Հայաստանի միակ փրկությունը բոլորի լիակատար համաներումն ու Ազգային միասնության կառավարության ձեւավորումն է

Հայաստանի միակ փրկությունը բոլորի լիակատար համաներումն ու Ազգային միասնության կառավարության ձեւավորումն է

Հարցազրույց իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինի հետ

- Պարոն Էսկին, կա կարծիք, որ Էրդողան-Չավուշօղլու, «Գորշ գայլերի» քաղաքական թեւի առաջնորդ Բահչելի եւ այլ թուրքական հայտարարություններն այն մասին, որ ԳՇ-ի հայտարարությունը հեղաշրջման փորձ էր` ուղղված Ռուսաստանին, եւ որ թուրքերն իրականում շահագրգռված են, որ մնա Նիկոլ Փաշինյանը։ Ինչո՞ւ։ 

- Թուրքերն իրականում շահագրգռված են նրանում, որ Հայաստանում շարունակվի քաոսը։ Ու պարտադիր չէ, որ իշխանությունը մնա Փաշինյանին։ Եվ այս առումով, Հայաստանում յուրաքանչյուր փոփոխություն կոնստրուկտիվ բնույթ չի ունենա երկրի համար, իսկ գուցե կուրախացնի ձեր հարեւաններին, քանի որ այսօրվա դրությամբ Հայաստանի համար միակ օրգանական բանը կլիներ բոլորի լիակատար համաներումն ու ազգային միասնության կառավարության ձեւավորումը։ Առանց բացառության՝ բոլոր քաղաքական ուժերի։ Եթե սա չլինի, ապա Հայաստանը հիմա դատապարտված կլինի ներքին դիմակայության, եւ իրավիճակն այնպիսի փուլ կթեւակոխի, որ Հայաստանը պարզապես կդադարի հետաքրքրություն ներկայացնել ոչ միայն միջազգային հանրության, այլեւ հայկական սփյուռքի համար, ինչը ցավալի կլինի։ 

- Այսինքն՝ Դուք էլ եք այն կարծիքին, որ Հայաստանը պետականությունը կորցնելու շեմին է։ 

- Ոչ, Հայաստանը չի կորցնում պետականությունը, Հայաստանը չի կորցնի այն։ Ոչ ոք որեւէ երկրի թույլ չի տա գրավել Հայաստանը, բայց Հայաստանը կորցնում է ուժեր եւ բնակչություն։ Սա բոլորի համար ակնհայտ է։ Եվ, առհասարակ, ինչպե՞ս եք պատկերացնում՝ որ թուրքական զորքը կմտնի Երեւա՞ն։ Թուրքերը, ինչ է, մտադիր են պատերազմե՞լ Ռուսաստանի հետ, որը ձեզ մոտ ռուսական բազա ունի։ Սրանք խոհանոցային մակարդակի խոսակցություններ են։ Բայց նորից եմ ասում՝ Հայաստանը կորցնում է, կորցնում, կորցնում։ Ու այսքան կորցնելու դեպքում, այո, ես հնարավոր եմ համարում, որ ռուսական ազդեցությունը թուլանա, իսկ թուրքականը՝ ավելանա։

 - Լսե՞լ եք Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները․ երբ խոսում էր բանակի մասին, ասում էր՝ խաղաղություն է, բանակն ի՞նչ եք անում, ինչի՞ եք պատրաստվում՝ ռեւանշի՞, այդ դեպքում Ձեզ ցույց կտանք։ Նման հայտարարություններ անող պետության հետ հաշտեցում հնարավոր համարո՞ւմ եք։ 

- Այո, ճիշտ եք, նման հայտարարությունները բնորոշ են կովկասյան տարածաշրջանին։ Բայց տեսեք, թե ինչ է գրում հայկական մամուլը։ Լրատվամիջոցների մի մասը գրում է, որ Փաշինյանը թուրք է եւ թուրքական գործակալ, Ադրբեջանի զինվոր, իսկ մյուս կեսը՝ որ Քոչարյանն է թուրք, որ այս ողջ պատերազմը Քոչարյանի ձեռքի գործն էր։ Այնպես որ, շատ մտահոգիչ է հետեւել, թե ձեր տարածաշրջանում ով ինչ է հայտարարում։ Առհասարակ, նման խոսակցությունները, օրինակ՝ իմ ու Ձեր, շատ վտանգավոր են, քանի որ երկրի իրական խնդիրներով զբաղվելու փոխարեն բոլորը հայտարարություններ են անում։ Իսկ դրանք են, նախեւառաջ, լիակատար համաներում եւ միաբանություն, որպեսզի Ղարաբաղում կարողանաք պահել ինքնավարությունը։ Այ, սա ռեալ խնդիր է։ Ալիեւը ոչինչ չի ուզում տալ հայերին, բացի այնտեղ ապրելու փաստից եւ մեկ էլ հայերենը դպրոցներում դասավանդելու հնարավորություն՝ ցանկության դեպքում։ Վերջ։ 

- Այո, չի ուզում լսել նաեւ Արցախի կարգավիճակի մասին, ասաց՝ յոխ։ 

- Ես էլ այդ եմ ասում, որ եթե միավորվեք, ու ձեզ մոտ վերջապես ինչ-որ դրական գործընթացների մեկնարկ տրվի, Ալիեւը չի շտապի իր այդօրինակ հայտարարություններով։ Մանավանդ, երբ գիտենք, որ այնտեղ ռուսական զորքեր են։ Նորից եմ ասում՝ նայեք, թե ձեր մամուլն ինչեր է գրում։

- Նման ծանր պարտությունից հետո արդյոք բնական չէ՞ դա։ Ադրբեջանում էլ, ի դեպ, նույն տրամադրություններն էին 90-ականներին։ 

- Նույնը՝ պատերազմի ընթացքում․ ողջ հայկական քարոզչությունն ապատեղեկատվություն էր, Ադրբեջանինը՝ գոնե 90 տոկոսով։ Այո, եւ Հայաստանի համար շատ ավելի լավ կլիներ վերջ տալ դրան եւ իրականությունը ներկայացնել։ Սա վարչապետի կառույցներից եկած ապատեղեկատվություն էր, իսկ ապատեղեկատվության մյուս մասն էլ այն է, որ Փաշինյանը թուրքական գործակալ է, որ նա վաճառել է Շուշին։ Եվ թե՛ սա, թե՛ նա իրականությանը չի համապատասխանում։ Երկիրը վերականգնելու համար պետք է միմյանց սիրել, այլ ոչ թե ատել։

- Ստիպված եմ կրկին հիշեցնել 90-ականները, երբ պարտված Էլչիբեյին փոխարինեց հայր Ալիեւը։ 

- Բայց ձեզ մոտ այդ դրությունը չէ, դուք չունեք նավթային ու տարածքային պաշարներ։ Ի՞նչ կապ ունի, թե ինչ է եղել Ադրբեջանում, գուցե արաբական երկրներում էլ այլ բաներ են եղել։ Այդ երկպառակությունը շարունակելու դեպքում հսկայական մարդկային ռեսուրսներ կկորցնեք։ 

- Մի՞թե հակաբնական ու անտրամաբանական է, որ բանակցություններում երկիրը չներկայացնի պարտված մարդը։ Չասեմ Սարգսյանի բառով՝ կապիտուլյանտը։

- Բնական է, հասկանալի, բայց եթե ազգային շահերն այլ բան են պահանջո՞ւմ։ Ձեր բնակչությունը կիսվել է, ըստ իս՝ բնակչության 60 տոկոսը պաշտպանում է Փաշինյանին, 40-ը՝ Քոչարյանին։ Եվ եթե այս խմբերն այսքան ակտիվորեն շարունակեն միմյանց դիմակայել, բոլորի համար վատ է լինելու։ Թե՛ իշխանության, թե՛ նրանց։ Դուք տեսականորեն ճիշտ եք գուցե, բայց փաստն այն է, որ որոշ իրավիճակներում պետք է գնալ զիջումների։ Գուցե մեկ այլ իրավիճակում, երբ վարչապետը, որն այդպիսի պարտություն կրեց՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, պետք է գնար։ Բայց հիմա ձեզ մոտ լրիվ այլ իրավիճակ է։ 

- Վստահ եմ՝ ծանոթ եք «Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությանը, հետո դրա հանգուցալուծմանը։ Այն պատահականություն՝ լեզվի սայթաքո՞ւմ եք համարում։ 

- Եթե մենք հիմա նայենք, թե ով ինչ ասաց, ապա կարձանագրենք, որ որեւէ մեկը որեւէ ճիշտ բառ չի ասել։ Իսկ Փաշինյանը շարունակեց այս ավանդույթը, քանի որ այն, ինչ ասաց, իրականությանը չէր համապատասխանում։ Բայց նա ասաց, որ իրեն սխալ էին տեղեկացրել, իսկ այդ դեպքում ես ի՞նչ կարող եմ ասել, ես այնտեղ չեմ եղել։

 - Բայց չէ՞ որ դա սպառնում է այս իրավիճակում հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ։

- Ինձ հետ այնպես եք խոսում, ասես Փաշինյանի մամուլի քարտուղարն եմ։ Ես առիթ եմ ունեցել պատերազմի ընթացքում Փաշինյանին բավական կոշտ քննադատելու։ Բայց ես խոսում եմ հիմա միայն Հայաստանի ու հայ ժողովրդի բարօրության մասին՝ ազգային միասնության գաղափարի մասին։ Իսկ մնացյալը հղի է շատ վատ բաներով։ Առնվազն՝ երկրի էլ ավելի թուլացմամբ, եթե ոչ ավելի վատ։ Բայց այդ ավելի վատի համար դեռ մի քանի տարվա հեռանկար կա։ Ցավոք, ես նկատում եմ, որ Հայաստանում որեւէ մեկի մտքով չի անցնում երկրի համար որեւէ լավ բան ասել, բացի ապացուցելուց իրեն դուր չեկած անձի սխալականությունը։ Հայաստանում մարդկանց մի մասը փորձում է ապացուցել, որ Քոչարյանն է թուրքական գործակալ, մյուս մասը՝ Փաշինյանը։ 

- Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին ի՞նչ կասեք։ 

- Սա շատ լավ է, բայց դրան դեռ ոչ ոք չի գնում։ Նորից եմ ասում․ որպեսզի Հայաստանն արդյունավետ քաղաքականություն իրականացնի, նրան պետք է միավորում։ Եթե ոչ՝ գնալով թուլանալու է, որքան թուլանա, այնքան Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ճնշումներն ավելանալու են։ Նրանց նպատակը մեկն է՝ Արցախն ամբողջությամբ զրկել որեւէ կարգավիճակից։ Կարծում եմ՝ դա հասկանում եք, որ սա Ադրբեջանի ռազմավարական նպատակն է՝ որ այնտեղ լինեն Ադրբեջանի հնազանդ քաղաքացիներ, որոնք, դրոշները ձեռքին, կողջունեն Ալիեւին, որը կայցելի Ղարաբաղ։ Ու սա թույլ չտալու համար ոչ թե մեկ տարուց, այլ հենց հիմա պետք է զբաղվել երկրի խնդիրներով։ Իսկ սա պահանջում է, որ ներքին վեճերն անորոշ ժամանակով հետաձգվեն։

 - Բայց չէ՞ որ Փաշինյանի թիմում առանձնապես փայլուն տնտեսագետներ չկան։ Մինչեւ հիմա չեն եղել։ 

- Դա կապ չունի, դուք ուրիշները չունեք, դա ձեր վարչապետն է՝ 18 թվականին նրա հետեւից հարյուր հազարներով հրապարակ եք գնացել։ 

- Բայց իրավիճակ է փոխվել։ 

- Բայց դուք եք նրան դարձրել վարչապետ, հիմա նա է վարչապետ, եւ սրա հետ պետք է հաշվի նստել։ 

- Իսկ կարծում եք, որ ՌԴ-ն շահագրգռվա՞ծ է, որ Փաշինյանը մնա։

- Կարծում եմ, հիմա՝ այո, որովհետեւ Փաշինյանը համաձայնությունների երաշխավորն է։ Բայց այստեղ կա երկու հանգամանք, երկու պատճառ, որոնց պատճառով ՌԴ-ն ավելի շատ շահագրգռված է նրանում, որ Փաշինյանը հիմա լինի իշխանություն։ Առաջին այն էր, ինչ ասացի՝ երաշխավոր, եւ երկրորդ՝ ՌԴ-ն միշտ դեմ է փողոցում հեղափոխություններին։ ՌԴ-ն դեմ էր այն ժամանակ Փաշինյանի հեղափոխությանը եւ հիմա դեմ կլինի Քոչարյանի հեղափոխությանը, չնայած այն հանգամանքին, որ Քոչարյանը Ռուսաստանում շատ լավ փոխհարաբերություններ ունի։ Բայց մի բան էլ կա, որին եւս տեղյակ եք․ Մոսկվայում կա ընդդեմ Փաշինյանի շատ հզոր հասարակական տրամադրություն։ Ռուսական հեռուստաընկերություն, ալիքներ․․․ շատ հզոր հակափաշինյանական տրամադրություններ։ Հիմա թե որը կհաղթի․․․ ես անձամբ համարում եմ, որ Պուտինն այս պահին առավել հակված է Փաշինյանին։ Կփոխվի՞։ Չգիտեմ։