Ուզում ես սպորտային թվալ, տեսախցիկը փորիդ մի ուղղի

Վարչապետը առավոտը 5-ին գնում է հեծանիվ քշելու` հեծանավի վրա տեսախցիկը փակցրած, որ հետո ռիլս սարքի:
Փոխքաղաքապետը գնում ա Արաբկիր վարչական շրջան, թաղապետի հետ պտտվում են, ռիլս են նկարում, դնում ֆեյսբուք:
Գնել Սանոսյանը սթորիներ է տեղադրում Ալավերդուց, թե նայեք` ինչ գազան գործ ենք անում: Տիգրան Ավինյանը հեքիաթ է կարդում և տեսանյութ հրապարակում: Մի խոսքով` իշխանությունը ամբողջ կազմով յուրացրել է բլոգերի հաստիքը, ինչ անում են, միայն նկարելու տեղադրելու համար է արվում: Այնպիսի տպավորություն է, թե դիտումների և հավանությունների մրցավազքին են մասնակցում, կարծես վերջում շատ հետևորդ ունեցող մի բան է շահելու: էս մարդիկ գնում են աշխարհի տարբեր երկրներում Հայաստանի անունից հանդիպումների և բանակցությունների մասնակցում: Պատկերացրեք` ինչ հեգնանք ու քամահրանք են առաջացնում նման տեսանյութերը Բայդենի, Էրդողանի, Մակրոնի և Պուտինի մոտ:
Ալիևի անունը հատուկ չեմ տալիս, նա չի էլ թաքցնում իր վերաբերմունքը նման կրկեսի նկատմամբ և բազմիցս հեգնել ու ծաղրել է մեր երկրի ղեկավարին: Մարդ ուզում է արարողակարգի ղեկավարին հարցնի՝ ընկեր, դու բացատրե՞լ ես, որ այդ տեսանյութը ոչ միայն Արմավիրի մարզում ապրող Նիկոլի էլեկտորատն է նայում։ Ինքը տեղյա՞կ է, որ նման հրապարակումները միայն իր անձի մասին չեն խոսում, այլ ողջ երկիրն են ծաղրի առարկա դարձնում։ Ասել ես՝ շեֆ ջան, ուզում ես սպորտային երևաս, արի գոնե տեսախցիկը փորիդ ռակուրսից չդնենք, կամ ավելի լավ կլինի մի երկու քո ռեժիմը սպասարկող լրագրող կանչենք, թող ռեպորտաժ անեն, ֆեյսբուքում ռիլս դնելը, էն էլ առաջին դեմքի նկարած, մեզ պատիվ չի բերում, արտաքին գործընկերների մոտ խայտառակ ենք լինում: Թե էնքան արարողակարգի ղեկավար է փոխել, որ հիմա վախենում եք բերաններդ բացեք, մի խելոք խորհուրդ տաք:
Չնայած ում եմ բան պատմում, էս մարդը ՀԱՊԿ ղեկավար կազմին Գազելի մեջ սելֆի անել էր տալիս, ռիլսն ինչ է, որ չնկարի:
Ուղղակի եկեք պայմանավորվենք, որ հաջորդ մեր ղեկավարը պիտի լինի բարեկիրթ ու կայացած մարդ, ով լայքի համար երկրի հեղինակության հետ չի խաղալու, և ում խոսքից ու պահվածքից էսպիսի իսպանական ամոթ չենք զգալու:
Կարծիքներ