Պոմպեոն Թուրքիային մեղադրել է ՆԱՏՕ-ն խարխլելու մեջ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում գործողությունների պատճառով

Պոմպեոն Թուրքիային մեղադրել է ՆԱՏՕ-ն խարխլելու մեջ,  այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում գործողությունների պատճառով

ԱՄՆ պետական քարտուղար Մայք Պոմպեոն ՆԱՏՕ արտգործնախարարների հետ հանդիպմանը շեշտել է, որ Թուրքիան գործում է Դաշինքի սկզբունքների և գործունեության դեմ՝ այդպիսով խարխլելով նրա համախմբվածությունը։ 

Գրում է հունական «ՍԿԱԻ» կայքը՝ հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրներին:

Մասնավորապես, աղբյուրները նշում են, որ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է Թուրքիայի սադրիչ գործողությունները Արևելյան Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում: Այնուհետև Պոմպեոն ասել է, որ «Ս-400» հակաօդային համակարգի ձեռքբերումը «նվեր է Ռուսաստանին» ՆԱՏՕ-ի դաշնակիցից։

Ըստ նույն ​​աղբյուրների՝ ԱՄՆ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը եզրակացրել է, որ պետք է վերագործարկել հոկտեմբերին Անկարայի և Աթենքի միջև կնքված դեէսկալացման գործիքակազմը, որը Թուրքիայի պատճառով չի աշխատում:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ բազմիցս խոսվել է Ադրբեջանին Թուրքիայի աջակցության մասին, այդ թվում՝ սիրիացի ահաբեկիչների ներգրավման միջոցով։