Անձայն նիստ եւ անիմաստ սաբոտաժ 

Անձայն նիստ եւ անիմաստ սաբոտաժ 

Այսօր իշխանությունը տապալեց ընդդիմության առաջարկը` արտահերթ նիստ անելու եւ «Սահմանագծման եւ սահմանազատման մասին» հայտարարություն ընդունելու համար, որտեղ ամրագրված են մեր դիրքորոշումն այս հարցերի հետ կապված: Քանի որ օրենքով չեն կարող արգելել ընդդիմությանը` արտահերթ նիստ հրավիրել, իշխանությունն անգամ չի բարեհաճում ներկայանալ այդ նիստերին եւ, ասենք, ելույթներ ունենալ եւ հիմնավորել իրենց տեսակետը, թե ինչու չեն կարող նման հայտարարություն ընդունել: Կամ` ասենք, դեմ քվեարկել հայտարարությանը, եթե կարծում են, որ այն վնասակար է կամ վտանգավոր: 

Թեեւ անշուշտ ճիշտ հակառակն է` վնասակարն այս պասիվ ու հակապետական պահվածքն է, որ դրսեւորում է իշխանությունը: Եւ կարող ենք ենթադրել, որ այդ հայտարարությունը Քաղպայմանագիրը մերժեց հայտարարության մեջ տեղ գտած այս մտքերի համար. 

«Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության կառավարությունից պահանջում է. 

ա) Զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնությունից, որը կխախտի Սահմանադրությունը,  Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում ամրագրված  հայ ժողովրդի հավաքական կամքը:
բ) Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանագծման և սահմանազատման հարցում չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են չեղարկել Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքորոշման իրավունքի երաշխավորված իրացումը, այդ թվում  որպես անկախ սուբյեկտ ձևավորվելու  օրինական փաստը։
գ) Պետության անվտանգության ազգային և միջազգային երաշխիքների ամրապնդման նպատակով զարկ տալ բանակի վերականգմանն եւ սահմանների կահավորմանը, հստակեցնել և կատարելագործել ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները»:

Եթե դու պետության եւ ազգի շահերին դեմ փաստաթուղթ չես ստորագրելու եւ ժողովրդի թիկունքում գաղտագողի դավաճանական քայլեր չես անելու, ինչո՞ւ ես արգելում, որ քո օրենսդիր մարմնում հայտնված ՔՊ-ականները մասնակցեն այս նիստին եւ ստորագրեն այս փաստաթղթի տակ:

Դե իսկ ԱԺ ՔՊ-ականներն էլ ինչո՞ւ իրենց նեղություն տան` երկու էջանոց տեքստ կարդան կամ պատրաստվեն` ելույթ ունենան, հարցեր տան: Ավելի հեշտ է կացնային մեթոդով ուղղակի չներկայանալ նիստին, արհամարհելով ՀՀ Սահմանադրությունը, ընդդիմությանն ու ընտրողին: 
Եւ այսօրվա նիստն ընդամենը 5 րոպե է տեւել` անգամ ԱԺ նախագահն ու փոխնախագահ Ռուբինյանը չէին ներկայացել: Նիստը բացեց մյուս փոխնախագահը` Հակոբ Արշակյանը, քվեարկություն հայտարարեց եւ փակեց:

Բայց ամենազավեշտալին այն է, որ խորհրդարանի կայքում` նիստի ուղիղ հեռարձակում բաժնում ընթացող այսօրվա նիստն անձայն էր` պատկերը կար, ձայնը չկար: 

Ասել է, թե` փնթիությունն ու անկառավարելի վիճակն ամենուր է: Պետական կառույցները դադարել են նորմալ աշխատել եւ իշխանությունն էլ իր խելքն ու միտքը ծախսում է միայն սաբոտաժ եւ հետապնդումներ կազմակերպելու, կառույցները` բարեփոխումների անվան տակ քանդելու, գործող պաշտոնյաների փոխարեն յուրայիններ նշանակելու վրա: Մի խոսքով` ապակառուցողական ու քանդիչ գործունեություն ամեն տեղ: Եւ անգամ տարրական հարցերում չեն կարողանում բնականոն աշխատանք ապահովել: