Կապ չենք կարողանում հաստատել նրանց հետ, ոչ մի բան չենք կարողանում ճշտել

Կապ չենք կարողանում հաստատել նրանց հետ, ոչ մի բան չենք կարողանում ճշտել

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետությունն այս պահին գրեթե դատարկ է: Արցախից դուրս են եկել նաև քաղաքական մի շարք գործիչներ, պատգամավորներ և այլն: Այս պահի դրությամբ Արցախից դեռևս դուրս չեն եկել Վիտալի Բալասանյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանն, Սամվել Շահրամանյանն ու Արայիկ Հարությունյանը: Թե կոնկրետ որտեղ են նրանք, ինչ պայմաններում, այդ մասին չկա որևէ հստակ տեղեկություն:

«Հրապարակը» զրուցել է Արցախի Արդարություն կուսակցության նախագահ Հակոբ Հակոբյանի հետ:

- Ինչպե՞ս եք, պարոն Հակոբյան, որտե՞ղ եք:

- Արդեն Երևանում ենք, Փառք Աստծո, Երևանում կացարան ենք գտել:

- Այսօր մի պահ տեղեկություն տարածվեց, որ Արցախի նախագաhները Հայաստան են եկել, սակայն մեկ ժամ անց այդ լուրը հերքվեց: Ունե՞ք որևէ ինֆորմացիա, թե այս պահին նրանք որտեղ են:

- Կապ չենք կարողանում հաստատել նրանց հետ, ոչ մի բան չենք կարողանում ճշտել: Իմ ունեցած տեղեկություններով` Ստեփանակերտը գրեթե դատարկ է, ոչ մեկի հետ չեմ կարողանում կապ հաստատել: Ոչ մի բան չգիտենք:

- Շատ է խոսվում, որ սահմանադրաիրավական ճանապարհով հնարավոր է ինչ-որ բան փոխել, Արցախի Հանրապետության լուծարումն անօրինական ճանաչել և այլն: Ի՞նչ եք կարծում` որքանո՞վ են այդ պնդումներն իրատեսական:

- Կարծում եմ` բոլոր տեսակի միջոցները համալիր պետք է օգտագործվեն, ամեն ինչ պետք է արվի, որպեսզի մեր 30 տարվա արածը ջուրը չընկնի, չավարտվի, մի կողմ չդրվի….

- Հատկապես իշխանական շրջանակների քարոզչության համաձայն` Սամվել Շահրամանյանը հանձնեց Արցախը: Նրան փորձում են կատարվածի գլխավոր մեղավոր հայտարարել

- Իշխանական կողմը հիմա միայն մեղավորներ փնտրելով է զբաղված, սակայն այս ամենի մեղքը պետք է միայն իր մեջ փնտրի և ուրիշների վրա չբարդի մեղքերը:

- Ըստ Ձեզ` Արցախի վերջին նախագահն ունե՞ր հնարավորություն իրավիճակը փոխելու:

- Այս պահի դրությամբ դեռևս ոչինչ չենք կարող հստակ ասել: Նախ պետք է իրավիճակը ենթարկել խոր վերլուծության, պետք է բոլորի սխալները վերհանենք: Հպանցիկ եզրակացություններ են երբեմն հնչում այդ մասին, որին ես դեմ եմ: Նախ պետք է ամեն ինչ լավ ուսումնասիրել, հասկանալ, թե ինչին ինչ հաջորդեց և հետո միայն համապատասխան եզրակացություններ անել: Հիմա ըստ իս` վաղ է այդ մասին խոսելը:

- Ձեր գործընկերներից ունե՞ք տեղեկություն. որտե՞ղ են, ի՞նչ պայմաններում:

- Մեր կուսակցության բոլոր պատգամավորներն այստեղ են, բայց թե ինչ պայմաններում` չգիտեմ: Ընդհանրապես Արցախից դուրս գալուց հետո, ոչինչ չենք կարողանում հստակ ճշտել, քանի որ կապի խնդիր կա: