագրի հետ կապված ինչ-ինչ խնդիրներ կան, այդ թվում՝ տեխնիկական, արձակուրդի տրամադրման ժամկետների եւ այլն, որոնք ի հայտ եկան հատկապես կարանտինային այս ամիսներին, եւ հնարավոր է դա կա՛մ առհասարակ հանվի, կա՛մ փոփոխություններ մտցվեն ծրագրում։