Քաղաքականություն

ՊԵԿ-ը քաղաքական պատվեր է կատարում 

ՊԵԿ-ը քաղաքական պատվեր է կատարում 

Մի քանի օր է՝ Մեղրիի մաքսային պահեստը, որը կոչվում է «Ագարակ մաքսային տերմինալ» ՍՊԸ, փակել են: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքն է հրամայել կասեցնել պահեստի գործունեության լիցենզիան` ռենտգեն սարքի չաշխատելու պատճառով: Սա, մեղմ ասած, աբսուրդ է եւ մեծ վնաս է հասցնելու այն տնտեսվարողներին, որոնք այդ ճանապարհով են ապրանք ներմուծում եւ Մեղրիում են մաքսազերծում ապրանքը: «Ագարակ» տերմինալի գործունեության լիցենզիան դադարեցնելու հիմնական եւ միակ պատճառը, իրականում, քաղաքական է: Բանն այն է, որ տերմինալը պատկանում է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին, ում հետեւից այսօր ընկել են Փաշինյանի իրավապահները: Ու փոխանակ ռենտգեն սարքն աշխատեցնեն, որոշել են  տերմինալը փակել, որպեսզի վնասեն իրենց քաղաքական ախոյանին: Եվ այս քաղաքական պատվերն իրականացնում է ՊԵԿ-ը՝ իր նախագահ Էդուարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ում հրահանգով նաեւ Զաքարյանի ընտանիքին պատկանող բիզնեսներն են սկսել ստուգել: 

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանն այս թեմայով մեզ հետ զրույցում նախ ասաց, որ «Ագարակ» մաքսային պահեստը Մեղրիի մաքսային կետին ամենամոտ գտնվող, այդ բնակավայրի միակ մաքսային պահեստն է, եւ տնտեսվարողների համար դրա այլընտրանքը Կապանում գտնվող մաքսային պահեստն է։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստան-Իրան սահմանային գոտում գտնվում է ազատ տնտեսական գոտի` որպես հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման գործոն, ի թիվս այլ ներմուծող տնտեսվարող սուբյեկտների` բազմաթիվ ԱՏԳ մասնակիցներ ապրանքներ են ներմուծում նաեւ այդ տարածքում իրականացվող գործունեության շրջանակներում, որոնց համար վարչարարության տեսանկյունից նպատակահարմար չէ շուրջ 40-50 կմ ավել տարածք անցնել եւ հասնել Կապան։ Հետեւաբար կարծում եմ, որ տեխնիկական պատճառներով այդ մաքսային պահեստի գործունեության կասեցումը վարչարարության արդյունավետության տեսանկյունից խիստ աննպատակահարմար է։ Առավել եւս, որ կարելի էր սահմանափակվել, դիցուք` նախազգուշացմամբ։ Նմանատիպ տեխնիկական խնդիրներ պարբերաբար ի հայտ են գալիս պետական սահմանների գրեթե բոլոր մաքսային հսկողության գոտիներում, որոնք օպերատիվ կերպով լուծում են ստանում»,-կարծում է տնտեսագետը: 

Նա միշտ խոսել է այն մասին, որ ՀՀ-ում մաքսային համակարգը կառավարվում է, այսպես կոչված, «ձեռքի ռեժիմով»։ «Առկա է օրենսդրական բաց։ Շուրջ 3 տարի է` մենք գործնականում չունենք ներքին մաքսային օրենսդրություն։ Մասնավորապես «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքը համապատասխանեցված չէ ԵՏՄ նոր մաքսային օրենսգրքին։ Հետեւաբար, բոլոր այն իրավական հիմքերը, որոնց համաձայն կասեցվում է մաքսային ոլորտում գործունեություն իրականացնող այս կամ այն սուբյեկտների գործունեությունը, օրենսդրական հիմքերի տեսանկյունից խիստ վիճահարույց են։ Կարծում եմ` այս տարիների ընթացքում կառավարությունը եւ ՊԵԿ-ը պետք է ձեռնամուխ լինեին նմանատիպ աշխատանքների իրականացմանը»,- ասաց Հայկ Ֆարմանյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image