Առաքել Մովսիսյանի հորեղբորորդին` Ազատամարտիկների եւ վետերանների միության նախագահ Միհրան Մովսիսյանը, նոր կուսակցություն է հիմնադրում, որը կկոչվի «Արդար խոսք»: Նրա որդին` Ալբերտ Մովսիսյանը, ով «Հանրային ձայն» խմբակցության ցուցակով Երեւանի ավագանու անդամ է դարձել, չի անդամագրվել Վարդան Ղուկասյանի` Դոգ-ի ԴՕԿ կուսակցությանը։ Հայրը՝ նույնպես, որ շատ մտերիմ էր Ղուկասյանի հետ, փաստորեն, ոչ միայն չի անդամագրվել, այլեւ սեփական կուսակցությունն է բացել: Միհրան Մովսիսյանի մյուս որդին էլ կալանավայրում է` նրան դատապարտել են 12 տարվա ազատազրկման: «Հրապարակը» մի քանի հարց ուղղեց Միհրան Մովսիսյանին:
- Պարոն Մովսիսյան, մի քանի ամիս առաջ տեղեկացանք, որ Դուք նոր կուսակցություն եք բացում` «Արդար խոսք» անվանումով: Հիմնադիր համագումարը ե՞րբ եք արել, կուսակցությունն արդեն գրանցվե՞լ է։ Ասում են` իշխանության հրահանգով, նոր կուսակցությունների գրանցումն արդարադատության նախարարությունը միտումնավոր ձգձգում է:
- Մենք դեռ չենք ստացել, ստանալու դեպքում բոլորին կասենք ու կոնֆերանս կհայտարարենք: Սպասողական վիճակ է: Ինչպես գիտեք` այն կոչվելու է «Արդար խոսք»։
- Պատրաստվո՞ւմ եք մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
- Այո, ո՞նց կարող ենք չմասնակցել, կուսակցությունը, որ ստեղծվում է, ձգտում է իշխանության, նույնն էլ՝ մենք: Կլինի արտահերթ, թե հերթական, մենք մեր մասնակցությունը կունենանք, այդ ժամանակ էլ կորոշենք, թե որ կուսակցության հետ դաշինք կապենք եւ ինչ անենք: Բայց հիմա ժամանակավրեպ է այդ մասին խոսելը:
- Ձեր որդին Վարդան Ղուկասյանի թիմակիցն է` նրա ցուցակով դարձել է ավագանու անդամ, Դուք էլ մտերիմ հարաբերություններ ունեիք նրա հետ։ Ի՞նչ տեղի ունեցավ, որ որոշեցիք տարանջատվել նրանից: Ինչո՞ւ եք կապերը խզել վերջինիս հետ:
- Ինչի՞ց ելնելով եք ասում` խզվել են մեր կապերը:
- Ձեր որդին մերժել է Վարդան Ղուկասյանին՝ դառնալ ԴՕԿ կուսակցության նախագահ, այլեւս չի համագործակցում նրա հետ:
- Մենք ջերմ հարաբերությունների մեջ ենք գտնվում Վարդան Ղուկասյանի հետ` այդքան բան:
- Իսկ ինչո՞ւ հրաժարվեց դառնալ ԴՕԿ կուսակցության նախագահը: Եթե այդքան ջերմ հարաբերությունների մեջ եք, միանայիք նրան, միասին ընտրություններին մասնակցեիք:
- Այո, նա էլ է կուսակցություն բացել, բայց մերն ուրիշ է, նրանը` ուրիշ: Մենք կուսակցական առումով առնչություն չունենք: Իսկ ինչ վերաբերում է մեր հարաբերություններին, մենք բարեկամական ջերմ հարաբերությունների մեջ ենք, ընդհանուր առմամբ:
- Ձեր «Արդար խոսք»-ն ընդդիմադի՞ր կուսակցություն է լինելու:
- Միանշանակ:
- Իսկ ինչո՞ւ են Պետռեգիստրում կուսակցության գրանցումն այսքան ձգձգում:
- Դե, հիմա արձակուրդային սեզոն է, ծանրաբեռնված են, կլինի` մենք ոչինչ չունենք շտապելու, հենց լինի, տեղյակ կպահենք բոլորին:
- Ովքե՞ր են ներգրավված կուսակցության շարքերում:
- Շատ-շատերն են ներգրավված, բայց Ձեր իմացած մարդիկ, կարկառուն դեմքեր չկան, կան հայրենասերներ, ազատամարտիկներ, տնտեսագետներ, գործող դասախոսներ կան արդեն մեր կողքին, որոնք աշխատում են տարբեր համալսարաններում:
- Խնդրում եմ մի քանի անուն նշել:
- Հիմա չեմ ուզում անուններ տալ, հետագայում կաշխատենք՝ կտեսնեք: Անուն հիմա տամ, ո՞ր ինչ:
- Որ հասարակությունն իմանա` ովքեր են լինելու նոր կուսակցության շարքերում:
- Հասարակությունը կիմանա, մենք հասարակությունից թաքուն գործողություններ չենք կազմակերպելու: