«Հրապարակ». Եթե չի կարողանում կարգավորել ԶՈՒ-ն, ի՞նչ կարող է անել բնապահպանության ոլորտում

«Հրապարակ». Եթե չի կարողանում կարգավորել ԶՈՒ-ն, ի՞նչ կարող է անել բնապահպանության ոլորտում

Վերջին տարիներին թշնամի Ադրբեջանը ոչ միայն Հայաստանին սպառնում է ռազմական գործողություններով, էթնիկ զտումներով, շրջափակմամբ ու սովամահության մատնելու հեռանկարով, այլեւ փորձում է տնտեսական վնասներ տալ, արգելել Արցախում ու Հայաստանում արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, հանքարդյունաբերությանը: Նախ, Արցախի հանքերը փակել տվեցին, ապա Սոթքի աշխատանքը դադարեցրին, հետո կրակոցներով կասեցրին Երասխում հայ-ամերիկյան գործարանի կառուցմանը, հիմա էլ որոշել են ողջ հանքարդյունաբերությունը կանգնեցնել: Եվ եթե Հայաստանի օրվա իշխանությունները ոչ մի ձեւով չեն կարողանում ո՛չ ագրեսորի քայլերը պատշաճ ներկայացնել միջազգային հանրությանը, ո՛չ հակընդդեմ քայլեր են անում` կանխելու նրա ագրեսիան ու ագրեսիվ հռետորաբանությունը, ընդամենը կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ թղթից մի տեքստ է կարդում, որն օդում կրակված դատարկ խոսքեր են, ապա թշնամի պետությունը գործում է ճիշտ հակառակ ձեւով` գործնական, արդյունավետ եւ մտածված քայլերով:

Երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին օրերին աղմուկ հանած բաց նամակին, որ ադրբեջանցի «էկոլոգները» հղել էին իրեն: Նա ասաց. «Ադրբեջանի «բնապահպանական» ակտիվությունը, այնուամենայնիվ, շարունակվում է, եւ հիմա էլ այդ երկիրը փորձում է Հայաստանին բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել պաշտոնական եւ ոչ պաշտոնական մակարդակով: Ընդ որում, սրա համար Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում է հանգամանքներ, որոնք մտացածին են, մատնանշում է որոշումներ, որոնք բոլորովին ուրիշ բանի մասին են, հիշատակում է կոնվենցիաներ, որոնք վերաբերելի չեն: Հայաստանի պետական եւ մասնավոր հատվածի կազմակերպությունները, իհարկե, հատ-հատ ի ցույց են դնում եւ կշարունակեն ի ցույց դնել Ադրբեջանի մեղադրանքների մտացածին լինելը»:

Այս մասին մենք զրուցել ենք բնապահպան Հակոբ Սանասարյանի հետ:

- Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է տարածաշրջանային էկոլոգիական վիճակը վտանգելու համար: Նավթ արտադրող բռնապետական պետությունում, պարզվում է, էկոլոգիական խնդիրներ չկան, նման խնդիրներ առաջացնում են հայկական հանքարդյունահանողները: Եվ ՀՀ վարչապետի հիմնական հակափաստարկն այն է, որ այդ հանքերից մի քանիսի մասին Հայաստանն առաջին անգամ է լսում` դրանք գոյություն չունեն: Իսկ ադրբեջանցի բնապահպաններն արդեն տարբեր միջազգային կառույցների են դիմում, թե Հայաստանը լուրջ բնապահպանական վնասներ է հասցնում հարեւան պետություններին: Ի՞նչ կարող է անել այս պարագայում Հայաստանը: Ինչպե՞ս հակադրվել:

- Իսկ ի՞նչ կարծիք ունի այդ մասին Նիկոլ Փաշինյանը: Հայտարարելուց բացի ի՞նչ է պատրաստվում անել: Ես թքած ունեմ այն բոլոր միջազգային կազմակերպությունների վրա, որոնց դիմում է Ադրբեջանը: Դրանք ինձ համար գոյություն չունեն: Ադրբեջանցի բնապահպան կոչվածները, որոնք դիմում են այդ կառույցներին, բոլորովին էլ բնապահպաններ չեն: Դրանք Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ են: Ադրբեջանը մեկ նպատակ ունի` Հայաստանը բնաջնջել: Եթե իսկապես նրա մտահոգությունը լիներ բնապահպանությունը, գուցե ինչ-որ կերպ ընկալվեր, սակայն որեւէ հարց չկա բնապահպանությանը վերաբերող, պարզապես ցանկանում են հայ ժողովրդին ոչնչացնել: Ադրբեջանի նախագահը ճիշտ կանի՝ իր աղտոտված երկրի մասին մտածի: Դրանք թշվառ լակոտներ են, ի՞նչ բնապահպաններ: Ադրբեջան պետությունը, ի տարբերություն Հայաստանի, ղեկավար ունի, ունի նաեւ հատուկ դաստիարակված ժողովուրդ, որը նպատակ ունի վերացնել հայ մարդուն:

- Ի՞նչ պետք է անի Հայաստանը:

- Հայաստանն ունի դավաճան ղեկավար, որը թշնամի է: Ժողովուրդն էլ, ներողություն, բայց ոչխարի պես խոնարհ հանդուրժում է դրան: Ցավալի է, սակայն ճշմարիտ. ո՞վ է տեսել՝ 7 ամիս շրջափակեն երկրիդ մի մասը, մարդկանց զրկեն ամեն ինչից, եւ ժողովուրդդ լռի, ձեռքերը ծալած նստի: Հանգիստ երգում-պարում են, անջատված են լրիվ: Դրա համար էլ Հայաստանում այս վիճակն է: Հայաստանը Նիկոլ Փաշինյանին պետք է աղբանոցը նետի, եթե ուզում ենք առաջընթաց ունենալ: Եթե մի մարդ չի կարողանում կարգավորել զինված ուժերը, նա ի՞նչ կարող է անել բնապահպանության ոլորտում:

- Իսկ բնապահպաններն անելիք ունե՞ն այսօր: Ինչո՞ւ էին առաջ պայքարում, իսկ հիմա` ոչ:

- Ի՞նչ պետք է անեն բնապահպանները: Ի՞նչ կարող են անել: Պատկերացրեք՝ Դուք էլ եք բնապահպան, սա ռազմաքաղաքական հարց է, ի՞նչ անեն նրանք, թեպետ չեմ արդարացնում ոչ մեկին: