Անցյալի դասերը

Անցյալի դասերը

Հավանաբար, բոլոր ժամանակներում եւ բոլոր երկրներում իշխանություններն իրար նման են, ընդդիմությունները՝ իրար։ Իսկ մեր երկրում բոլոր ժամանակների իշխանություններն են իրար նման, ընդդիմությունները՝ իրար։ Բոլոր ժամանակներում մեր իշխանություններին ամենաբնորոշ որակը ցինիզմն է, ավելորդ ինքնավստահությունը, պաշտոններից կառչածությունը, փողին ու վայելքներին տրվելու անհագուրդ ցանկությունը, եւ անպայման բոլորը, ինչ-որ պահից սկսած, իրականությունից կտրվում են եւ այլեւս իրավիճակին չեն տիրապետում։

Երբ 2018 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին ասում էր՝ Դուք չեք տիրապետում իրավիճակին, ոչ մեկիս մտքով չէր անցնում, որ ընդամենը երեք տարի հետո ինքն ավելի է կտրվելու իրականությունից եւ ավելի նվազ չափով է տնօրինելու իրավիճակը, քան իր նախորդը։ Դրան գումարած՝ իրենք ավելի ինքնավստահ են դառնալու եւ կարծելու են, թե իշխանությունը հավերժ է, իսկ իշխանությունից հեռանալու օրը՝ հեռավոր սարերի ետեւում։ Եթե այդպես չլիներ, կհասկանային, որ պաշտոնյան ինքնասիրահարված տոնով, սադրիչ հայտարարություններ չպետք է անի ոչ մի դեպքում, դրանք, որպես կանոն, չեն ներվում։ Ինչպես չեն ներվում սուտն ու խաբեությունը, կեղծ խոստումն ու ապաշնորհությունը, հղփանալն ու կարգավիճակը չարաշահելը։ Ու երբեմն կհիշեին, որ 2017-ին իր հավերժացման համար բաժակ բարձրացնող ՀՀԿ-ն էլ չէր պատկերացնում, որ իր իշխանությանը մնացել է մի քանի շաբաթ կամ օր։ Նրան կործանողը հենց այդ ավելորդ ինքնավստահությունն էր, մարդկանց վրդովմունքը, հոգնածությունը, դժգոհությունները թերագնահատելը, նաեւ՝ Աստծո ու հանրության դատաստանի հանդեպ վախի կորուստը։ Բայց նրանց խղճին գոնե Արցախի հարց ու 5 հազար երիտասարդի մահ չկար։ Իսկ ինչի՞ վրա է սրանց հույսը։