Դավիթ Տոնոյանը սպասում էր, որ Փաշինյանն իրեն նոր պաշտոն է առաջարկելու

Դավիթ Տոնոյանը սպասում էր, որ Փաշինյանն իրեն նոր պաշտոն է առաջարկելու

«Հրապարակի» լուրը` Դավիթ Տոնոյանի տան խուզարկության եւ ձերբակալության մասին, մեծ աղմուկ է առաջացրել: Ոմանք սպասում էին նման զարգացումներին, որովհետեւ բռնել-պատժելու շոուները պակասել են եւ այս իշխանությունը նոր բեմականացումներ պետք է կազմակերպի, որպեսզի երկիրը կառավարելու իր անկարողությունը ստվերի եւ հասարակության ուշադրությունը շեղի: Մյուս կողմից` պատերազմի մեկամյա տարելիցն է եւ մարդիկ արդարացիորեն հարց են տալիս` վերջապես ովքե՞ր էին պատերազմում պարտության մեղավորները եւ ինչո՞ւ մինչեւ հիմա չեն պատժվել: Եւ շատերը չեն էլ խորանալու հերթական շոու-քրգործի մեջ եւ չեն հարցնելու, թե ինչպե՞ս կարող է 2011 թվականին իրականացված զենքի գնումը լինել 2020 թվականի պատերազմի պարտության պատճառը եւ եթե անորակ հրթիռներ են գնել եւ պետական միջոցներ վատնել, իսկ ինչքա՞ն միջոց է վատնվել չկրակող ՍՈՒ-երի գնման համար եւ ո՞վ է դրա մեղավորը:

Սակայն մեր հրապարակած լուրերը` Դավիթ Տոնոյանի եւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի տան խուզարկությունների եւ հավանական ձերբակալության մասին նաեւ ոմանք զարմացրել ու զայրացրել են ոմանց: Ամենածանրը տարել են Տոնոյանի ընկերներն ու մերձավորները: Քիչ առաջ մեզ հետ կապվեց նրա ընկերներից մեկը եւ վրդովված մեկնաբանեց կատարվածը:

Նա ասում է, որ պատերազմից հետո` երբ Փաշինյանն ազատեց Դավիթ Տոնոյանին, իրենք գիտեին եւ նրան զգուշացնում էին, որ իրեն քավության նոխազ են դարձնելու եւ ամենահարմար պահին Նիկոլ Փաշինյանը նրան «փուռն» է տալու` փրկելով իր կաշին:

Տոնոյանին հորդորում էին խոսել, պատմել, թե ինչ է կատարվել իշխանության ներսում` ինչպես ժամանակին խոսեցին Արթուր Վանեցյանը, Վալերի Օսիպյանը, Միքայել Համբարձումյանը: Բայց նա լռում էր եւ հավատում էր, որ սա ժամանակավոր է եւ շատ շուտով Նիկոլ Փաշինյանը կրկին իրեն կանչելու է եւ առաջարկելու է նոր պաշտոն զբաղեցնել: Տոնոյանը հավատում էր, որ ՀՀ վարչապետն անպայման «գնահատելու է իրեն», գնահատելու է իր լռությունը եւ նվիրվածությունը` երբ այսքան շատ են նրան դավաճանողները: