Սերժի Վաչոն կմնա ազատության մեջ․ դատարանը մերժել է դատախազության բողոքը

Սերժի Վաչոն կմնա ազատության մեջ․ դատարանը մերժել է դատախազության բողոքը

Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով ազատելու դատարանի որոշման դեմ դատախազության կողմից ներկայացված բողոքը:

Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը։ Հարցին, թե իր պաշտպանյալը դատարանում ելույթ ունեցե՞լ է, ի՞նչ դիրքորոշում է հայտնել, նա նշեց․ «Ցավոք ես չեմ մասնակցել, տեղյակ եմ, որ որևէ բան չի հայտարարել։ Իր դիրքորոշումն է, որ ազատությունից զրկելու խափանման միջոցը տեղին չէ»։

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման համար, այսինքն՝ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները: Վաչագան Ղազարյանը կալանավորվել էր հունիսի 28-ին, սակայն հուլիսի 24-ին 1 մլրդ դրամ գրավը մուծելուց հետո ազատ էր արձակվել։ Դրանից հետո դատարանի որոշմամբ կրկին կալանավորվել էր, ապա գրավի դիմաց նորից ազատ արձակվել։