Վախեցա՞նք, թե՞...

Վախեցա՞նք, թե՞...

Ինչ խոսք, Հայաստանը ծանր իրավիճակում է հայտնվել․ սահմանային շրջաններում սադրանքներ, արտաքին ճնշումներ, չլուծված հարցեր, փլուզված բանակ ու տնտեսություն, թեւաթափ ժողովուրդ եւ իր անելիքը չիմացող իշխանություն։ Եվ այս ամենը ստիպում է, որ, մի կողմից, պարտված ու հոգեբանական խնդիրներ ունեցող իշխանությունը շարունակ նահանջի ու զիջի թշնամիների եւ անգամ բարեկամների առաջ, մյուս կողմից՝ իր ձեռքով կարգած իշխանությունների հանդեպ սերը խանգարում է, որ ժողովուրդը սթափ եզրահանգումներ անի եւ ելքեր գտնի այս իրավիճակից։ Բայց ազգի տոկունությունն ու պայքարի ունակությունը հենց նման դաժան փորձությունների ժամանակ են ի հայտ գալիս։

 

Որքան էլ մենք արհամարհենք հարեւան ադրբեջանական ժողովրդին, նրա ղեկավարին կոռումպացված արեւելյան բռնակալ անվանենք, չենք կարող չարձանագրել, որ 1994-ից հետո նրանք ավելի ծանր վիճակում էին՝ կորսված տարածքներ, Հայաստանից գաղթածներ, հոգեբանորեն կոտրված ու պարտված պետություն եւ հեռանկարի իսպառ բացակայություն, բայց 30 երկարուձիգ տարիների ընթացքում այդ պետության ղեկավարները չզիջեցին ու ոչինչ չստորագրեցին՝ անգամ իրենց համար շահեկան փաստաթղթեր։

 

Ժողովուրդը չարտագաղթեց երկրից ու հույսը չկտրեց, որ ռեւանշի է գնալու։ Մենք ընդամենը 10 ամիս առաջ կրած կասկածելի պարտությամբ արագորեն հանձնեցինք բուն հայկական հողերը՝ նվիրական Շուշին ու Հադրութը, եւ հիմա էլ պատրաստ ենք հանձնելու մեր երկրի սահմանամերձ տարածքներից հատվածներ։ Մեր իշխանությունը համաձայնեց ենթարկվել թշնամու պահանջներին, այդ թվում՝ ճանապարհ տալ, Արցախ զինծառայող, անգամ հայ պաշտոնյաներ չգործուղել, Հայաստանում բանակը կրճատել։ Միայն թե պատերազմ չլինի, միայն թե Երեւանում շարունակենք ապահով ապրել ու պաշտոններ զբաղեցնել։