Չկողմնորոշված կուսակցությունների բում՝ ընտրություններից առաջ

Չկողմնորոշված կուսակցությունների բում՝ ընտրություններից առաջ

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ սնկի պես աճում է ընդդիմադիր եւ ոչ այնքան ընդդիմադիր կուսակցությունների թիվը։ Դեռ հունվարի վերջին արդարադատության նախարարության Azdarar.am կայքից տեղեկանալով՝ ներկայացրել էինք նման 9  նախաձեռնությունների մասին։ Հայտ ներկայացնողները պատրաստվում էին փետրվարին համագումար անցկացնել եւ դիմել արդարադատության նախարարություն՝ գրանցվելու համար։ 
Բանից պարզվում է՝ քաղաքականությամբ հետաքրքրվողները Հայաստանում շատ են, եւ քաղաքական դաշտում գործելու եւս 7 նոր նախաձեռնություն է հայտ ներկայացրել։

Այսինքն՝ եւս 7 նոր կուսակցություն կգրանցվի մեզանում։ Նոր ստեղծվելիք կուսակցություններն են՝ «Ազգային-ժողովրդավարական բեւեռ», «Ազգի ձայն», «Ազգ-բանակ-հայրենիք», «Ինտելեկտուալ Հայաստան», «Հայրենասերների», «Կայունություն», «Ձայն»։ Ոչինչ չասող անուններով այս կուսակցություններից մի քանիսի մասին փորձեցինք ինչ-որ տեղեկություններ ճշտել։ 

«Ձայն»-ի համագումարը տեղի է ունեցել օրերս, մենք այս կուսակցության մասին ծավալուն հրապարակում ենք արել անցած շաբաթ, ղեկավար է ընտրվել Արուսյակ Հայրապետյանը՝ դոկտոր-պրոֆեսոր Ֆելիքս Հայրապետյանի դուստրը։ Հայրապետյանը «Հիմնադիր խորհրդարան» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամներից է եղել։ Ա․ Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ չեն որոշել՝ մասնակցելու են առաջիկա ընտրություններին, թե ոչ․ «Քննարկվում է ընտրություններին մասնակցելու հարցը։ Արդյոք մենք ընդդիմությո՞ւն ենք՝ այո, արդյոք մենք ուզո՞ւմ ենք այս իշխանությունը փոխվի՝ այո»։ Կուսակցությունն ընտրություններից հետո որոշել է ակտիվ գործունեություն ծավալել։ 

«Կայունություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամը սփյուռքի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Ֆիրդուս Զաքարյանն է, ով 2018-ից հետո քննադատում էր ՀՀԿ-ին եւ կոչ անում վերակազմավորման գնալ։ Նա մինչեւ համագումարը չի ցանկանում խոսել կուսակցության մասին, ասում է, որ համագումարի օրը բոլոր հարցերի պատասխանը կտան։ 

«Ազգային-ժողովրդավարական բեւեռ» կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունենալու ուղիղ մեկ ամսից։ Նրանք եւս չեն կողմնորոշվել՝ ուզո՞ւմ են մասնակցել առաջիկա ընտրություններին, թե՞ ոչ։ 

«Ազգային-ժողովրդավարական բեւեռ»-ից Անահիտ Թադեւոսյանը մեկ մեկնաբանություն ունի՝ կտեսնենք․ «Գցել-բռնել, մտածել եմ՝ հնարավոր է, դրա համար էլ այդ քայլին գնացել եմ։ Շատ անլուրջ կլինի, որ ես միանձնյա խոսակցություն վարեմ Ձեզ հետ, համբերեք, տեսնենք՝ ինչ ենք անում։ Համագումար կլինի, կհրապարակվի, կիմանաք»։ Ինչ վերաբերում է իրար հետեւից այսքան կուսակցություններ ստեղծվելուն, Անահիտ Թադեւոսյանը դա նորմալ եւ բնական է համարում․ «Լավ օրից չի, որ աճում են կուսակցությունները, մարդիկ կան, որ նպատակ ունեն ծառայելու պետականաշինությանը։ Ես դա նորմալ եւ բնական եմ համարում, դրանից վախենալ պետք չի, պետք է հավասար պայմաններ ստեղծել բոլորի համար, որպեսզի երեւա՝ ով ինչքան ընդունակություններ, կարողություններ ունի»։