Քաղաքականություն

Մենք գալիս էինք էդտեղ ոչ թե ինչ-որ մեկին իշխանության բերելու, այլ դավաճաններին վռնդելու, երկիրը փրկելու համար

Մենք գալիս էինք էդտեղ ոչ թե ինչ-որ մեկին իշխանության բերելու, այլ դավաճաններին վռնդելու, երկիրը փրկելու համար

Իշխան Սաղաթելյանը երեքշաբթի օրը հայտարարեց, որ վրանները հավաքում են Ֆրանսիայի հրապարակից ու անցնում ցանցային, ապակենտրոն պայքարի։ Ընդդիմության այս որոշումը միանշանակ չընդունվեց հանրության ընդդիմադիր շրջանակների կողմից։ Մի մասը կոչ էր անում չհիասթափվել, չհուսահատվել եւ շարունակել պայքարը՝ ինչ ձեւաչափով էլ լինի, ոմանք էլ քննադատում էին Սաղաթելյանին ու ընդդիմության մյուս լիդերներին՝ մարդկանց հերթական անգամ հիասթափեցնելու, փողոց դուրս բերելու եւ անարդյունք տուն ուղարկելու մեջ։ 
Նշենք, որ ընդդիմության հրավիրած հանրահավաքներին մասնակցում էին նաեւ նախկին իշխանությունների օրոք բարձր պաշտոն զբաղեցրած, սակայն որեւէ քաղաքական ուժի չհարող անձինք, այդ թվում՝ ուժային կառույցների գեներալներ, զինվորականներ, դիվանագետներ։

ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Երանոսյանը, օրինակ, մեզ հետ զրույցում ասաց, որ դա քաղաքական գործիչների կայացրած որոշումն է՝ համարել են, որ ճիշտ է, գնացել են այդ քայլին, ինքն ի՞նչ կարող է ասել։ Դիտարկմանը, թե ինքն էլ էր այդ քաղաքական գործիչների թելադրած օրակարգով մասնակցում հանրահավաքներին, պայքարում էր, բայց այդ պայքարը, ինչպես տեսանք, արդյունք չտվեց, Երանոսյանը հակադարձեց․ «Բայց ո՞վ ա ասում՝ արդյունք չի տվել»։ Նկատեցինք, որ շատերը դեմ էին, որ թե՛ ինքը, թե՛ նախկին պաշտոնյաներից ոմանք, որոնք ոչ միանշանակ են ընկալվում հանրության կողմից, լինեին հրապարակում։ «Բայց ո՞վ էր նման բան ասում, «Սասնա ծռերն» էին ասում, երկրորդ մարդ չի ասել»։ Փորձեցինք ճշտել՝ միայն «Սասնա ծռե՞րն» էին ասում, որ չպետք է հրապարակում լինեին նախկին իշխանության ներկայացուցիչներ։

«Էդ ի՞նչ խոսք ա՝ նախկին իշխանության ներկայացուցիչներ, նախկինը ո՞րն ա, անցյալը ո՞րն ա, ես չեմ հասկանում։ Ես չեմ կառավարել պետություն, ես ծառայել եմ պետությանը։ Իմ գործն ուրիշ ա, քաղաքականությունն ուրիշ ա։ Ես չէ՞ որ զինվորական եմ եղել։ Ես բանակաշինություն եմ արել, պատերազմ եմ հաղթել, հաղթած հրամանատար եմ եղել ես։ Նախկին ու նոր խառնելով՝ լոզունգ են դարձրել»,- ասաց գեներալ-լեյտենանտ Երանոսյանը։ Իսկ ի՞նչ է կարծում՝ վրանները հանելուց հետո մեկնարկող ցանցային պայքարը որեւէ արդյունք կտա՞, թե՞ ոչ։ Երանոսյանն ասաց․ «Շաբաթ օրը կերեւա։ Շաբաթ օրը նորից կազմակերպել են միտինգ, ու եթե ժողովուրդը հիասթափվել ա, չի գա։ Հիմա ի՞նչ պարտադիր ա՝ Ֆրանսիայի հրապարակից լինի, կամ մարդիկ Ֆրանսիայի հրապարակից քայլեն»։

Մեկ այլ նախկին փոխոստիկանապետ՝ գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանն էլ կարծում է, որ ճիշտ որոշում է վրանները Ֆրանսիայի հրապարակից հավաքելը, որովհետեւ․ «Այն, ինչ արվեց այս ընթացքում ու դրա հետ կապված՝ ապրեն Իշխան Սաղաթելյանն ու մյուսները, որ էդքան ժամանակ՝ երկու ամիս, գիշեր-ցերեկ, առանց իրենց խնայելու, փորձեցին էդ գործը գլուխ բերել՝ գլխավորել շարժումը։ Բայց մեր բոլորի աչքի առջեւ էր էն մի քանի տասնյակ հազար մարդը, որ հայրենասիրական հողի վրա ոտքի էին ելել ու ամեն օր էնտեղ էին, անհրաժեշտ էր մարդկանց մի քիչ ավելի մեծ քանակ, որը հնարավոր չեղավ հավաքել։ Էդ մարդկանց քանակն անհամեմատ շատ է, պարզապես պասիվ, ալարկոտ դիրքից հնարավոր չեղավ ակտիվացնել, բերել փողոց, որի միջոցով հնարավոր կլիներ էս այլանդակներին վռնդել ե՛ւ իշխանությունից, ե՛ւ ամեն տեղից։ Քանի որ դա հնարավոր չեղավ, եւ ամեն օր ելույթներն էսպես անընդհատ շարունակելով՝ եթե չէին հավաքում վրանները, ստացվում էր՝ ջայլամի քաղաքականություն կամ ակնհայտ փաստին աչքկապոցի անել։ Ի պատիվ իրենց՝ իրենք ազնիվ գտնվեցին եւ էդ մասին ասացին»։

Հարցին, թե չի՞ կարծում, որ սրանով հերթական հիասթափությունը կառաջանա ժողովրդի մոտ, Համբարձումյանն ասաց․ «Իհարկե, հիասթափության պահը կա, բոլորիս մոտ էլ, բոլորիս «կռուգում» էլ էդ հիասթափության էլեմենտը կա։ Բայց պետք ա հիասթափվողներին խոսակցության ընթացքում ասել, թե դուք՝ հիասթափվողներ, ի՞նչ եք արել ձեր «կռուգի», ձեր ընտանիքի անդամներին, ընկերներին, բարեկամներին, կոլեգաներին ակտիվացնելու եւ փողոց հանելու համար։ Որպես կանոն՝ հիասթափվել են նրանք, որոնք գուցե միայն եկել են էդտեղ, բայց մյուսներին ակտիվացնելու համար ոչինչ չեն արել։ Հիմա, եթե էս փոքր քանակն է դեռեւս, որի պայմաններում շատ կտրուկ քայլ անելը կլիներ մի բան, իսկ եթե անում ես շատ մեծ քանակով, դա կլինի երկրի, ազգի փրկության գործ, քանզի էս էն դեպքն ա, որ քանակը որակ է տալիս»։ Իսկ վերլուծե՞լ եք, թե ինչու մարդիկ չցանկացան միանալ շարժմանը։ Համբարձումյանն ասաց, որ դա բոլորը՝ ամեն մեկն իր մեջ վերլուծել է։ 

«Ես էլ եմ վերլուծել, իրենք էլ, դու էլ, բոլորն էլ, ով էս հարցում սրտացավ ա, վերլուծում ա, ու եթե ազնիվ ա ինքն իր հետ, հատկապես շարժման կազմակերպիչները, պետք է աչքակապոցիությանը չտրվել, ռեալ բացթողումները, թերությունները վեր հանել։ Կա օբյեկտիվ պատճառ, կա՝ սուբյեկտիվ, թե ինչ կարելի էր անել, որ չի արվել, եւ ինչ պետք էր ձեռնարկել, որ չի ձեռնարկվել։ Ամեն դեպքում, իմ մոտեցումը հետեւյալն է․ ոչ թե մենք գալիս էինք Իշխան Սաղաթելյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ որեւէ մեկի համար, այլ մենք՝ ակտիվ, գիտակից մասսան, գալիս էր երկիրը փրկելու համար։ Որդի պես կրծում են երկիրը, բոլորդ գիտեք, ու ոչ միայն կրծում են, ոչ միայն հողերն են տալիս, ոչ միայն պետականությունը, այլեւ էնպես են անում՝ տնտեսական քաղաքականությունը, հարկայինը, որ ժողովուրդը զզված՝ երկիրը թողնի գնա։ Դա գլոբալ ծրագիր է։ Մենք՝ ակտիվներս, գալիս էինք էդտեղ ոչ թե ինչ-որ մեկին իշխանոթյան բերելու, այլ դավաճաններին վռնդելու, երկիրը փրկելու համար»,- ասաց գեներալ-մայոր Համբարձումյանը։

Հարցրինք նաեւ, թե ինչ է սպասվում հաջորդիվ։ Համբարձումյանն ասաց, որ չի կարող ասել՝ ինչ կլինի հետագայում, բայց պետք չէ սպասել, թե ինչ կտա պայքարը, այլ մենք՝ ամեն մեկս մեր հերթին, պետք է մտածենք, թե ինչ կարող ենք անել, որ դրական արդյունք տա։

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image