«Հրապարակ». Թունաքիմիկատ ներմուծողների հանդեպ խոչընդոտներ են սահմանում․ Ո՞վ է մրցակիցներին հեռացնում

«Հրապարակ». Թունաքիմիկատ ներմուծողների հանդեպ խոչընդոտներ են սահմանում․ Ո՞վ է մրցակիցներին հեռացնում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, մեղմ ասած, անհարմար վիճակի մեջ է դրել թունաքիմիկատ ներմուծող ընկերություններին։ Նրանց ապրանքը մեծ խմբաքանակներով կանգնած է մաքսային պահեստներում, եւ սա տեղի է ունենում գարնանամուտին, երբ գյուղատնտեսության թունաքիմիկատի պահանջարկը գագաթնակետին է հասնում։ Բանն այն է, որ ՍԱՏՄ պետը հրաման էր ստորագրել, որով պարտադրել է պեստիցիդ պարունակող թունաքիմիկատ ներմուծողներին՝ լրացուցիչ տեղեկություն հայտնել բերվող ապրանքի մասին՝ նշել, թե որ գործարանում, որ արտադրողից է այն ձեռք բերվել։ 

ՍԱՏՄ պետն այս թեմայով հատուկ ժողովի է հրավիրել ներմուծողներին եւ հայտնել, որ այսուհետ գործելու է նոր կարգը, սակայն նրանք, որոնց ապրանքը դեռ ճանապարհին է, կամ ովքեր կանխավճար են մուծել, նրանց մաքսային ձեւակերպումները կարվեն նախկին կարգով, իսկ նոր հրամանը կտարածվի նոր խմբաքանակ բերողների վրա։ 

«2022 թվականի դեկտեմբերի 1-ին մեզ զանգահարեցին ՍԱՏՄ կառույցից ու հրավիրեցին ժողովի։ Ժողովի ժամանակ մեզ՝ թունաքիմիկատներ ներմուծող մոտ 12 կազմակերպությունների ներկայացուցիչներիս հայտնեցին, որ ապրիլին արձակված համար 426-Ա հրամանը էլ չի գործում, իսկ փոփոխված հրամանում ՀՀ-ում օգտագործման համար նախատեսված ագրոքիմիկատների եւ պեստիցիդների ցանկում ավելացել է նոր սյունակ, որում նշվում է տվյալ պեստիցիդը կամ ագրոքիմիկատն արտադրող կազմակերպության անունը։ Այդ հրամանի պահին մեր ապրանքն ամբողջությամբ եղել է արտադրված եւ գումարն ամբողջությամբ փոխանցված։ Ժողովի ընթացքում ՍԱՏՄ պետի տեղակալ Նարեկ Հայրապետյանը խոստացավ, որ մեզ կթույլատրվի ապրանքի ներմուծում, սակայն այժմ մեր ապրանքները մաքսային պահեստում են, մաքսայինը դրանք չի մաքսազերծում՝  պատճառաբանելով, թե իրենց պետք է միայն ՍԱՏՄ թույլտվությունը։ Դիմել ենք ՍԱՏՄ եւ ստացել ենք մերժում»,- պատմում է գործարարներից մեկը, որը որոշել է այլեւս թունաքիմիկատների ներմուծմամբ չզբաղվել։ 

Մեր հարցին, թե արդյոք չե՞ն կարող նշել արտադրողների անունները, նա պատասխանեց, որ այդ ապրանքները Հայաստանում չեն գրանցում։ «Չեն գրանցի այդ ապրանքները։ Մենք, օրինակ, Չինաստանում աշխատում ենք մի քանի  գործարանների հետ։ Որովհետեւ մի ապրանքի գինը թանկ է, մյուսինը՝ էժան։ Որպեսզի մենք երկու առանձին գործարանների արտադրանքը չգրանցենք, քանի որ չի եղել նման պահանջ, մեկ արտադրանք ենք գրանցել, որը բերում ենք տարբեր գործարաններից։ Ու բոլոր 12 կազմակերպությունները նույնն են արել։ Հիմա մենք ասում ենք ՍԱՏՄ-ին՝ լավ, հիմա ձեր հրամանին չի համապատասխանում, գրանցեք նաեւ այս արտադրանքը, բայց չեն գրանցում ու վերջ։ Դեկտեմբերից այդ հարցը կանգնած է մեր եւ եւս 12 կազմակերպությունների առաջ, եւ հիմա մեր բոլորի ապրանքները կանգնած են։ Մենք սրանում ոչ թե որակի վերահսկողություն ենք տեսնում, այլ մրցակիցներին վերացնելու փորձ»,- ասաց ընկերության ներկայացուցիչը։ 

Փորձեցինք հասկանալ, թե ով է ներկրողների մրցակիցը, ով է կառավարությունում առնչվում թունաքիմիկատների ներմուծմանը, եւ գտանք վարչապետ Փաշինյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդականին՝ Ալեքսանդր Ավետիսյանին։ Տեղեկացանք նաեւ, որ նա է կառավարությունում զբաղվել թունաքիմիկատների ներմուծումն ավելի խիստ վերահսկողության ենթարկելու հարցով եւ ինքն էլ առնչություն ունի թւնաքիմիկատների ներկրման հետ։ Մեզ հետ զրույցում Ալեքսանդր Ավետիսյանը չհերքեց, որ զբաղվում է գործարարների առաջ ծառացած խոչընդոտներով։ «Այո, դա խնդիր է, ես դրանով զբաղվում եմ, ամեն ինչ անում եմ, որ դա լուծվի»,- ասում  է վարչապետի խորհրդականը, սակայն թե կոնկրետ ինչ է անում թունաքիմիկատ ներմուծողներին պատային իրավիճակից հանելու համար, հրաժարվեց պատասխանել՝ պահանջելով գրավոր դիմում։ Հընթացս էլ մեզ բացատրում էր, թե ինչ խայտառակ վիճակ է տիրում թունաքիմիկատների ներմուծման ոլորտում, ու թե ինչքան վտանգավոր են պեստիցիդները սպառողների առողջության համար։ 

- Դուք զբաղվո՞ւմ եք թունաքիմիկատների ներմուծմամբ։ 

- Հիմա՝ ոչ, նախկինում զբաղվել եմ։ Ես տեղյակ եմ, որ տարատեսակ լուրեր են տարածվում։ Դա աբսուրդ է։ Թե՛ իմ նշանակումից առաջ, թե՛ դրանից հետո ինձ նշանակողը տեղյակ է եղել, որ որեւէ շահերի բախում չկա։ 

- Ձեր ընկերներից կամ ընտանիքների անդամներից որեւէ մեկը չի՞ զբաղվում թունաքիմիկատների ներմուծմամբ։ 

- Իմ ընկերներից շատերն են զբաղվում, որոնք լրջագույն խնդիրներ ունեն հիմա։ Իսկ իմ ընկերությունը վաղուց չի գործում։ Շատ վաղուց կասեցված է դրա գործունեությունը։ Ես փաստացի ներկրող չեմ հանդիսանում, բայց իմ ընկերներից շատերն են այդ բիզնեսի մեջ։ Այնուամենայնիվ, գրավոր գրեք Ձեր հարցերը։ Ով որ Ձեզ դիմել է, գիտեն, որ ես եմ այդ հարցի լուծման գլխավոր ջատագովը, բայց էլի իմ անունը շահարկվում է։ 

- Ի՞նչ եք անում՝ լուծելու համար, հիմա այդ մարդկանց բեռները պահեստում կանգնած են, չեն մաքսազերծվում։ 

- Որեւէ ապրանք չկա, որն օրենքի հետ խնդիր չունի ու պահեստում է մնացել։ Նոր կարգ էլ չկա, ընդամենը նոյեմբերի 28-ին ՍԱՏՄ պետի հրամանով ավելացվել է թունաքիմիկատի արտադրողին նշելու պահանջը։ Դա պատճառներից մեկն է, որ  կանգնած են, բայց միայն դա չէ պատճառը։ 

ՀԳ․ ՍԱՏՄ-ից ստացանք հետեւյալ պարզաբանումը։ «ՍԱՏՄ ղեկավարի հրամանով նոր պահանջ չի սահմանվել, տնտեսվարողները ներկրել են չգրանցված կազմակերպությունների կողմից արտադրված պեստիցիդներ. իրենք գրանցման են ներկայացրել X կազմակերպության արտադրանք, որը սահմանված կարգով գրանցվել է, սակայն փորձում են ներկրել Y կազմակերպության կողմից արտադրված արտադրանք, ինչն անթույլատրելի է: Ինչ վերաբերում է հիշատակված քննարկմանը, ապա այդ ընթացքում տնտեսվարողները ներկայացրել են մի շարք առաջարկներ, որոնց վերաբերյալ որեւէ խոստում չի տրվել»։

Փաստորեն, նոյեմբերի 27-ին ՍԱՏՄ պետը հրաման է ստորագրում, արդեն ամսի 1-ին, այսինքն՝ 3 օր անց, գործարարներին իրազեկում են ու հաջորդ օրվանից արգելում  նրանց ապրանքների մաքսային ձեւակերպումը։ Мужик сказал,  мужик сделал, ինչպես ասում են։ Իսկ թե ինչ կորուստներ կկրեն գործարարները, նրանցից քանիսը կհրաժարվեն այլեւս նման անկանխատեսելի բիզնեսից, ու պարարտանյութի գներն ինչքան կբարձրանան այս գարնանը՝ ՍԱՏՄ նոր պետ Արմեն Հայրապետյանին չի հետաքրքրում։ Ինքը հո գյուղնախարա՞րը չէ։ Այժմ գործարարները դիմելու են վարչապետին՝ խնդրելով լուծել այս խնդիրը։