Դաշնակցական կանանց ձերբակալել են վարորդին բենզինի գումար տալու համար

Դաշնակցական կանանց ձերբակալել են վարորդին բենզինի գումար տալու համար

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը երեկ Վայոց ձորի մարզից հետդարձի ճանապարհին, ուղիղ եթերում, խոսել է իրավապահների հերթական խայտառակության մասին: «Վայոց ձորի քննչականը ձերբակալել է մեր դաշնակցական ընկերուհիներին, հարս եւ սկեսուր միաժամանակ: Ընկերուհի Արփինեն երեք զավակների մայր է, երրորը՝ մանկահասակ երեխան դեռ նոր է ապաքինվել կարմրուկ հիվանդությունից, իսկ ավագ որդին մի քանի օր անց զորակոչվելու է Հայոց Բանակ...
Հայկական «ժողովրդավարության բաստիոն» ու անբարոյություն...»,-տեղեկացրել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզի քննչական վարչությունում պատգամավորներ Գեղամ Մանուկյանին, Արման Ղազարյանին և փաստաբաններին թույլ չեն տալիս հանդիպել քննչականի պետի հետ և մանրամասներ իմանալ ձերբակալված քաղաքացիների մասին, որոնց թվում կա նաև կանայք։

Նշենք, որ երեկ առավոտյան իրավապահները մտել էին ՀՅԴ Վայոց ձորի մարզային գրասենյակներ․ բերման են ենթարկել և ձերբակալել մարզային կառույցի շուրջ մեկ տասնյակի հասնող անդամների, ինչպես նաև խուզարկություններ են իրականացվել գրասենյակում։ Փաստաբան Մկրտիչ Դավթյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ ձերբակալվածների մեջ կան նաև կանայք` հարս և սկեսուր, որոնց իրավունքները պաշտպանում է ինքը: Փաստաբանը նշեց, որ ձերբակալված երիտասարդ կինն ունի անչափահաս երեխա` կարմրուկով հիվանդ, սակայն անգամ այդ հանգամանքն իրավապահները հաշվի չեն առել.

«Նրանց մեղադրում են Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի հատկանիշներով առերևույթ հանցանք կատարելու մեջ, իբրև գումար են տվել անձանց, շահագրգռելով, որպեսզի մարդիկ մասնակցեն սրբազան պայքարին: Այն դեպքում, երբ տվյալ անձինք զուտ բենզինի գումար են տվել իրենց մտերիմ մարդուն, որպեսզի Վայոց Ձորից հասցնի Երևան, ընդամենը 10 հազար դրամ, անգամ իրենք էլ չեն տվել բենզինի գումարը, զուտ այդ ժամանակ ներկա են եղել: Այդքան բան: Հանցակազմի հատկանիշ չկա, ճանապարհածախսի գումարը չի կարող լինել շահագրգռելու առիթ: Խուզարկության ժամանակ էլ ինչ-որ ցուցակ են փնտրել, իբրև էլի մարդկանց կարող էին գումար տրամադրած լինել: Ոչինչ չի հայտնաբերվել, որովհետև չի եղել նման բան: Մարդիկ զուտ բենզին լցնելու համար գումար են տվել: Իմ ունեցած տվյալներով 10-ից ավելի մարդ այս պահին ձերբակալված է: Պաշտպանյալիս երեխան այս պահին կարմրուկով հիվանդ է, սակայն անգամ այդ հանգամանքը ազդեցություն չունեցավ: 72 ժամը դեռևս չի լրացել, հավանաբար վերևից հրահանգ ունեն մարդկանց միչև վերջ պահելու, որպեսզի հնարավորինս ընկճեն», - նշեց փաստաբանը: