Ինչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը «Ալլուրիա» գինու հետ

Ինչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը «Ալլուրիա» գինու հետ

Հուլիսի 26-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արմավիրի մարզ՝ «ծանոթանալու 2023 թվականին իրականացվող և ներկայումս ընթացքի մեջ գտնվող  ծրագրերին»: Այդ այցի շրջանակում նա եղել է նաեւ «Ագրո Մենեջմենթ» ընկերությունում` ծանոթացել այս ընկերության ներդրումային ծրագրերին՝ խաղողի այգիներ, գինու արտադրություն, զբոսաշրջություն և ջերմոցային տնտեսություն: 

Կառավարությունից ստացված հաղորդագրության մեջ գրված է. «Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 1 մլրդ դրամ է: Ընկերությունն օգտվել է ինտենսիվ այգեգործության, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության,  գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության և գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերից։ Արդյունքում՝ հիմնվել են 5,5 հա խաղողի, 2,5 հա պտղատու ինտեսիվ այգիներ, արտադրվում են «Ալլուրիա» գինիներ (Alluria Wines)՝ հայկական էնդեմիկ խաղողի սորտերից։ Կառուցվել է «Ալլուրիա» գինու տուն՝ զբոսաշրջային միջոցառումների կազմակերպման համար։ Կառուցվել է 8400 քմ նորագույն տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսություն, որտեղ ընթացիկ տարում աճեցվում է կծու պղպեղ»։

Այսինքն, այս ծրագիրը` որպես կառավարության ղեկավարի ձեռքբերում է ներկայացվել հանրությանը: Մեզ հետաքրքրեց, թե ի՞նչ է այն իրենից ներկայացնում, երբ է մեկնարկել, ինչում է կայանում կառավարության ներդրումը կոնկրետ այս ծրագրում, որ ներառված է վարչապետի այցի մեջ եւ որպես հաշվետվություն` ներկայացվում է հանրությանը:

Բաց աղբյուրներից գտանք, որ Գեւորգ Մաչանյանի եւ նրա երեք որդիների հիմնադրած ընկերությունը գինի սկսել է արտադրել 2013 թվականից: Նրանք սերում են Արեւմտյան Հայաստանի Այլուր գյուղից: Մաչանյանների ընտանիքում բնական գինիների պատրաստման ավանդույթը փոխանցվել է սերնդեսերունդ: Ընկերության հիմնադիրը ավագին որդին է` Սամվել Մաչանյանը, ով թողել է բանկային համակարգում տեղեկատվության անվտանգության հետ կապված աշխատանքը եւ սկսել է Էջմիածնում ընտանեկան բիզնեսը զարգացնել: Արամը՝ միջնեկ եղբայրը, ֆինանսիստ է, զբաղվում է գինու մենեջմենթով եւ մարքեթինգով: Հրաչյան` կրտսերը, ՏՏ մասնագետ է, ապրում է Նյու Յորքում, բայց երբ գալիս է գինին պատրաստելու սեզոնը` երբ պետք է առանձնացնել պտուղները, տրորել խաղողը, շշալցել գինին, պիտակներ ամրացնել եւ այլն, նա ժամանում է Հայաստան եւ միանում «Alluria եղբայրությանը»: Հայրն այս ընկերության եւ գինու արտադրության գաղափարական առաջնորդն է: Այժմ «Ալլուրիա» գինին ոչ միայն Հայաստանում է լավ սպառվում, այլեւ արտերկիր է արտահանվում:

Մենք համացանցում շատ սիրուն հարցազրույցներ գտանք, որ տվել է Սամվել Մաչանյանը` սիրով ու ոգեւորությամբ պատմելով իրենց գինու, իրենց ընտանիքի եւ բիզնեսի մասին: Ներկայացրել է, թե ինչից ուր են հասել, ինչ ծրագրեր ունեն: Նրանք իրենց գինուն ռոմանտիկ անուններ են անգամ մտածել` սպիտակ ալլուրիային «գեղեցկուհի» են անվանում, կարմիրը` «անթրաշ» տղամարդկանց, դյուցազունների նախագիծ է: Սամվել Մաչանյանը նաեւ պատմում է, թե ինչպես են Արեւմտյան Հայաստանում այցելել իրենց նախնիների գյուղն, ինչ էմոցիաներ են ունեցել, ինչքան են կարեւորում ընտանիքի, հայրենիքի, հայկականության հետ կապված արժեքները:

Եւ ահա այս սիրուն, ավանդապաշտ, ակնհայտորեն աշխատասեր մարդիկ, որոնք 10 տարուց ավելի իրենց չարքաշ աշխատանքով հասել են հաջողության, այդ ընթացքում վարկեր ու դրամաշնորհներ վերցրել, որ բիզնեսը կայացնեն: Նրանք որպես հումք օգտագործվող ամեն խաղողի ողկույզն ընտրում են, որ ոչ մի վնասված խաղաղահատիկ գինին չփչացնի եւ որակյալ արտադրանք տան: Իսկ հիմա, փաստորեն, դարձել են Նիկոլ Փաշինյանի փիառի առարկան: 
Մի ընկերություն, որը գոյություն ունի 2013 թվից, կայացման լուրջ ճանապարհ է անցել, ի՞նչ կապ ունի այս իշխանությունների եւ այս կառավարության հետ: Ոչ մի կապ: Բայց իր այցելության շրջանակներում ընդգրկելով նաեւ «Ագրո Մենեջմենթ» ընկերությունը, Փաշինյանը փորձում է ներկայացնել, թե այս 1 միլիարդ դրամի ներդրումի մեջ ինքն ու իր կառավարությունը մեծ մասնակցություն ունեն, ինչը ճիշտ չէ, ազնիվ չէ, բարոյական չէ:

Արեգ Մարգարյան