Հարցազրույց

«Հրապարակ»․ Օկամպոն խորհուրդ է տվել` հույս չկապել ՀՀ կառավարության հետ, ակտիվ լինել

«Հրապարակ»․ Օկամպոն խորհուրդ է տվել` հույս չկապել ՀՀ կառավարության հետ, ակտիվ լինել

Մի քանի օր առաջ քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներ տեսակապի միջոցով զրուցել են Միջազգային քրեական դատարանի դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ, ով Հայաստանի ու հայության լավ բարեկամն է եւ արդարամիտ իրավաբան: Պրոֆեսոր Օկամպոն այդ զրույցում կարեւորել է ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի դերը` առանց պետության ժողովուրդների իրավական պաշտպանության հարցում որպես իրավական կարեւոր գործիք։ Նշել է, որ ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականը հայտարարել էր, որ կա ցեղասպանության ռիսկ Արցախում, իսկ դա արդեն իսկ ենթադրում է միջազգային հանրության կողմից գործողության պարտավորություն։ Տեսակապին մասնակցել են Արմինե Ավագիմյանը` «Գեն նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ, Արմինե Մարտիրոսյանը` լրագրող, Շուշանիկ Հարությունյանը` սոցիոլոգ, Հասմիկ Իսրայելյանը` մաթեմատիկոս: Զրուցել ենք տեսակապին մասնակցած «Кавказский Узел» պարբերականի լրագրող, արցախցի Արմինե Մարտիրոսյանի հետ: 

- Ո՞ւմ նախաձեռնությամբ է տեղի ունեցել Օկամպոյի հետ հանդիպումը, ի՞նչ հարցեր եք քննարկել: Կարծես խոսվել է նաեւ հայ ռազմագերիների մասին:

- Գերիների հարցը, իհարկե, կարեւոր էր, սակայն միակ թեման չէր: Հիմնական թեման այն էր, թե այս պայմաններում ինչ կարող են անել հասարակական կազմակերպությունները, շարքային քաղաքացիները, երբ Արցախի կառավարությունն այս վիճակում է, իսկ ՀՀ կառավարությունն էլ կարծես չի զբաղվում արցախցիների իրավունքներով: Հանդիպումը մեր` բոլորի նախաձեռնությամբ է տեղի ունեցել:

- Ի՞նչ արձանագրեց Օկամպոն տեղի ունեցած իրադարձությունների մասին:

- Խորհուրդ տվեց, որ արցախցիներն ավելի ակտիվ լինեն, չսպասեն, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ որեւէ մեկը մեր փոխարեն ակտիվ լինի: Կարճ ասած` որ մեր հույսը մենք պետք է լինենք: Առհասարակ, ամեն մեկս մեր տեղում լինենք, բայց` ակտիվ: Նա ասաց, որ քաղաքացիները կարող են շատ հանգիստ դիմել միջազգային ատյաններին: Շեշտեց, որ աշխարհն այժմ փոխվել է, այսօրվա աշխարհը 1915 թվականի աշխարհը չէ, հիմա կան տարբեր ռեսուրսներ, որոնք կարող ենք օգտագործել, եւ արցախցիների ու Արցախի հարցը պետք է մշտապես ակտիվ պահել, որպեսզի հասնենք ինչ-որ մի բանի: Այնպես չէ, որ գնանք հանգիստ քնենք, մեր փոխարեն ինչ-որ մեկն ինչ-որ բան կանի:

- Իսկ հայ ռազմագերիների մասին ի՞նչ քննարկեցիք: Բաքվում նոյեմբերին տեղի է ունենալու COP-29-ը:

- Գերիների հարցը մեր քննարկած ամենակարեւոր հարցերից էր: COP-ի կոնտեքստում հարցը քննարկեցինք, բայց գերիների հարցը, ըստ իս, առանձին թեմա չէ, արցախցիների ընդհանուր խնդիրների կոնտեքստում է: Գերիների հարցն արցախցիների իրավունքի հարց է: Օկամպոն շատ հստակ մեզ բացատրեց, որ մենք կիրառում ենք «Էթնիկ զտում» եզրույթը, խորհուրդ տվեց բացառապես կիրառել «Ցեղասպանություն» բառը: Նա նաեւ լրատվամիջոցներին նույն բանը խորհուրդ տվեց: Պետք է անընդհատ «Ցեղասպանություն» տերմինն օգտագործենք, քանի որ բարձր ատյաններից էլ արդեն իսկ խոսվել է, որ Արցախում կա ցեղասպանության ռիսկ: «Ցեղասպանություն» բառը ենթադրում է, որ Ադրբեջանին պատասխանատվության կենթարկեն:

- Արցախի վերադարձի, արցախցիների իրավունքների վերականգնման մասին ի՞նչ խոսվեց:

- Նշեց, որ Արցախ վերադարձի հարցը պետք է ակտուալ պահենք: Հանդիպումը հենց դրա համար էինք կազմակերպել, որպեսզի հասկանանք` ինչ անել: Օկամպոն շեշտեց, որ տարբեր ատյաններում պետք է առանցքային մնա Արցախ վերադարձի հարցը: Կլինի ակցիաների, կոնֆերանսների, թե ուղղակի նամակների միջոցով, պետք է այս հարցը մնա ակտուալ: Հիմա շատերը սխալ են Արցախ վերադարձի մասին ներկայացնում: Հատկապես երբ խոսում են կոլեկտիվ վերադարձի մասին, սակայն կան կոնկրետ պայմաններ, որոնց ապահովումից հետո միայն կարող ենք Արցախ վերադառնալ: Հիմա ո՞ւր գնանք` Ադրբեջանի կա՞զմ: Չէ, չի լինելու նման բան: Օկամպոն հստակ այս մասով չնշեց, թե ինչ անենք: Հանդիպումը բավականին երկար տեւեց՝ մոտ 2 ժամ, նախատեսել ենք նոր հանդիպում, որի ընթացքում նաեւ այս հարցին ավելի հանգամանալից կանդրադառնանք: Ամեն դեպքում, մենք ուզում ենք վերադառնալ Արցախ, բայց՝ հայկական Արցախ, ոչ թե Ադրբեջանի կազմ: Ի վերջո, Արցախից մարդիկ դուրս եկան ցեղասպանության վտանգից ելնելով: 

- Քաղաքական հարցերի չանդրադարձա՞ք, օրինակ, ինչ կարող են անել Հայաստանի իշխանությունները: Ի վերջո, թիվ մեկ պատասխանատուն իրենք են:

- Մենք նման հարցեր չքննարկեցինք, մեզ համար ամեն ինչ պարզ է, զուտ փորձում էինք հասկանալ, թե ինչ կարող ենք անել` առանց Հայաստանի եւ Արցախի կառավարությունների եւ առանց որեւիցե մեկի: Ամեն մեկս՝ անհատապես, շեշտը դրա վրա էինք դրել:

- Ինչո՞ւ եք Արցախի իշխանությունների ներգրավումը բացառում:

- Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել ինքներս: Օկամպոյի հետ այդ նպատակով էինք կապ հաստատել: Օկամպոն էլ նշեց, որ չպետք է հույսներս դնենք, պայմանական ասված՝ շահրամանյանների կամ որեւէ մեկի վրա: Ամեն մեկս մեր փոխարեն պետք է պատասխանատու լինենք, ամեն մեկս մեր ներդրումը պետք է ունենանք: Աշխարհը փոխվում է, գուցե վաղն այլ իրավիճակ լինի:

- Օկամպոյի հետ հանդիպումն ի՞նչ տվեց տեսակապի մասնակիցներին:

- Կոնկրետ ես համոզվեցի, որ չի կարելի ուղղակի պասիվ նստել: Թեպետ միշտ եմ այդ կարծիքին եղել: Պետք է բոլոր հնարավորություններն օգտագործել՝ խնդիրները լուծելու համար. կլինի քաղաքական ճնշում, կլինեն սփյուռքի կողմից կազմակերպված միջոցառումներ, թե այլ բան` ինչ կարող ենք, պետք է անենք:

- Գաղտնիք չէ, որ հայտնի շրջանակների կողմից արցախցիները խտրականության են ենթարկվում, հաճախ անտեսվում են նրանց խնդիրները, վերջին շրջանում էլ քրեական վարույթներ հարուցվեցին շատերի դեմ, օրինակ, Արցախի համայնքապետերի եւ այլն: Քաղաքական հետապնդումների, խտրականության մասին խոսվե՞ց:

- Չէ, կարծում եմ, որ Ձեր նշած անձանց հարցերով իրենց փաստաբանները զբաղվում են: Մենք քննարկել ենք միայն արցախցիների իրավունքների հարցը` ինչ անել, որպեսզի չզրկվենք մեր իրավունքներից:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image