Դպրոցների տնօրենները հրաժարվում են պաշտոնից

Դպրոցների տնօրենները հրաժարվում են պաշտոնից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանն օրերս հանդիպել է Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ մարզպետարանների ներկայացուցիչների հետ, հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավորապես 2023 թվականի հունվարից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված՝ դպրոցների կառավարման նոր մոդելին առնչվող հարցեր: Նշված փոփոխությամբ սահմանվել են տնօրենի եւ վարչատնտեսական համակարգողի գործառույթները, որոնց արդյունավետ իրագործման համար առաջնային է աշխատանքի կանոնակարգված իրականացումը:

Անդրադառնալով դպրոցների կառավարման նոր համակարգին՝ Արաքսյա Սվաջյանն ընդգծել է՝ թեեւ գործընթացն արդեն մեկնարկել է, ու բոլոր մարզերը դրանում ընդգրկված են, այդուհանդերձ, դեռեւս ոչ բոլոր դպրոցներում են առկա կառավարող երկու մարմինները:

«Բնական է՝ գործընթացը նոր է, ու մենք դեռ չունենք լիարժեք պատկեր. ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի կարողանանք լիովին իրականացնել կառավարման նոր մոդելի եւ մեխանիզմի ներդրումը: Ունենք դպրոցներ, որտեղ տնօրեններն ընտրվում են, բայց դեռեւս համակարգողներ չկան: Ունենք դպրոցներ, որտեղ տնօրենների մրցույթը չի կայանում, եւ գործում են միայն համակարգողներ: Դպրոցի տնօրենների գործունեության առումով իրազեկվածությունը բավական բարձր է, ու գործընթացն իրականացվում է, սակայն վարչատնտեսական համակարգողների առումով, կարծես, իրազեկման եւ գործառույթների լիարժեք ընկալման խնդիր ունենք: Լինում են նաեւ դեպքեր, երբ դիմողներ չլինելու պատճառով համակարգողի տեղերը թափուր են մնում»,- ասել է Արաքսյա Սվաջյանը:

Փոխնախարարի խոսքով՝ հատկապես մարզերում իրազեկվածության անհրաժեշտություն կա, որպեսզի այս գործունեությամբ հետաքրքրված մարդիկ դիմեն, ու դպրոցներում այս հաստիքները համալրվեն. «Ունենք դեպքեր, երբ գործող տնօրեններից շատերը ցանկանում են դառնալ վարչատնտեսական համակարգող: Մի կողմից՝ սա զարմանալի է, բայց մյուս կողմից՝ օրինաչափ, երբ մարդիկ կարծում են, որ իրենց գործունեությունը կարող է ավելի արդյունավետ լինել հենց այդ ուղղությամբ»:

Նշենք, որ կառավարման նոր համակարգը ներդրվում է այն դպրոցներում, որտեղ տնօրենի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է օրենքի՝ ուժի մեջ մտնելուց, այսինքն՝ 2023 թվականի հունվարի 1-ից հետո: Մարզպետարանների հետ քննարկվել եւ առանձնացվել են, թե յուրաքանչյուր մարզում քանի դպրոց է անցում կատարում կառավարման նոր համակարգին, եւ ինչպիսի աշխատանքներ պետք է իրականացվեն: