Տարվո՞ւմ են ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև գաղտնի բանակցություններ․ ԱԳՆ-ն հղում է անում կառավարության ծրագրին

Տարվո՞ւմ են ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև գաղտնի բանակցություններ․ ԱԳՆ-ն հղում է անում կառավարության ծրագրին

Ռուսաստանյան «Лента.ру»-ն այսօր հանդես է եկել ուշագրավ մի հրապարակմամբ այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայումս տարվում են գաղտնի բանակցություններ՝ Լեռնային Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ։

Նշվում է նաև, որ հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը երկար տարիներ դոփում էր տեղում, իսկ 2016-ին գործը հասավ ռազմական գործողությունների վերսկսմանը։ «Թեպետ այսօր փոխադարձ կրակահերթերին փոխարինելու է եկել հարաբերական անդորրը, իսկ ագրեսիվ հռետորաբանությունը փոխարինվել է առավել մեղմ հայտարարություններով։ Հնարավոր է՝ կողմերից մեկի մոտ հայտնվել են հիմնավոր փաստարկներ և կամ կողմերից մեկը որոշել է գնալ զիջումների։ Հնարավոր է նաև՝ կողմերը, վերջապես, հասունացել են այս հակամարտությունը վերջնականապես ու մեկընդընդմիշտ կարգավորելու համար, քանի դեռ Կովկասում չի բռնկվել հերթական պատերազմը »,-գրված է լրատվամիջոցի անստորագիր անդրադարձում։

Hraparak.am-ն այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանից, որն այս առնչությամբ ասաց․ «Բազմիցս ենք հայտարարել ,որ Հայաստանը հանձնառու է ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը բացառապես Մինսկի Խմբի համանախագահության հովանու ներքո։ Սա ամրագրված է նաև Հայաստանի կառավարության ծրագրում»։

ՀՀ ԱԳՆ խոսնակի այս պատասխանից այնքան էլ ակնհայտ չէ՝ հերքու՞մ է ԱԳՆ-ն գաղտնի բանակցությունների հնարավորությունը, քանի որ այլ՝ ճշգրտող հարցերի խոսնակը չպատախանեց՝ նշելով, որ այնքան էլ ճիշտ չի համարում անանուն աղբյուրի ասածների հիման վրա դրանից ավել մեկնաբանություններ անել։