ՍԴ դատավորներից փորձում են ազատվել՝ նրանց օրինական շանտաժի ենթարկելով

ՍԴ դատավորներից փորձում են ազատվել՝ նրանց օրինական շանտաժի ենթարկելով

Արդարադատության նախարարությունն իր «սեւագրությունների» կայքում՝ e-draft.am-ում, տեղադրել է տարբեր օրենքներում փոփոխությունների փաթեթի նախագիծ, որը, կարելի է ասել, այն «վեթթինգի» նախագիծն է, որը խոստացել էին նոր իշխանությունները։ Պարզապես հիմա  այլ անուն է կրում, քանզի վեթթինգից՝ որպես այդպիսին, նրանք հրաժարվեցին։ Հիմա այն որոշել են անվանել դատավորների բարեվարքության կանոնների նախագիծ կամ նման մի բան։ Սա մի փաթեթ է, որտեղ փոփոխություններ են նախատեսվում ՀՀ դատական օրենսգրքում, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», «Հանրային ծառայության մասին», «Սահմանադրական դատարանի մասին», «Բանկային գաղտնիքի մասին» եւ մի շարք այլ օրենքներում։ Փաթեթում կան դրույթներ, որոնք արդեն իսկ աղմուկ են բարձրացրել ոչ իշխանական իրավաբանների շրջանում։

Մասնավորապես, ամենաքննարկվող ու քննադատվող փոփոխություններից մեկը վերաբերում է Սահմանադրական դատարանին։ Արդարադատության նախարարության իրավաբանության «գուրուները», հավանաբար, փորձելով կյանքի գնով կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվերը՝ ազատվել ՍԴ գործող նախագահից ու դատավորներից, գրել են մի նախագիծ, որը կարելի է անվանել ՍԴ դատավորների հանդեպ «կաշառքի եւ շանտաժի» նախագիծ։ Նիկոլ Փաշինյանի թիմը որոշել է նախկինների օրոք գործող բոլոր արատավոր երեւույթները լեգիտիմացնել՝ դրանք օժտելով օրենքի ուժով։

Ահավասիկ՝ 7-րդ հոդվածի Անցումային եւ եզրափակիչ դրույթների առաջին կետը, որով սահմանվում է․ «2019 թվականի օգոստոսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ, անկախ տարիքից, պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները եւ սոցիալական երաշխիքները, մինչեւ իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի։ Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում է օրենքով դատավորի համար նախատեսված կենսաթոշակ»։

Սա ՍԴ դատավորներին կաշառելու հոդվածն է, որին փոխլրացնելու է գալիս «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասը․ «Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու դեպքում դատավորի լիազորությունները կասեցվում են մինչեւ քրեական գործով վարույթի ավարտը։  Դատավորի լիազորությունների կասեցման ընթացքում դատավորը շարունակում է ստանալ իր վարձատրությունը»։ Սա էլ «շանտաժի» հոդվածն է, որով հասկացնում են, որ եթե ՍԴ դատավորները չհամաձայնեն վերեւի կետին ու մինչեւ սույն թվականի հոկտեմբերի 31-ը հրաժարական չտան, նրանց նկատմամբ կհարուցվի քրեական գործ, եւ նրանք կզրկվեն ամեն ինչից՝ ունենալով սոսկ իրենց խղճուկ վարձատրությունը՝ գումարած քրեական հետապնդում, օրինակ՝ մեղադրվել «խանութից պեչենի գողանալու» հատկանիշներով եւ դատապարտվել ազատազրկման իշխանությունների կամքին հակառակ գնալու համար։

Սրանով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է օրենսդրական հիմք ստեղծել՝ «խաղաղ ճանապարհով» ազատվելու Հրայր Թովմասյանից ու նրա ղեկավարած ՍԴ ներկայիս կազմից, եւ ձեւավորել սեփական Սահմանադրական դատարանը՝ Վահե Գրիգորյանով ու յուրային անդամներով։ Ի դեպ, այս նախագծով ակամա նաեւ վերջ է դրվում «ՍԴ դատավոր-անդամ» եզրույթների վերաբերյալ բանավեճին, որը հարուցել էր ՍԴ ինքնահռչակ «նախագահ» Վահե Գրիգորյանը՝ իր «խորը մասնագիտական» նամակով, որը, փաստորեն, դարձյալ կեղծ օրակարգ էր։

Սահմանադրական դատարանի ներկայիս անդամ եւ դատավոր Ալվինա Գյուլումյանն արդարադատության նախարարության մոգոնած «կաշառքի» եւ «շանտաժի» հոդվածների վերաբերյալ ասաց․ «Կոնկրետ ինձ կաշառել երբեք ոչ մեկին չի հաջողվել։ Ես պարզ ճակատով ու հանգիստ կարող եմ դա ասել»։ Բայց այս նախագծով ոչ միայն կաշառելու, այլեւ շանտաժի ենթարկելու փորձ է արվում կարծես, որ եթե հրաժարական տաք, լավ կլինի, իսկ եթե չտաք, քրգործ կհարուցվի։ Տիկին Գյուլումյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ անհիմն քրեական գործ հարուցելու դեպքում, համենայնդեպս, լրագրողական համայնքը մեզ կպաշտպանի»։ Այդուհանդերձ, եթե այս օրենքն ընդունվի, ինքը պատրա՞ստ է 7-րդ հոդվածի գայթակղությանը տրվելով՝ մինչեւ 2019 թ․ հոկտեմբերի 1-ը հրաժարական տալ, Ալվինա Գյուլումյանն ասաց․ «Ոչ, ես պատասխանեցի, որ ես որեւէ գայթակղության երբեւէ չեմ ենթարկվելու ու չեմ կարծում, որ երբ հասել ես ինչ-որ բարձունքների, դրանից հետո կարող ես էնպիսի չմտածված քայլ անել, որը քեզ վարկաբեկի»։ Այդ դեպքում ո՞րն է նման նախագծի նպատակը, արդյոք սա միտո՞ւմ է՝ ազատվելու իրենցից։ «Դե, միգուցե ոչ այնքան մեզանից ազատվելու, որքան նոր դատարան ունենալու»,- ասաց տիկին Գյուլումյանը՝ հույս հայտնելով, որ բանականությունը կգերակայի, եւ մարդիկ կառաջնորդվեն ըստ արժանիքների անհատական մոտեցումներով։ Ի դեպ, ՍԴ-ի մասին այս օրենքը սահմանադրական օրենք է, եւ հենց ՍԴ-ն պետք է եզրակացություն տա սրա վերաբերյալ։

Արդարադատության նորանշանակ փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը վերոնշյալ օրենքի՝ «կաշառքի» հոդվածով ասաց, որ դա միջազգային տերմինոլոգիայով ասած՝ կոչվում է early retirement scheme։ Դա հայերեն կարելի է ասել՝ վաղ կենսաթոշակի անցման  համակարգ, որը նախատեսված է տարբեր երկրների օրենսդրությամբ։ Ինչ վերաբերում է դրա նպատակին, ապա, ըստ փոխնախարարի, ուղղված է նոր Սահմանադրությամբ նախատեսված ՍԴ դատավորների ընտրման եւ ՍԴ կազմավորման նոր մոդելի կիրառման ապահովմանը։ «Այսինքն, եթե նոր Սահմանադրությունը նախատեսել է որոշակի ընթացակարգեր եւ նախատեսել է որոշակի չափանիշներ ՍԴ դատավորների համար, ապա սրանով խթանվում է, որ կազմավորվի Սահմանադրական դատարանը նոր Սահմանադրությամբ սահմանված մոդելի շրջանակներում»,- ասաց նա։

Այսինքն, նպատակը հասկանալի է։ Ինչ վերաբերում է «շանտաժի» հոդվածին, փոխնախարարն այսպես մեկնաբանեց. «Նախագծում այդ հոդվածի շարադրումը զուտ նպատակ է ունեցել այժմ առկա օրենսդրությամբ սահմանված բացը լրացնել։ Որեւէ Ձեր նշած ակնարկի մասին խոսք չի կարող գնալ, որովհետեւ ներկայիս օրենսդրությամբ դատական օրենսգրքով այլ դատարանի դատավորների համար սահմանված է հենց այդ դրույթը՝ 165 հոդվածն է։ Այսինքն, եթե քրեական հետապնդում է հարուցվում նույնիսկ ոչ իր լիազորությունների հետ կապված դեպքերով այլ դատարանի դատավորների համար, դատավորի լիազորությունները կասեցվում են։ Թե ինչպես ՍԴ դատավորի նկատմամբ պետք է այս նորմը կիրառվեր, ՍԴ-ի մասին օրենքում լրացված չէ»։