Կալանքի գործերն անձամբ Փաշինյանն է կառավարում

Կալանքի գործերն անձամբ Փաշինյանն է կառավարում

Վերաքննիչ քրեական դատարանում՝ տխրահռչակ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, երեկ քննվում էր Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը։ Փարամազյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավորին։ Նրանք պնդում են, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչպես է գործը մակագրվել հենց դատավոր Դանիելյանին, ով իշխանությունների հնազանդ կամակատարն է։ Եվ պատահական չեն համարում, որ օրեր առաջ ԱԱԾ-ն վերաքննիչի համակարգիչներն է առգրավել եւ գործերի մակագրման հետ կապված ինչ-որ գործ է քննում՝ նախկինների դեմ կալանքի միջնորդությունները իբրեւ թե ինչ-որ անձանց կողմից ուղղորդվելու կապակցությամբ։

Նպատակը հասկանալի է՝ վախեցնել դատավորներին, որ իշխանական հրահանգները՝ ապօրինի կալանքներ տալու իմաստով, անվերապահորեն կատարվեն, եւ Նիկոլ Փաշինյանի մատնանշած անձանց անպայման բանտ ուղարկեն։ Համակարգիչների բացակայության պատճառով Փարամազյանի գործը ոչ թե համակարգչով է մակագրվել, այլ նախագահի կողմից, եւ պարզ է նպատակը՝ Դանիելյանը կմերժի պաշտպանների բողոքը։ Արմեն Դանիելյանը երեկ մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը եւ կշարունակի քննել բողոքը։ Պաշտպանները, ինչպես նախապես հայտարարել էին, այլեւեւս չեն մասնակցի բողոքի քննությանը։