«Հրապարակ». Պատրաստ են գետնին քնել, բայց չվերադառնալ տուն
Արցախում հումանիտար աղետ է եւ սով: Մեզ պատմեցին, որ մեծ թվով մարդիկ 3 օր է՝ ցամաք հացի երես չեն տեսել, հազարավոր մարդիկ գիշերում են բաց երկնքի տակ՝ անձրեւին ու ցրտին դիմակայելով։ Քաղաքի ապաստարաններում ու պետական գերատեսչությունների նկուղներում տեղ ու դադար չկա։ Ընտանիքները կիսված են, իրարից լուր չունեն: Սակայն մարդկանց սովից ու ցրտից առավել ճնշում է անորոշության զգացումը՝ չգիտեն ինչ է լինելու իրենց հետ։ Պետական ապարատը, կարելի է ասել, պարալիզված է, բնակիչներին հուզող հարցերին իշխանությունը պատասխաններ չունի, իրենք էլ չգիտեն իրենց գլխին գալիքը, արցախցիները կառավարության շենքի մոտ երբեմն հանդիպող պաշտոնյաներից պահանջում են, որ թշնամու հետ բանակցելիս ներկայացնեն բազմաթիվ արցախցիների կամքը, որ իրենք չեն ուզում ինտեգրվել Ադրբեջանին, իրենց Արցախը լքելու հնարավորություն տրվի, սակայն պաշտոնյաներն անհաղորդ լսում ու հեռանում են։
Պատմում են, որ ամենածանրը Մարտունու շրջանից տեղահանվածների վիճակն է` չեն ցանկանում վերադառնալ իրենց տները, նրանք այնպիսի դժոխքի միջով են անցել, որ պատրաստ են ամեն ինչի, միայն թե նորից ադրբեջանցի զինյալների հետ չառարեսվեն։ Չնայած Եվլախում նախօրեին կայացած հանդիպմանը քննարկվել են հումանիտար հարցեր, ինչպես նաեւ՝ հոսանքի խնդրի կարգավորման հարցը, սակայն երեկվա դրությամբ հոսանքը չէին միացրել: Պայմանավորվել են նաեւ, որ ադրբեջանական զորախմբերը կվերադառնան ելման դիրքեր, թույլ տալով տեղահանվածներին՝ վերադառնալ իրենց տները, բայց այդ խոստումն էլ չեն կատարել: Անգամ զոհվածների մարմինները հավաքելու եւ հուղարկավորելու պայմանավորվածությունն ամբողջությամբ չի կատարվել, որովհետեւ զորքը չի վերադարձել ելման դիրքեր, եւ մարդիկ չեն կարողանում գոնե գնալ, իրենց հարազատների դիերը հողին հանձնել։
Կարծիքներ