Արթուր Վանեցյանի դեմ հետապնդումները նոր փուլ են մտնում

Արթուր Վանեցյանի դեմ հետապնդումները նոր փուլ են մտնում

Անցած շաբաթ ԱԱԾ-ում քրեական գործի նյութեր էին նախապատրաստում իրենց նախկին տնօրենի՝ Արթուր Վանեցյանի նկատմամբ։ Նրան հրավիրեցին հարցաքննության, ապա ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ Վանեցյանը պաշտոնի չարաշահում է կատարել․ «Պարզվել է, որ փոխգնդապետի զինվորական կոչումով, նախկինում ծառայությունից արձակված անձը դիմել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենին՝ զինվորական ծառայության կրկին անցնելու խնդրանքով, և այդ պահին արդեն իսկ լրացել էր նրա 51-ամյակը, ինչից ելնելով, ՀՀ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայության համար սահմանված է հետևյալ տարիքային սահմանափակումը՝ փոխգնդապետի համար 50 տարեկանը։ Նկատի ունենալով, որ ծառայողական քննության շրջանակներում ձեռք են բերվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ առերևույթ փաստական տվյալներ՝ ուստի ծառայողական քննության նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար»: 

Այս հաղորդագրությունն արդեն վկայում էր այն մասին, որ իշխանությունը  ձվի մեջ մազ է փնտրում՝ ամեն գնով Վանեցյանի դեմ քրեական գործ հարուցելու համար։ Սակայն, ըստ ամենայնի, աղմուկը, որը հաջորդեց այս հաղորդագրությանը, ինչ որ չափով սթափեցրեց ԱԱԾ-ին՝ հասկացան, որ այս գործը հեռանկար չունի եւ, մեր տեղեկություններով, արդեն հրաժարվել են դրանից։ Սակայն Նիկոլ Փաշինյանը «վճռական» է տրամադրված՝ նա՝ իր շնորհիվ ԱԱԾ տնօրենի բարձր պաշտոնին հայտնված Արգիշտի Քյարամյանին հիշեցրել է, որ հենց այնպես չի նշանակվել այդտեղ, որ պարտավոր է իր հրահանգները սրբորեն կատարել եւ հնարավոր կարճ ժամկետում, իսկ օրվա հրահանգը Վանեցյանի դեմ քրեական գործ հարուցելն ու կալանավորելն է։ Ու ԱԱԾ-ում նոր գործընթաց է սկսվել։

Մենք 2 օր առաջ գրել էինք, որ ԱԱԾ-ում հիմա էլ փորձում են Արթուր Վանեցյանին մեղադրանք առաջադրել ապօրինի զենք ունենալու համար, սակայն ամբողջ զավեշտն այն է, որ այդ զենքը ոչ թե Վանեցյանի մոտ է՝ իր տանը կամ գրասենյակում, այլ ԱԱԾ զինանոցում։ Այս օպերացիան գլխավորում է կոռուպցիայի դեմ պայքարի դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանը, ում խոստացել են ԱԱԾ-ի տնօրենի տեղակալի պաշտոնը, եթե Վանեցյանին նստացնելու գործը հասցնի ավարտին։ 

ԱԱԾ մեր աղբյուրները հայտնել էին, որ ԱԱԾ սպառազինության բաժնի զինանոցն է ստուգվել եւ հայտնաբերվել են ապօրինի զենքեր, որոնք գրանցված, օրինական զենքեր չեն։ Ի դեպ, ԱԱԾ-ում միշտ էլ մեծ քանակի նման զենք է եղել՝ 90-ականներից սկսած։ Բայց մի նրբություն կա․ այս զենքերի ծագումն անհայտ է, այսինքն՝ անօրինական են, սակայն դրանք բոլորը գրանցված են ԱԱԾ գրանցամատյանում, այսինքն՝ հաշվառված զենքեր են եւ պարբերաբար ուղարկվել են սահման՝ բանակ։ Անհասկանալի է, թե ում մտահղացումն է այդ զենքերը դարձնել քրեական գործի հիմք եւ «կոտրել» Վանեցյանի վրա։ 

Մենք գրել էինք, որ ԱԱԾ Սպառազինության բաժնի պետ Արտակ Թորոսյանին են ձերբակալել եւ ստիպել են ցուցմունք տալ, թե հայտնաբերված զենքերը պատկանում են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։ Թորոսյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց։ Եւ քանի որ Թորոսյանի կինն էլ է աշխատում ԱԱԾ-ում, սկսել են ճնշումներ գործադրել նրա նկատմամբ։ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետն ու Միքայել Համբարձումյանը հարցաքննության են կանչել սպառազինության բաժնի պետի կնոջը եւ մինչեւ կեսգիշեր պահել են, հորդորել են՝ համոզի, որ ամուսինը ցուցմունքներ տալ Արթուր Վանեցյանի, հակառակ դեպքում՝ «Ամուսնուդ կնստացնենք, քեզ էլ գործից կհանենք ու երեք անչափահաս երեխաներդ սովից կմեռնեն»։ Մեր տեղեկություններով, կինը փորձել է համոզել, սակայն Արտակ Թորոսյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։

Ի դեպ, մեզ ասացին, որ նա 90-ականներին Վազգեն Սարգսյանի կոչով ռազմաճակատ գնացած 500 մահապարտներից մեկն է։

Այսօր լրանում է ԱԱԾ սպառազինության բաժնի պետի ձերբակալման 72 ժամը։ Եւ չնայած նա ցուցմունք չի տալիս եւ նրա մեղքն էլ հասկանալի չէ, թե ինչում է ու գործի քննությունը մտել է փակուղի, սակայն մտադիր են կալանքի սանկցիայի համար դիմել դատարան։ 

Ավելին, նոր «զոհ» են գտել՝ փորձում են ինչ որ բան սարքել ԱԱԾ տնօրենի տնտեսական գծով տեղակալ Արամ Հակոբյանի գլխին։ Նրան եւս ուզում են մեղադրանք առաջադրել և ձերբակալել, հույսով, որ գոնե նա ցուցմունք կտա Վանեցյանի դեմ։

Մեր աղբյուրը՝ ԱԱԾ-ից ասում է, որ երբեք Ազգային անվտանգության ծառայությունում նման բեսպրեդել չի եղել, որ օրենքը դրվի մի կողմ եւ ամեն գնով գործ հարուցվի հենց իրենց աշխատակիցների կամ նախկին ղեկավարների նկատմամբ։ ԱԱԾ-ում բունտ է հասունանում։