Արաբո ջոկատի հրամանատար, ազատամարդիկ Մանվել Եղիազարյանին հարցրինք, թե ի՞նչ կարծիք ունի Պնախարար Արշակ Կարապետյանին աշխատանքից ազատելու և նրա փոխարեն Սուրեն Պապիկյանին այդ պաշտոնին նշանակելու՝ Փաշինյանի որոշման մասին։
Մանվել Եղիազարյանի կարծիքով՝ պատճառն այն է, որ Արշակ Կարապետյանը հրաժարվել է որոշ հրահանգներ կատարել․
«Երեկ ես մամուլում կարդում էի, որ մեր զորքերը առանց զոհերի, քաջաբար նահանջեցին, առանց կրակոցների, առանց զոհերի 2 կիլոմետր նահանջեցին, և ադրբեջանցիները տեղափոխվեցին մեր դիրքերում, մերոնք էլ տեղափոխվեցին այլ դիրքերը։ Այդ ո՞վ է իրենց հող տվել, որ իրենք այդպես հեշտ, դերասանորեն նահանջեցին, եսիմ ինչ արեցին, վիրավորներ չկան, զոհեր չկան։ Էդ ինչ հայրենիքը տալու թազա ձև է։ Ես կարծում եմ, որ Արշակ Կարապետյանը դրա համար էլ հրաժարական է տվել, որովհետև բաներ կան, որ ինքը չի ցանկացել անել, դա անելու բան էլ չի․ մի տեղ վախեցան, մի տեղ կրակեցին, մի տեղ շուն տեսան, մի տեղ կատու տեսան․․․, այդպես հայրենիք չեն պաշտպանում։ Եթե իրենք ի վիճակի չեն հայրենիք պաշտպանելու, ապա հայրենիքը տալու իրավունք իրենք չունեն։ Դա մեր հայրենիքն է։ Դրա համար էլ բերեցին, Պապիկյանին նշանակեցին, երևի ինքը ավելի հլու-հնազանդ կկատարի այն հրահանգները, որոնք իջնում են վերևից։ Կարծում եմ՝ պատճառը դա է»,- մեզ հետ զրույցում ասաց Եղիազարյանը։